«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2008-01-08 | #2, 2008-01-09 | #3, 2008-01-10


PKK-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԲՈՒՇ-ԳՅՈՒԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑ

Անկարան գոհ է իր նախագահի Միացյալ Նահանգներ կատարած այցից

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես տեղեկացրել էինք «Ազգի» նախավերջին համարում, հունվարի 9-ին Սպիտակ տանը նախագահ Ջորջ Բուշն ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեւել է շուրջ 40 րոպե, որի ավարտին նրանք ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

Նախագահ Բուշն Աբդուլլահ Գյուլի այցի առնչությամբ գոհունակություն է հայտնել, նշել է, որ անցյալում Թուրքիան եւ ԱՄՆ-ն ունեցել են շատ բարեհաջող հարաբերություններ, PKK-ն համարել է երկու երկրների ընդհանուր թշնամին, ավելացնելով. «PKK-ն նաեւ Իրաքի թշնամին է: Թուրքիան հանուն խաղաղության պետք է շարունակի նրա դեմ պայքարը»:

Նախագահ Գյուլն իր հերթին ասել է, որ Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ունեն խոր արմատներ, դրանք նույն ձեւով շարունակելու են զարգանալ նաեւ ապագայում նպաստելով աշխարհի խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը: Այնուհետեւ նա, նկատի ունենալով թուրքական զինված ուժերի ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում ընդդեմ PKK-ի, ընդգծել է. «Նախագահ Բուշի հետ հանդիպմանը վերահաստատել ենք պայքարը շարունակելու մեր վճռականությունը»:

Հանդիպման այլ մանրամասներ Աբդուլլահ Գյուլը հայտնել է հատուկ թուրք լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում: Սպիտակ տանն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները, թուրքական մամուլի տվյալներով, անդրադարձել են թուրք-ամերիկյան հարաբերություններին, որոնք Բուշը բնութագրել է որպես ռազմավարական գործակցություն, իսկ Գյուլըՙ ռազմավարական ոլորտի համագործակցություն:

Այնուհետեւ նրանք քննարկել են Իրաքի քաղաքական ճակատագրին, Քիրքուքի կարգավիճակին, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Իրանին, Սիրիային, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, Բալկաններին, Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի էներգետիկ պաշարներին, նաեւ Կիպրոսին եւ «հայկական բանաձեւերին» առնչվող խնդիրներ:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների մասին արտահայտվելիս նշել է. «Նրանք բնակչությամբ մեկ ազգ են, բայց տարբեր պետություններ»: Վերոհիշյալ խնդիրներն էությամբ բարդ եւ տարաբնույթ են: Անկախ այս հանգամանքից, դժվար չէ ենթադրել, որ 40 րոպե տեւողությամբ հանդիպմանը Բուշն ու Գյուլը հազիվ թե ի վիճակի լինեին միջազգային եւ տարածաշրջանային նշանակության ավելի քան 10 հարց քննարկելու: Հետեւաբար հանդիպման արդյունքները ցույց կտա ժամանակը:

Թուրքական մամուլը, ելնելով PKK-ի դեմ համատեղ պայքարը շարունակելու նախագահ Բուշի վճռականությունից եւ թուրք-ամերիկյան հարաբերությունները բարելավելու պատրաստակամությունից, Աբդուլլահ Գյուլի այցը Միացյալ Նահանգներ գնահատում է կառուցողական, պատմական կամ վերին աստիճանի դրական: Թուրքիայի նախագահի այցին գրեթե նույն մոտեցումն է ցուցաբերում պաշտոնական Վաշինգտոնը, ընդգծելով, որ երկու երկրների հարաբերություններն այս այցով մտնում են հունի մեջ:

Սակայն Անկարայի համար առկա է որոշակի մտավախություն, որը բխում է PKK-ի դեմ Թուրքիայի հետ համատեղ պայքարը շարունակելու դիմաց քրդական այս կազմակերպության համար երկրում քաղաքական գործունեության իրավունքի վաշինգտոնյան հնարավոր պահանջից:

Որքան էլ PKK-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական քաղաքական շրջանակներում պայմանավորվի Էրդողանի կառավարության հետեւողական, անզիջում եւ հաստատակամ քայլերով, այնուամենայնիվ, Անկարայի անդրկուլիսներում գիտակցում են, որ խնդիրը ոչ այնքան Էրդողանի կառավարությունն է, որքան ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մասնակի վերանայումը Վաշինգտոնում, ընդ որումՙ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի անմիջական միջամտությամբ:

Այսինքնՙ ի տարբերություն փոխնախագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Ռայսը նախագահ Բուշին համոզել է նախընտրել մեղմ քաղաքականություն: Թերեւս դա որեւէ լուրջ արդյունքի չի հանգեցրել: Բայց որ Հյուսիսային Իրաքի, PKK-ի եւ Քիրքուքի հարցերում արդեն ծանր կացության մեջ է դրել Իրաքի ծագումով քուրդ նախագահ Ջալալ Թալաբանիին եւ Քուրդիստան շրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիին, ակնհայտ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4