Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ Նյու Հեմփշիրի նահանգում անցկացված միջակա ընտրություններում հաղթանակի է հասել, փոքր-ինչ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցիցՙ դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայից: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, երկրի նախկին առաջին տիկինն ստացել է քվեների 39 տոկոսը, իսկ Օբամանՙ 37 տոկոսը:
Ընտրական տեղամասերում անցկացված հարցումները վկայում են, որ Հիլարի Քլինթոնն իր հաղթանակի համար պարտական է առաջին հերթին կանանց. նահանգում քվեարկելու իրավունք ունեցող կանանց 47 տոկոսը ձայն է տվել նախկին առաջին տիկնոջը, մինչդեռ Օբաման ստացել է կանանց քվեների 37 տոկոսը:
Հանրապետականների ճամբարում հաջողության է հասել սենատոր Ջոն Մաքեյնը: Նա ստացել է քվեների 37 տոկոսը, 5 տոկոսով առաջ անցնելով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիից:
Նյու Հեմփշիրի միջակա ընտրություններն ավանդաբար համարվում են ապագա նախագահական ընտրությունների յուրօրինակ փոքր տարբերակ, քանզի նահանգի բնակիչներն առանձնակի «հոտառություն» ունեն ապագա նախագահի ընտրության հարցում: Ճիշտ է, երբեմն նրանք էլ են սխալվում: 1992-ին միջակա ընտրություններում հաղթեց Փոլ Թեոնգասը, բայց նախագահ դարձավ նրա զինակից Բիլ Քլինթոնը: Իսկ 2000-ին Նյու Հեմփշիրն ընտրեց հանրապետական Ջոն Մաքեյնին, բայց ի վերջո երկրի ղեկավար դարձավ Ջորջ Բուշը:
Այսպիսով, 2008-ի նախագահական ընտրարշավի առաջատարները հայտնի են, սակայն հանրապետական Միթ Ռոմնին, դեմոկրատ Դենիս Քուսենիչը եւ մյուս թեկնածուներն առայժմ մտադիր չեն դուրս գալ խաղից եւ ուզում են պայքարը շարունակել մյուս նահանգների միջակա ընտրություններում: