Կանադայի Զորյան ինստիտուտից ստացված հունվարի 8-ի մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ 2007-ի հատկապես երկրորդ վեց ամիսների ընթացքում հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ զգալի աճ է արձանագրել Հարավային Ամերիկայի երկրներում:
«Մերկոսուր» անվամբ ճանաչված Հարավամերիկյան խորհրդարանականների կոալիցիան Մոնտեվիդեոյում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել իրագործողներին: «Մերկոսուրը», ըստ հաղորդագրության, հիմնվել է 1986-ին եւ ընդգրկում է Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի խորհրդարանականներին: Դա ամենամեծ միջկառավարական կազմակերպությունն է Հարավային Ամերիկայում: Չիլին իր հերթին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 2007-ի հունիսին:
Նոյեմբերյան այդ նույն օրերին մեկ ուրիշ համագումար է տեղի ունեցել Մոնտեվիդեոյում, «Հայոց ցեղասպանություն: Պատմություն եւ ներկա» ընդհանուր խորագրի ներքոՙ կազմակերպված Ուրուգվայի Հայ մշակույթի ասոցիացիայի, Քաղաքագիտության ինստիտուտի եւ Մարդու իրավունքների ծրագրի կողմից: Համագումարը հովանավորել են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, համալսարանը, կրթության եւ մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության նախարարությունները, Ուրուգվայի մամուլի ասոցիացիան, «Ամնեստի ինտերնեշնըլ» կազմակերպության Ուրուգվայի մասնաճյուղը եւ այդ երկրում Հայաստանի դեսպանատունը:
Զորյան ինստիտուտից այդ համագումարին մասնակցել է ճանաչված ցեղասպանագետ, ցեղասպանության ուսումնասիրությունների բաժնի տնօրեն, պրոֆ. Վահագն Տատրյանը, որն այնուհետեւ Բուենոս Այրեսում է զեկուցում կարդացել «Լուիզա Հայրապետյանի անվան հաստատության» կազմակերպված կոնֆերանսում, որտեղ բոլոր 3 հանդիսավարները եղել են Զորյան ինստիտուտի բաժանմունքիՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի» սաներ: Կոնֆերանսին ներկա են եղել համալսարանական ուսանողներ, պատմաբաններ, սոցիոլոգներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պրոֆ. Տատրյանի զեկուցումը խիստ հետաքրքրական է եղել մանավանդ այն պատճառով, որ վերոհիշյալ «Լուիզա Հայրապետյանի անվան հաստատությունը» ներկայումս փորձում է արգենտինյան իրավական դաշտում սկսել «Ճշմարտության դատավարություն» անվան տակ եզակի մի դատական պրոցես, որի միջոցով ոչ միայն բացահայտվելու են Արգենտինայում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, այլեւ անդրադարձ է լինելու Հայոց ցեղասպանությանը:
Մամուլի հաղորդագրությունը վերջում տեղեկացնում է, որ առաջիկա ապրիլին արգենտինյան «Իմագո Մունդի» հրատարակչությունը լույս է ընծայելու պրոֆ. Տատրյանի դասական դարձած «Հայոց ցեղասպանության պատմությունը» հատորի իսպաներեն թարգմանությունը: Գիրքն արդեն իսկ թարգմանված է ֆրանսերեն, իտալերեն, հունարեն եւ ռուսերեն:
Հ. Ծ.