Ասում է Տիգրան Կարապետյանը
Երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Վերջինս նշեց, որ իր թեկնածությունն իրենք համարում են այլընտրանքային այն առումով, որ առաջադրվել է ժողովրդի կողմից, ի տարբերություն մյուսների: Պրն Կարապետյանը նշեց. «Ակնկալում ենք սուր պայքար եւ ինչպես մեր երկու տասնյակ կարգախոսներն են վկայում ու դրանցից մեկը շատ հստակ է` եթե երկուստեք են պայքարում, ապա հաղթում է երրորդը»: «Ազգի» հարցին, թե ով է այդ երրորդ ուժը, Կարապետիչը նշեց. «Մենք ենք... եթե բաժանում ես ընտրակաշառք ու վերցնողներն էլ դառնում են պատանդ... այսպես այլեւս ապրել չի կարելի»: Տիգրան Կարապետիչը կարեւորեց, որ «կան օրենքներ, որոնք այսօր չեն կիրառվում, քաղաքական կամք չի ցուցաբերվում այդ ուղղությամբ, իսկ եթե ես դառնամ նախագահ, ապա մի քանի հաստատուն բաներ միանգամից կիրառվելու են, որոնցից մեկը իշխանական թեւերի տարանջատումը, միմյանց մեջ մրցակցությունն է լինելու, որոնք այսօր առկա չեն: Հաջորդը եւ կարեւորը` կաշառակերության դեմ իրական, այլ ոչ թե ձեւական պայքարն է լինելու եւ շատ ու շատ այլ հիմնահարցեր»: Կարապետիչը տեղեկացրեց, որ մարզերում մոտ 100 շտաբներ ու կառույցներ են ձեւավորվել ու իր շտաբը գործելու է Մամիկոնյանց 27 հասցեում, շտաբի պետն է Հակոբյան Կարապետը: «Ազգի» այն հարցին, թե ո՞ւմ եք տեսնում որպես ձեր հիմնական մրցակից եւ քանի՞ փուլով կընթանան ընտրությունները, պրն Կարապետյանը նշեց, որ բոլորն էլ մրցակից են եւ յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը: «Խնդիրը` կան թեկնածուներ, որոնք նույն դաշտում են ու իրենց էլեկտորատը համարում են բողոքական զանգվածը` դա ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, որոնք կհենվեն դրանց վրա, իսկ այն դաշտում, որտեղ ես եմ, ինձ մրցակից չկա: Մի բան էլ ասեմ, ես չեմ մտածում, որ Լ. Տեր-Պետրոսյանը Արեւմուտքից աջակցություն ունի, ինչպես նշում են շատերը: Եվ ոչ էլ մտածում եմ, որ նա համընդհանուր թեկնածու է` բողոքական... Դա ինչ-որ տեղ վիրավորական է, երբ համարում են, որ Լ. Տեր-Պետրոսյանը միացյալ թեկնածու է: Ինչո՞ւ, մենք թեկնածու չե՞նք: Ամեն մարդ ունի իր ընտրազանգվածը: Մյուս հարցին պատասխանեմ այսպես. Վրաստանի օրինակը գուցե կիրառելի կլինի մեզ մոտ, ես դա չեմ կարող հստակ ասել, բայց համարում եմ, որ վարակիչ դեր կխաղա: Որպես թեկնածու ես համարում եմ, որ կհաղթեմ, բայց մի քիչ ավելի իրատեսական լինելով տեսնում եմ, որ օգտագործում են նաեւ (վարչական) ներուժը»:
Քաղաքական վարկանիշին անդրադառնալով պրն Կարապետյանը նշեց. «Սոցիոլոգիան համարում եմ գիտություն ու հավատում եմ, իսկ Սուտիբեկյանին` ոչ, եւ նրա պես սոցիոլոգներ մեզ պետք չեն, թող դրա մասին մտածեն իշխանությունները»: «Իսկ թե առանց ցնցումների կանցնե՞ն ընտրությունները» «Ազգի» հարցին Կարապետիչը պատասխանեց. «Ես համարում եմ, որ իշխանությունը կձգտի մաքսիմալ թափանցիկ ու առանց խախտումների անցնեն, սակայն ինչքան էլ իշխանությունը չուզենա, Լիսկան 80 տոկոս ձայն կտա հետագա ակնկալիքով... »:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ