«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2008-01-08 | #2, 2008-01-09 | #3, 2008-01-10


«ՎԵՐԱԾՆԵԼ ՈԳԻՆ ԵՎ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ»

Հարցազրույց Զորի Բալայանի հետ

- Կուզենայի Ձեզ հետ խոսել ռուս-հայկական հարաբերությունների մասին: Մի կողմից դարավոր բարեկամության գոյության փաստն ակնհայտ է, այդ բարեկամության օրինակները շատ-շատ են: Բայց մյուս կողմից նկատվում է ժողովուրդների հարաբերությունների սառեցում: Ի՞նչ է պատահել, որտե՞ղ են արմատները եւ ի՞նչ պետք է անենք նախկին հարաբերությունները վերականգնելու համար:

- Չեմ կարծում, թե մեր ժողովուրդներին ինչ-որ անսովոր բան պատահած լինի. պարզապես մենք գործ ունենք կյանքի իրողությունների հետ: Ահա Դուք խոսում եք դարավոր բարեկամության փաստերի մասին, իհարկե, խոսքը նախահեղափոխական ժամանակների մասին է: Չպետք է մոռանալ, որ ԽՍՀՄ-ի կազմավորման առաջին իսկ օրերից ստեղծում էին, այսպես կոչված, ազգային-պետական արհեստական կազմավորումներ, գիտակցելով սահմանների իբր պայմանական բնույթը եւ բոլոր ժողովուրդների ու ազգերի իրավահավասարությունը: Նկատի առնելով, որ բոլշեւիկյան գաղափարախոսությունը միանգամից վերացրեց ամենայն հինը, այդ թվում նաեւ պատմական փաստերը, վավերագրերը, ավանդույթները, ձեռքբերումները, ոգեղենությունը, բոլոր վիճելի, նաեւ բախտորոշ հարցերը լուծվում էին ինտերնացիոնալիզմի եւ մարքսիստական մյուս դոգմաների տեսանկյունից: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ հենց հայ ժողովրդին, այստեղ մեր հարաբերություններում տեղի էին ունենում անչափ ահավոր փոխակերպումներ, որոնք բնավ կախված չէին ռուս ժողովրդից, քանզի բոլշեւիկյան իշխանությունը բացարձակապես չէր մարմնավորում ռուս ժողովրդին: Խիստ հատկանշական է իր էությամբ ակնհայտորեն հակաբնական «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կոչը: Միեւնույն ժամանակ, իրատեսությամբ հայտնի Լենինը հասկանում էր, որ անհրաժեշտ է ամեն գնով բարեկամներ ու զինակիցներ գտնել աշխարհում եւ մանավանդ մերձավոր հարեւանների մեջ: Այդ պահին հոգեվարքի մեջ ընկած Թուրքիայում հայտնվեցին առաջնորդներ, որոնք սատանայաբար առաջինը ճանաչեցին խորհրդային իշխանությունը, բարեկամություն հռչակելով Ռուսաստանի հետ: Լենինը եւ հատկապես Տրոցկին մոլեռանդորեն բռնված էին համաշխարհային հեղափոխության զառանցական գաղափարով, որը պետք է նախորդեր «հեղափոխության արտահանման» քաղաքականությանը: Եվ զոհաբերեցին Հայաստանին: Ռուսական կայսրության կազմում ընդգրկված պատմական Հայաստանի տարածքում, ի հաճույս Թուրքիայի, ստեղծեցին թուրքամետ ազգային պետական կազմավորում, ժամանակավորապես անվանելով Ադրբեջան, որն այսօր իրեն համարում է Թուրքիայի բաղկացուցիչ մասը: Ուստի Ձեր «ի՞նչ պատահեց» հարցին պետք է պատասխանել այսպես. «Պատահեց ամենաահավորը ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար»: Ահա թե ինչու ես միշտ հաստատապես հայտարարում եմ, որ չկա Ղարաբաղի խնդիր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա որեւէ խնդիր, կա խնդիր Ռուսաստանի եւ, ի ցավ իրեն, անցյալում արհեստականորեն կազմավորված ըստ էության թուրքական սոցիալիստական հանրապետության միջեւ: Եվ վաղ թե ուշ Ռուսաստանն ինքը ստիպված կլինի լուծել այդ հարցը, վերականգնելով պատմական արդարությունը:

- Ձեր պատկերացմամբ ի՞նչ է «եղբայրական ժողովուրդը»:

- Եթե այստեղ բացառենք «ավագ» կամ «կրտսեր» բնորոշումները, ապա որոշ կոնկրետ դեպքերում ես բնականորեն եմ ընկալում այդ եղբայրությունը: Մեր ժողովուրդների պատմությունը հարուստ է իսկական եղբայրության դրսեւորման օրինակներով, որի հիմքում ընկած են թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ քրիստոնեական սկզբունքները: Բավական է ասել, որ 9-րդ դարում հայերը մասնակցել են ռուս իշխանների ցարգրադյան արշավանքներին, եւ որ սուրբ իշխանուհի Օլգան Բյուզանդիայի հետ սերտ շփումներ է ունեցել այդ երկրում Բագրատունիների հայկական գահատոհմի տիրապետության տարիներին: Իսկ 955-ին նա ռուսների մեջ առաջինը քրիստոնեություն ընդունեց հենց Ցարգրադում: Մեր հիշողության մեջ թարմ են այն օրերը, երբ տոնվում էր Ռուսաստանի համար բախտորոշ մեծ իրադարձությունըՙ ուղղափառության հազարամյակը: Դա 1987-ին էր: Ռուսիայի մկրտիչը Օլգայի թոռ Վլադիմիր Սվյատոսլավովիչն էր, որը, ինչպես գրում են պատմիչները, սկզբում «աչքի էր ընկնում հեթանոսական կրոնի նկատմամբ հոգածությամբ»: Բայց ահա Ռուսիայի ապագա մկրտիչը սիրահարվեց Բյուզանդիայի թագուհունՙ ծագումով հայուհի Աննային եւ կայսրից կրքոտ կերպով պահանջեց նրա ձեռքը: Եվ ինչպես նշված է Բռոկգաուզի եւ Էֆրոնի հանրագիտարանում, կայսր Վասիլ Երկրորդը Օլգայի թոռանըՙ ռուս իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչին «համաձայնություն տվեց մկրտության պայմանով»: Անշուշտ, եթե Աստծուն հաճո լիներ Ռուսիայի ուղղափառության ուղին, ապա դա տեղի կունենար ամեն դեպքում: Ես այս դրվագը մեջբերեցի ավելի շատ ժպտալու համար, քանզի դա շատ լավ է հնչում. «Սուրբ Ռուսիայում քրիստոնեության ընդունման ոչ թե պատճառը, այլ առիթը սերն է եղել»: Իսկ ինչ վերաբերում է ռուսի եւ հայուհու սիրուն, ապա դա արդեն մանրամասնություն է: Ավելացնեմ, որ մեր ժողովուրդների եղբայրությունը դրսեւորվեց թե՛ Գյուլիստանում, թե՛ Թուրքմենչայում եւ թե՛ Սպիտակում: Ես ինքս բազմաթիվ ռուս բարեկամներ ունեմ, որոնց համարում եմ եղբայրներ: Բարեկամներ ունեմ նաեւ վրացիների, հրեաների, այլ ազգությունների ներկայացուցիչների մեջ: Այդպես է դասավորվել իմ ժողովրդի կյանը, իմ կյանքը:

- Ղարաբաղյան շարժման մասին պատմող Ձեր «Դժոխքի եւ դրախտի միջեւ» գրքում, որը, ինչպես Դուք եք նշում, մեծ մասամբ գրված է խրամատներում, Դուք վկայակոչում եք ռուս նշանավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւին, որը քննադատում է «տոլստոյականության» երեւույթը: Եվ Դուք զուգահեռ եք անցկացնում հայկական մտայնության հետ: Արդյոք կարծո՞ւմ եք, թե «չհակադրվելու» փիլիսոփայությունը վտանգավոր է բոլոր ժամանակներում:

- Այո, կարծում եմ: Ավելին, կուզենայի շնորհակալություն հայտնել այս հարցի համար: Այս թեմայով կարող եմ եւ պատրաստ եմ երկար խոսել: Առաջին հերթին Ձեր հիշատակած գրքում ես հաճախ եմ վկայակոչում ոչ միայն իմ պաշտելի Նիկոլայ Բերդյաեւին, այլեւ «Ուղենիշներ» առասպելական ժողովածուի շատ ուրիշ հեղինակների: Նրանք մեծ մարգարեներ էին, որոնք դեռ անցյալ հարյուրամյակի սկզբներին, այսինքնՙ 1917-ի հոկտեմբերից շատ առաջ, կանխատեսել էին բոլոր ահավոր չարիքները, որոնք, ավա՜ղ, պատահեցին իրականում: Ախր մենք խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում, ըստ էության, քարոզում էինք հենց այդ տոլստոյականությունը: Քանզի տոլստոյականները 19-րդ դարի 2-րդ կեսին կրոնական-ուտոպիական շարժման մասնակիցներն էին: Նրանք բացահայտորեն քարոզում էին կրոնաբարոյական ինքնակատարելագործման միջոցով հասարակությունը վերափոխելու ռուս մեծ գրողի ու փիլիսոփայի ուսմունքը: Միայն թե մեզ մոտ «կրոնական-ուտոպիականի» փոխարեն մարքս-լենինյան-ստալինյան ուսմունքն էր: Եվ ես գրքում գրել եմ, որ Ղարաբաղյան շարժումն սկսելուց առաջ մենքՙ հայերս, այլեւս նման չէինք մեր նախնիներին: Մենք այլեւս չէինք զգում իրավունքների եւ պարտականությունների անխզելի կապը: Հայը սկսել էր մանկուց (հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, կուսակցական) ընկղմվել անպատասխանատու կոլեկտիվիզմի մեջ: Հայի (ինչպես եւ բոլոր խորհրդային մարդկանց) համար, ի տարբերություն մեր պապերի, արդեն դժվար էր զգալ, որ ինքն է սեփական ճակատագրի տերը: Եվ մենք հասկանում էինք, որ հարկավոր է առաջին հերթին ձերբազատվել այդ, ես կասեի, «հայկական տոլստոյականությունից», հարկավոր է մեր մեջ սպանել նիհիլիստին եւ ստրուկին: Այլապես անհնար է ոգու վերելք ապրել, զգալ հաղթանակի համը: Եվ պատահական չէ, որ դեռ Ղարաբաղյան շարժման արշալույսին, չթաքցնելով իմ անսահման հարգանքը Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյի հանճարի նկատմամբ, եւս դիմեցի Բերդյաեւին: Քանզի չհակադրվելու փիլիսոփայությունը կտրում էր նաեւ հայ ժողովրդի թեւերը: Իմ հայրենակիցներից շատերը մինչեւ օրս չեն հասկացել, որ Հայաստանում 19-րդ դարի վերջերին քաղաքական ազգային կուսակցությունների ստեղծումը պատմական անհրաժեշտություն էր արդեն այն պատճառով, որ ճակատագիրը նրանց պարտադրել էր վերջ դնել մեր տոլստոյականությանը, ազգի թուլացմանը, վերածնել Ոգին եւ Արիությունը:

- Ուզում եմ Ձեզ հետ խոսել նաեւ գրականության մասին: Հայտնի անեկդոտի մոտիվն օգտագործելով, Դուք հաճախ Ձեզ անվանում եք «տաղանդավոր ընթերցող»: Հիմա ի՞նչ եք ընթերցում, ի՞նչ գրքեր եք ձեռք բերել վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցելության ժամանակ:

- Հուսով եմ, «տաղանդավոր ընթերցող» արտահայտությունը չեք համարել անհամեստության դրսեւորում: Սկսեմ գրախանութ կատարածս այցելությունից: Մոսկվայում է իմ բարեկամ Վիկտոր Կրիվոպուսկովը: Մեզ բարեկամներ է դարձրել ճակատագիրը, ավելի ճիշտՙ Ղարաբաղյան շարժումը: Նա ինքը գրող է, «Խռովահույզ Ղարաբաղ» փայլուն վավերագրական վիպակի հեղինակը: Նա էլ չի կարողանում անտարբեր անցնել գրախանութների կողքով: Ես եւ նա կարող ենք ժամերով կորչել որեւէ մեծ գրախանութում եւ այնտեղից դուրս գալ մի արկղ գրքերով: Ազնվորեն կասեմ, որ դրանք հիմնականում հանրագիտարանային բառարաններ են: Ասում են, այսօր ժամանակն ուրիշ է, բայց ինձ թվում է, մենք ենք ուրիշ, հատկապես իմ սերունդը: Դպրոցում 40-ական թվականներին մեզ դասավանդում էին զուտ դասական գրականություն: Ինչ վերաբերում է ժամանակակից գրականությանը, մեր ուղեցույցը ԽՄԿԿ ԿԿ պլենումն էր, որտեղ ջախջախում էին «Զվեզդա» հանդեսը, Ախմատովային, Զոշչենկոյին, կոմպոզիտորներին եւ առհասարակ ստեղծագործողներին: Նավատորմում 50-ականների կեսերին առկա էր յուրահատուկ ամենակերություն: Մոդայիկ էր ամեն ինչ. Բալզակ, Դյումա, էլ չեմ խոսում Դրայզերի «Ամերիկյան ողբերգության», «Տիտանի», «Ստոիկի», «Քույր Քերիի» մասին: Հուժկու բեկում տեղի ունեցավ կուսակցության 20-րդ համագումարից հետո: Հենց միայն «12 աթոռի» եւ «Ոսկե հորթի» վերածնունդը, առասպել դարձած երիտասարդ բանաստեղծների խմբի աներեւակայելի ժողովրդականությունը, Հեմինգուեյի եւ Ռեմարկի հետ կապված վեճերը ինչ ասես արժեին: 60-ականներին Կամչատկայում որպես բժիշկ աշխատելով, ես ուսուցիչներ ընտրեցի Չեխովին, Ջեկ Լոնդոնին, Դոստոեւսկուն:

Տասնյակ տարիներ եղել եմ «Նովոյե վրեմյայի» եւ «Ինոստրաննայա լիտերատուրայի» բաժանորդը: 70-80-ական թվականներին «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակիցն էի, ինձ համար մատչելի էին առանց բացառության բոլոր նորույթները: Եվ այդ ամենը միանգամից անէություն դարձավ: Ամեն ինչ կտրուկ, կայծակնային ձեւով, անսպասելիորեն փոխվեց: Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեցին մարդիկ, որոնք փոխ առնելով վերակառուցման տարիների համարձակությունը, սկսեցին հայհոյանքների եւ բռիության լեզվով փնովել ամեն ինչ եւ ամենքին: Այդ ժամանակ ես ծանոթներ ունեի «Ամերիկայի ձայնում», BBC-ում, «Ազատություն» ռադիոկայանում: Ասես խոսքերը մեկ անելով նրանք խմբովին ա՜խ քաշեցին, գիտակցելով, որ այլեւս զբաղմունք չունեն: Իրենց ողջ ռազմաշունչ հակախորհրդայնությամբ հանդերձ նրանք ջանում էին պահպանել բարոյագիտական նորմերը, հարգել ճշմարտությունը, հետեւել խոսքին եւ չհայհոյել: Եթե անցյալում ես Մոսկվայի գրական միջավայրում ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում, ապա հիմա ինձ համար այն դարձել է մութ անտառ: Ռուսաստանի մշակութային կյանքին հետեւում եմ միայն թերթերով, որոնք առաջվա պես բաժանորդագրվում եմ մեծ քանակությամբ: Չեմ կարող ինձ պատկերացնել առանց «Լիտգազետայի» եւ «Կոմսոմոլկայի»: Եվս մեկ բան. Ռուսաստանում հայտնվել է կին գրողների մի ամբողջ համաստեղություն: Այդ փաստն ընկալում եմ բնականորեն, սթափորեն, բայց չեմ կարողանում սիրել, թեեւ առկա է մեկ բացառությունՙ կանացի եւ խիզախ Տատյանա Տոլստոյան: Այնպես որ, կարդում եմ հիմնականում ժամանակակից հայ հեղինակներին եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է իմ աշխատանքի համար: Վերջերս ավարտվեց Եվրոպայի շուրջը «Կիլիկիա» առագաստանավով իմ եռամյա ճանապարհորդությունը, եւ ես հասցրեցի հենց նավի վրա գրել երեք մեծ հատոր: Հենց այնտեղ էլ նավարկության տարեգրության վրա աշխատելիս, կարծում եմ, հաղթահարեցի մոտ հարյուր զանազան գրքեր ու հրատարակություններ, որոնց մեծ մասը կապված էր ճանապարհորդությունների եւ հատկապես ծովագնացության, ինչպես նաեւ փիլիսոփայության եւ, իհարկե, պատմության հետ:

Ահա մի մեջբերում «Դժոխքի եւ դրախտի միջեւ» գրքից. «Անցյալում ես շատ էի սիրում լինել Մոսկվայում: Բայց հիմաՙ հետվերակառուցողական ժամանակաշրջանում Մոսկվայում լինելն ինձ համար տանջալիորեն ծանր է: Դեռ լավ է, որ այնտեղ շատ բարեկամներ կան, թե չէ ինչպե՞ս դիմանանք շուկայական դարաշրջանի մոսկովյան մթնոլորտին: Գուցե հետագայում ամեն ինչ շտկվի եւ քաղաքի դեմքին վերստին բարի ժպիտ հայտնվի...»:

- Դուք երկար ժամանակ չէիք եղել Մոսկվայում: Երկարատեւ բաժանումից հետո ի՞նչ տպավորություն ստացաք Մոսկվայից:

- Իմ աշխատանքային գրքույկը մինչեւ օրս Մոսկվայում էՙ «Լիտերատուրնայա գազետայում»: Այնպես որ ինձ որոշ իմաստով կարելի է մոսկվացի համարել: Այդ քաղաքը լավ գիտեմ, ավելի ճիշտՙ գիտեի, քանզի այժմ դրա նկարագիրն անչափ փոխվել է: Հին Մոսկվան, իհարկե, ինձ ավելի սրտամոտ ու սիրելի է, բայց, կարծում եմ, դա կապված է հույզերի ու կարոտաբաղձության հետ: Ամեն դեպքում քաղաքը դարձել է ավելի լավ, փայլուն, պայծառ եւ տոնական: Ինձ համար անփոփոխ են եղել եւ կլինեն իմ բարեկամները, գործընկերները եւ իմ առասպելական Ցվետնոյ բուլվարը, որտեղ գտնվում էր «Լիտգազետան»: 1967-ին ես առաջին անգամ այցելեցի առասպելական թերթ, որը մինչեւ կյանքիս վերջը հարազատ կմնա:

- Այժմ ինչի՞ վրա եք աշխատում: Ինչպե՞ս է կոչվում Ձեր վերջին գիրքը:

- Վերջին գիրքը, ավելի ճիշտՙ գրքույկը, լույս տեսավ միանգամից երեք լեզվով. հայերեն, վրացերեն եւ ռուսերեն: Կոչվում է «Հայոս եւ Քարթլոս. ավելին, քան լեգենդը»: Խոսքը հայ եւ վրացի ժողովուրդների հնօրյա առասպելի մասին է: Այնտեղ եղբայրների հավերժական վեճը վերաբերում է այն հարցին, թե ով առաջինն իրավունք կստանա թուրը մերկացնելու եւ մարտի բռնվելու ընդհանուր թշնամու հետ: Եվ հանկարծ մեր աչքերի առջեւ փլուզվում է ամեն ինչ, այդ թվում եւ բուն եղբայրությունը: Տեղի ունեցավ պատմական եւ բարոյական արժեքների հրեշավոր վերագնահատում: Եվ մենք այսօր պարզապես դատապարտված ենք միմյանց ընդառաջ վճռական քայլ անելու: Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին: Գրքույկն արդեն «գործում» է: Տեղի է ունեցել առաջին հանդիպումը մեր վրացի գործընկերների հետ, եւ հանդիպումները կշարունակվեն: Այժմ, կարելի է ասել, արդեն ավարտում եմ ստալինյան հալածանքների զոհեր դարձած մորս եւ հորս ճակատագրին նվիրված գիրքը: 66 տարի անց ինձ հաջողվեց գտնել հորս մահվան, նույնիսկ նրա թաղման վայրը: Բարի մարդիկ ինձ հանձնեցին նրա ծավալուն անձնական գործի պատճենը: Եվ ահա արդեն 7 տարի ես աշխատում եմ գրքի վրա: 7 տարի ուսումնասիրում եմ ԳՈՒԼԱԳ-ի ահավոր տարեգրությունը: Դա շատ ծանր թեմա է: Բայց որքան էլ ծանր լինի, մենք պարտավոր ենք բացահայտել, որպեսզի չարիքը չկրկնվի: Այս կապակցությամբ իմ յուրօրինակ լեյտմոտիվը Եվտուշենկոյի տողերն են. «Եվ ինձ մի պատմիր, եղբայր, թե ժամանակն է մեղավոր, իսկ դու բնավ մեղավոր չես»: Այս կարգախոսով ես դիմում եմ ոչ թե հայրերին, այլ մեզ, մեր ժամանակակիցներին:

- Զրույցի համար շնորհակալություն հայտնելով, ուզում եմ Ձեզ հայ երիտասարդության երախտագիտությունը հայտնել Մոսկվայում Ձեզ հետ կայացած հանդիպման համար: Միշտ անհամբերությամբ սպասում ենք Ձեզ:

Հարցազրույցը վարել է Նատալյա Մոշենսկայան հատուկ Haylife.ru-ի համար, Թարգմ. Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4