«Տոնական օրերին Վ. Զատիկյանի անվան այգում տեղի ունեցած ծառահատումների վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության 07.01.08-ին հեռարձակած ռեպորտաժը որպես ահազանգ ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունն ուսումնասիրել է հարցը:
Դեպքի վայրի տեղազննությամբ պարզվել է, որ այգում ապօրինի հատվել է 51 ծառ (հացենի, թխկի, թեղի, բարդի): Պարզվել է նաեւ, որ հատումների վերաբերյալ առաջին ահազանգը ոստիկանությունն ստացել է 28.12.07-ին եւ սկսել նյութերի նախապատրաստումը, սակայն տեղանքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծառահատումներ են կատարվել նաեւ հունվարի առաջին օրերին եւ համայնքի դատախազի 08.01.08-ի որոշմամբ անմիջապես հարուցվել է քրեական գործ եւ նախաքննության իրականացումը հանձնարարվել է ոստիկանությանը: Որեւէ փաստ կամ ահազանգ այգում 3-4 ամիս առաջ կատարված ծառահատումների վերաբերյալ իրավապահ մարմինները չեն ստացել եւ հակառակի մասին հոդվածում նշված տեղեկատվությունը մտացածին է:
Ծառահատումների ավելի կոնկրետ ժամանակահատվածը, ինչպես նաեւ հանցագործների ինքնությունը կպարզի նախաքննությունը, որն իրականացնում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը: Եթե հոդվածագիրն ունի այլ հավաստի տեղեկություններ ծառահատումների ժամանակահատվածի կամ ընդհանրապես դեպքի մասին, ապա շնորհակալ կլինենք, եթե դրանք ներկայացնի քննությանը»:
«ԱԶԳ» - Երեկ խմբագրություն ուղարկված վերոհիշյալ հերքումը տպագրելով` ընդունում ենք դատախազության առաջարկը համագործակցության մասին, ինչպես նաեւ ցավով ենք փաստում, որ նախորդ օրը Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի բնակիչ «կարողացան» թյուրիմացության մեջ գցել մեր լրագրողին, ինչի հետեւանքով «Ժամկետանց հաղորդագրություն` անցյալ տարվա հանցագործությունը բացահայտելու «խիզախ» տրամադրությամբ» (9 հունվար, 2008) հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակվել: Երեկ մինչ ուշ երեկո մեր աշխատակիցը գտնվել է Սվաճյան փողոցում, որը կից է Վ. Զատիկյանի անվան այգուն: Նրա պատրաստած ռեպորտաժը, որ արդեն հավաստի աղբյուրներից է, ընթերցողի եւ օրինապահների ուշադրությանը կներկայացնենք վաղվա մեր համարում: