Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրն ի հայտ բերեց մրցաշարի միանձնյա առաջատարին: Այդ հաճելի դերն ստանձնեց Տիգրան Պետրոսյանը, որը սեւերով խաղում էր Լեւոն Բաբուջյանի հետ: Փորձառու գրոսմայստերին հաջողվեց հաղթել իր երիտասարդ մրցակցին եւ երկու միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց Զավեն Անդրեասյանը, որը սեւերով պարտության մատնեց Տիգրան Նալբանդյանին: Զավենը վաստակեց 1,5 միավոր, իսկ ահա Նալբանդյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Մրցաշարի ամենափորձառու եւ տարեց մասնակից Սմբատ Լպուտյանը երկրորդ տուրում էլ խաղաղասիրաբար էր տրամադրված: Նա սպիտակներով միավորը կիսեց Արտաշես Մինասյանի հետ: Լպուտյանը երկու հնարավորից վաստակել է մեկ միավոր, իսկ Արտաշես Մինասյանի օգտին գրանցված է 1,5 միավոր: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Արման Փաշիկյանի եւ Արա Մինասյանի մրցավեճը: Գյումրեցի գրոսմայստերը եւս վաստակեց 1,5 միավոր, իսկ Փաշիկյանն ունի մեկ միավոր:
Տուրի վերջին երկու պարտիաները բավական երկար տեւեցին: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին Արսեն Եղիազարյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Երկարատեւ պայքարից հետո գրանցվեց ոչ-ոքի: Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը 1,5 միավորով առաջատարների խմբում է, իսկ Արսեն Եղիազարյանն առաջին կես միավորը վաստակեց: Ամենավերջինն ավարտվեց Տիգրան Քոթանջյանի եւ Կարեն Ասրյանի մրցավեճը: Ասրյանի փիղն ու նավակը պայքարում էին մրցակցի նավակի դեմ: Ի վերջո, գրեթե 6-ժամյա պայքարից հետո Հայաստանի ներկայիս չեմպիոնին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը եւ մրցաշարում առաջին հաղթանակը տոնել: Այդ հաջողության շնորհիվ Կարեն Ասրյանը եւս վաստակեց 1,5 միավոր: Իսկ Քոթանջյանը, որ նախորդ տուրում ազատ էր խաղից, առայժմ միավոր չունի:
Այսօր կկայանա մրցաշարի երրորդ տուրը: Առաջնության առաջատար Տիգրան Պետրոսյանը սպիտակներով կմրցի Արսեն Եղիազարյանի հետ: Կկայանան նաեւ Արտաշես Մինասյան-Քոթանջյան, Անդրեասյան-Լպուտյան, Արա Մինասյան-Նալբանդյան, Տեր-Սահակյան-Փաշիկյան, Անաստասյան-Բաբուջյան պարտիաները:
Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց ընթացիկ առաջնությունը ՖԻԴԵ-ի 12-րդ կարգի է: Անկախացումից հետո երկրորդ անգամ է նման բարձր կարգի մրցաշար անցկացվում: Եվ եթե մասնակիցների թվում լինեին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ապա մրցաշարն ավելի ուժեղ կազմ կունենար: Մրցակարգի համաձայն Հայաստանի այս տարվա չեմպիոնը կպարգեւատրվի 1,5 միլիոն դրամով: Երկրորդ տեղն զբաղեցրած շախմատիստը կստանա 900 հազար դրամ, երրորդ տեղըՙ 500, չորրորդըՙ 300, հինգերորդըՙ 200 հազար դրամ: 6-13-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց կստանան 10 հազարական դրամ:
Բացի առաջնության հաղթողին որոշելուց, այս մրցաշարն ի հայտ կբերի նաեւ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի եւս մեկ անդամի: Այսօրվա դրությամբ, ըստ անհատական վարկանիշի, Հայաստանի հավաքականում իրենց տեղն ապահովել են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Ասրյանը: Թափուր տեղը կզբաղեցնի առաջնությունում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստը: Բնական է, որ եթե կրկին չեմպիոն դառնա Ասրյանը, ապա հավաքականը կհամալրի երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը: Բացի այդ, չորս լավագույններն իրավունք կստանան մասնակցելու շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս առաջնության արդյունքներով 1-5-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստներն առանց ընտրական փուլի մասնակցության իրավունք կստանան հաջորդ տարի եւս հանդես գալու բարձրագույն խմբի առաջնությունում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ