Վրաստանի հանդեպ «ներողամիտ» Եվրոպան դժվար մեզ ների
Ժողովրդավարությունը բավականին յուրահատուկ դրսեւորումներ կարող է ունենալ: Առավել եւս, դրա ընկալումն այնքան տարբեր է, որ ավելի հաճախ բերում է երկակի ստանդարտների կիրառման այն դեպքում, երբ երեւույթները միանշանակորեն նույն գնահատականին են արժանի:
Հեռու գնալ պետք չէ ասվածն ապացուցելու համար, բավական է թեկուզ հիշատակել վրացական իրականության վերջին օրերի իրադարձություններն ու այդօրինակ իրողություններին միջազգային կառույցների եւ եվրոպական պետությունների գնատահականները, երբ դրանք իրականություն էին դառնում մեր երկրում:
Խոսքի նաեւ մամուլի ազատության մասին այնքան հաճախ ու այնքան բարձր ատյաններից են խոսում, որ հազվադեպ չէ, երբ մոռանում են նյութի բովանդակությունը: Երբ հարեւան Վրաստանում նոյեմբերի 7-ին ոչ միայն եթերից, այլեւ բավականին թանկարժեք եթեր ապահովող սարքավորումներից զրկվեց ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած «Իմեդի» հեռուստաընկերությունը, միայն մի քանի եվրոպաշտոնյաներ բարձրաձայնեցին բազմակարծություն ապահովելու անհրաժեշտության մասին: Եվ դա այն դեպքում, երբ «Իմեդիից» բացի, որեւէ այլ խոշոր հեռուստաընկերության եթերում ընդդիմադիր որեւէ գործչի եւ ոչ մի բառ չէր հնչում:
«Իմեդիի» փակմանը զուգահեռ թբիլիսյան փողոցներում ցուցարարների դեմ ռետինե մահակների ու փամփուշտների օգտագործումը միայն որակվեց անհարիր ժողովրդավարությանը, եւ այլ կարգի ոչ մի գնահատական չհնչեց, ոչ մի բան չհետեւեց դրան:
Ինչ վերաբերում է նոյեմբերյան իրադարձություններից հետո հունվարի 5-ին արտահերթ նախագահական ընտրություններիի` դրանք իսկ նշանակող Միխեիլ Սաակաշվիլու հաղթանակով պայմանավորված քվեարկությանը, ապա դրա առնչությամբ գնահատականներն իսկ ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դեպքում «ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան» լինելու պարագայում անգամ փաստ է, որ նախընտրական փուլն ուղղակի ժողովրդավարական չէր:
Ընդդիմությունը քարոզարշավն անցկացրեց ըստ էության առանց եթերի, իսկ Սաակաշվիլու PR-ով զբաղվող «Ռուսթավի-2» եւ «Մզե» հեռուստաընկերությունների եթերում հայտնվում էր այն, ինչ հարմար էր իշխանության թեկնածուին: Ավելին, մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, օրինակ, Սաակաշվիլին արդեն ինքն իրեն 5-րդ համարով էր ներկայացնում, իսկ ընդդիմությունը, այդպես էլ անկարող միավորվելու, ի դեմս մի քանի թեկնածուների էր քարոզում` առանց հաշվի առնելու սահմանված ժամկետները:
Այս ամենը տանելի ընդունվեց եւ ընդունելի անցկացվեց: Եվրոմիության, ամերիկյան կառույցների ներկայացուցիչներն էլի հույսեր ու հավատ հայտնեցին, թե Վրաստանում ամենաբարձր արժեքը մնում է ժողովրդավարությունը, ընտրություններն էլ անցան այդ արժեքի ստանդարտներին համապատասխան, իսկ ընդդիմությունն էլ պետք է հարգի դրանք:
Ի՞նչ է սա նշանակում: Արդյոք վրաց իշխանություններն ավելի ճիշտ քաղաքականությո՞ւն են վարում եվրոպական հարեւանների հետ, թե՞ հակառուսական տրամադրությունները ամեն դեպքում ապահովում են ամերիկյան աջակցությունը Սաակաշվիլուն:
Կամ գուցե ավելի կազմակերպված է կարողանում հանդես գալ ոչ այնքան կազմակերպված վրաց ընդդիմությունը, թե՞ հստակ առաջնորդ չունեցող վրաց միասնական ընդդիմությունն ավելի կարեւոր գործոն է` արտաքուստ ճիշտ այնքան հակառուսական ուղղվածության, որքան իշխանական հակառուսական կողմնորոշումն է: Թեեւ եթե հավատալու լինենք ռուս մեծ հարեւանի բարիդրացիություն հաստատելու ցանկություն բազմիցս հայտնած, բայց դեռեւս չիրագործած Սաակաշվիլուն, ապա Վրաստանը կարող է ավելի կոմպլեմենտար դառնալ, քան Հայաստանը:
Ամեն դեպքում, նույն կոմպլեմենտար Հայաստանին չէին ների, ավելին, մեղմ պիտակավորում չէին տա, եթե ընտրություններն անցնեին այնպես, ինչպես մեր հարեւան երկրում: Եվ եթե վրաց ընդդիմադիրները հացադուլ անելու մասին են խոսում, որպեսզի եթեր ստանան Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ, ապա մեր ընդդիմությունը հաստատապես նման քայլերի չի գնա, ու երեւի դրա կարիքն էլ չունի: Չունի կարիք թեկուզ այն հիմքով, որ թերթ ունի, իհարկե, եթե մեր ընդդիմությունն էլ կարողանա գոնե այն չափով միավորվել, ինչ չափով իրար կողքի հայտնվեցին վրաց տասը ընդդիմադիր կուսակցությունները:
Վրաց ընդդիմությունը, որ ներկա պահին երկրորդ փուլ անցկացնելու պահանջ է ներկայացնում եւ պատրաստվում հունվարի 13-ին անցկացնել թույլատրված հանրահավաք, ամեն դեպքում, ապացուցեց խորհրդարանական ընտրություններում նշանակալի տոկոս հավաքելու իր ընդունակությունը: Եվ դա արդեն իսկ հուշում են նույն միջազգային կառույցներն ու փորձագետները: Իսկ մեր ընդդիմադիր դաշտում գերակշռում են խոհերն ու մտքերը, չկան կոնկրետ քայլեր:
Բայց թերեւս ավելի կարեւոր են դրսից մեզանում տեղի ունեցող գործընթացներին տրվող որակումները, քան դրանց բովանդակությունն ու հնարավոր ազդեցությունը հենց մեզ վրա: Եթե այս կերպ նայենք, ապա, ինչպես նշեց Վարդան Օսկանյանը օրերս տեղի ունեցած ասուլիսում, ավելի լավ է մենք նորմալ ընտրություններ անցկացնենք: Թե չէ մեզ չեն ների այն, ինչ Վրաստանում անգամ չնկատեցին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ