Գտնողին սպասում է «բանգլադեշցիների» եւ բնասերների «երախտագիտությունը»
«Իմանայինք` ո՞վ է մեր այգու ծառերը հատում, իր ձեռի սղոցով ոտքերը կսղոցեինք»: Նման պատրաստակամությամբ մեզ դիմավորեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա3 թաղամասի Սվաճյան 14 հասցեի մի խումբ բարձր դասարանցի տղաներ, որոնք փորձեցին լույս սփռել վերջին օրերին տարածված լրատվության վրա, ըստ որի 50-ից ավելի ծառերի հատումներ են կատարվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վ. Զատիկյանի անվան այգում («Ազգն» այս թեմային անդրադարձել է իր նախորդ երկու համարներում): Տղաները պատրաստակամորեն ցույց են տալիս ու բարձրաձայնում իրենց ենթադրությունները ծառահատումների վերաբերյալ: Ըստ նրանց, ծառերը սղոցել են գիշերով, էլեկտրական սղոցով: Տարել են քաշ տալով ու գցել են բեռնատար մեքենան, որի անիվների հետքերը ձյան վրա պարզ երեւում են: Ծառահատումը մի քանի գիշերում կատարվել է դեկտեմբերի 20-ից հետո` մինչ ձյունը դնելը, եւ շարունակվել նաեւ տոնական օրերին: Տղաները ցույց են տալիս սղոցված մեկ-երկու տարվա ծառերի կոճղերը: Դրանց փոշին, որ նստած է ձյան վրա, փաստում է, որ ձյունը դնելուց հետո էլ են ծառերը սղոցվել: Հատված ծառի մի մեծ ճյուղ էլ ոճրագործները թողել են փողոցի երկայնքով ցրված կրպակների հետնամասում:
«Ծառերը տարել են, որ վառեն», «Վատություն են արել համայնքի թաղապետին, որ ամենայն հոգատարությամբ մասնակցում է ծառատունկին եւ հետեւողական է այգու բարեկարգ վիճակին», «Երեւի կտրում են, որ հետո էստեղ օբյեկտ սարքեն», «Չէ, մի ուղղությամբ չեն կտրել, ցանցառ են կտրել` այգու տարբեր հատվածներից», հակադարձում է մեկը: «Դժվար թե վառելիքի համար տանեին: Շատ են տարել, մի մարդու համար 50-70 ծառը շատ-շատ է»: Ի դեպ, այգու հատված ծառերը այնքան էլ հեռու չէին «Մալաթիայի փետի բազար» կոչվածից: Մենք մարդիկ տեսանք, ովքեր կոճղեր էին հատում: Մեր զրուցակիցները անհավանական համարեցին տարբերակը, թե փայտը տարել են հենց վառելափայտ վաճառողները, ասելով` նրանք հաստատ էդպիսի բան չէին անի:
Տղաներն ափսոսանքով են հիշում. «Ծիրանի են կտրել, մենք ուտում էինք այդ ծառերի բերքը, ամառները ծառերի ստվերի տակ զովանում էինք, թթվածին էինք շնչում»: Թե ո՞վ է ոճրագործության հեղինակը, տղաները դժվարանում են պատասխանել, սակայն համոզված են, որ ոչ ոք իրենց շենքից ու հարեւան շենքերից իրեն թույլ չէր տա նման չարագործության միջոցով վայելել վառարանի ջերմությունը:
Խորենը միջին տարիքի մարդ է: Նա շներ ունի, որոնց ամեն առավոտ տանում է այգի` զբոսանքի: Նկատելով մատղաշ ծառերի կոճղերը, նա տեղյակ է պահում թաղի տղաներին, որ ուշադիր լինեն եւ բռնեն ծառահատողներին: Նա մեզ պատմեց Սուրիկ անունով մի պահակի մասին, որը գիշերը տեսել է ծառահատողներին եւ մոտեցել ու ամոթանք տվել նրանց: Սակայն չորս տղաները բռնել են առաջացած տարիքի պահակին եւ օձիքից քաշքշելով գցել ձյան մեջ ու փախել, երբ Սուրիկը ձեռքը գրպանն է տարել` սպառնալով, թե հիմա ձեզ գյուլլելու եմ: Ի դեպ, հենց նույն այդ հարգարժան Սուրիկն է ահազանգել «Շանթ» հեռուստաընկերություն, դիմել թաղապետարան, որպեսզի ոճրագործությունը կասեցվի եւ մեղավորները պատժվեն: Մենք սպասեցինք, մինչ Սուրիկ անունով պահակի աշխատանքային ժամը սկսեր, որ մանրամասնություններ ճշտենք: Սակայն, ցավոք, նրան գտնել չհաջողվեց:
Չճշտված խոսակցություններ են շրջում, թե իբր հատված մատղաշ ծառերն ու շիվերը պահել են Սվաճյան փողոցի դիմացի, այսինքն, այգու մյուս թեւին գտնվող շինհրապարակներից մեկում:
«Եթե ուզենան, գողերին կարող են բռնել, քանի որ այգին շրջապատված է այնպիսի օբյեկտներով (գիշերային ակումբ, ավտոկայանատեղի, խանութներ, սրճարան, գազի լցակայան), որոնք բոլորն էլ պահակներ ունեն», ասում է Խորենը եւ վստահորեն պնդում, որ անգամ դեկտեմբերի 31-ի գիշերը ծառ է հատվել:
Այգուն կից կրպակներից մեկում տիկին Լենան հաց է վաճառում: «Առավոտ 8.30-ից մինչեւ 23.00-ն էստեղ եմ», ասում է նա եւ անիծում ծառերը հատողներին: «Կյանքս կտամ էս ծառերի համար, բա չիմանայի՞ ով է արել, սատկացնեի», բարկանում է կինը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ