Թերակշռումներն ամենատարածված խախտումներն են
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վաճառքի կետերում ամենատարածված խախտումներից թերակշռումն ավելի խիտ երանգներ է ստացել հատկապես ամանորյա օրերին կատարված առեւտրի ժամանակ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) բողոքներ է ստացել սպառողներից, որ, օրինակ, մեկ կիլոգրամ նարինջ է գնել, բայց պարզվել է, որ իրական քաշը 6-7 հարյուր գրամ է եղել: Որքան էլ սպառողները չեն վստահում կշեռքներին եւ գնում կատարող յուրաքանչյուր մարդ իր մեջ համոզված է, որ թերակշռում են իրեն վաճառածը, այնուամենայնիվ վաճառողները գտնում են խորամանկ ուղիներ եւ անգամ էլեկտրոնային կշեռքի դեպքում խաբում ժողովրդին:
«Փաստարկ» ակումբում երեկ հյուրընկալված «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը ահազանգեց սպառման շուկայում տիրող համատարած թերակշռումների մասին` միաժամանակ նշելով, որ 2007-ին ստուգաչափվել է հանրապետությունում օգտագործվող կշեռքների ընդամենը 30 տոկոսը: Աբգար Եղոյանի գնահատմամբ, մեր տնտեսության մեջ կարծես թերակշռումը գնագոյացման գործոն է դարձել, (թերակշռման հաշվին ավելի շատ են գումար աշխատում), իսկ եթե շուկայում որեւէ մեկը չի խաբում, նա մրցունակ չէ, քանի որ մյուսները խաբելու են:
Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, մեր բնակչությունը էլեկտրոնային կշեռքներին ավելի է վստահում, քան մեխանիկական կշեռքներին, բայց վաճառքի կետերում լավ գիտեն նաեւ էլեկտրոնային կշեռքների «հնարավորություններն» օգտագործել, ինչի արդյունքում էլեկտրոնային կշեռքները «խաբում են» 200-300 գրամ: Ամանորյա առեւտրի ժամանակ, եթե կշեռքները չթերակշռեին, Աբգար Եղոյանի կարծիքով, ապրանքների գներն իրենց իրական գնից մոտ 30 տոկոսով ավելին կլինեին:
ՀԿ նախագահի տվյալներով, հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների մոտ գրանցված է մոտ 25 հազար կշեռք, որոնցից սակայն անցած տարում ստուգաչափվել են միայն 6 հազարը: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանրապետությունում օգտագործվող կշեռքների պարտադիր ստուգաչափում պետք է իրականացվի առնվազն տարին մեկ անգամ: Բայց ինչպես վերը նշվածից հասկացվեց, օրենքը հանգիստ շրջանցվել է: Չստուգաչափված կշեռքների օգտագործման համար սահմանված է 50-100 հազար դրամ տուգանք, որը սակայն նախորդ տարում, ՀԿ նախագահի տվյալներով, չի կիրառվել որեւէ մեկի նկատմամբ:
Աբգար Եղոյանը նշեց, որ փողոցում մանրածախ առեւտրի ժամանակ օգտագործվող ձեռքի կշեռքները, կամ ինչպես ընդունված է ասելՙ բեզմենտները, եւս թերակշռում են 300-500 գրամ: Նշենք նաեւ, որ փողոցային առեւտրում օգտագործվող կշռաքարերը ստուգաչափված չեն եւ հիմնականում քաշից ցածր են կշռում: Այսինքն, պետք է ստուգվեն նաեւ կշռաքարերը, որոնք եւս անվստահելի են եւ խաբում են գնորդներին: Սպառման շուկայում համատարած թերակշռումների այսօրվա վիճակը, ՀԿ նախագահի համոզմամբ, խաթարում է արդար մրցակցությունը եւ գների արհեստական իջեցում ստեղծում:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն առաջիկա օրերին 4 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացնելու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը: Առաջարկներում ընդգրկված է նաեւ ստուգիչ կշեռքը կրկին գործածության մեջ դնելու ավանդույթի վերականգնումը: Սրանք այն կշեռքներն են, որ նախկինում եղել են վաճառքի կետերում, որտեղ սպառողը հնարավորություն է ունեցել կշռելու եւ պարզելու իր գնած սննդի իրական քաշը: