«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2008-01-09 | #3, 2008-01-10 | #4, 2008-01-11


ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Դիմանկարի փորձՙ նկարչուհու մտորումներով

Երջանիկ արվեստագետ էր նկարչուհի Մարիամ Ասլամազյանը. նա ապրեց լիարժեք ստեղծագործական կյանքով, ցուցադրվեց աշխարհի լավագույն ցուցասրահներում եւ թանգարաններում, արժանացավ բազմաթիվ պարգեւների ու կոչումների: Նրա արվեստի մասին գրվեցին հոդվածներ, տպագրվեցին բուկլետներ, կատալոգներ, ալբոմներ, գործերի զգալի մասը տեղ գտան աշխարհի 50 թանգարանների մշտական ցուցադրությունում: Կյանքի վերջին տարիներին, քրոջ` նկարչուհի Երանուհի Ասլամազյանի հետ մոտ 660 աշխատանք նվիրեց հարազատ Գյումրի քաղաքին` ստեղծելով Ասլամազյան քույրերի թանգարանը:

Մարիամ Ասլամազյանի ամբողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նկարչուհին ապրեց մոտ մեկ դար վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին ի մի բերելով արածն ու չարածը գրեց իր «Կյանքի դավթարը»` պատմելով կյանքի բարդ, դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների, հանդիպումների պատմությունը:

Մարիամ Ասլամազյանը ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 20-ին, Գյումրուց ոչ հեռու գտնվող Բաշ-Շիրակ գյուղում (այժմ Թուրքիայի տարածք), ջրաղացպանի ընտանիքում:

Դպրոցական տարիներին Մարիամը քրոջ` Երանուհու հետ լույս էր ընծայում պատի թերթ, կատարում ձեւավորման աշխատանքներ: Նկարչության դասատուն` Բրուտյանը նկատում է աղջիկների շնորհքը եւ առաջարկում նրանց կրթությունը շարունակել Գյումրու նորաբաց գեղարվեստական դպրոցում: Ավարտելուց հետո, 1926 թվականին, Մարիամն ընդունվում է Երեւանի գեղարվեստի ուսումնարան, աշակերտում Ս. Առաքելյանին, Ս. Աղաջանյանին, Ա. Սարգսյանին, Մ. Արուտչյանին: Այնուհետեւ սովորում է Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ում (բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ինստիտուտ) եւ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում` ուսանելով ժամանակի կերպարվեստի ամենահայտնի վարպետներին` Ս. Գերասիմով, Կ. Իստոմին, Վ. Մուխինա, Կ. Պետրով-Վոդկին, Ա. Սավինով, Ն. Ուդալցովա, Ս. Դրեվին: Հետագայում ավարտում է ասպիրանտուրան:

Ազգային գեղանկարչության ավանդույթներով, նա ստեղծում էր իր յուրօրինակ արվեստը` դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն կտավներ, կատարում թատերական ձեւավորումներ, զբաղվում խեցեգործությամբ:

Մարիամ Ասլամազյանի ստեղծագործական կյանքի ողջ ճանապարհը հայրենի արվեստին անհատույց նվիրաբերման հրաշալի օրինակ է: Նա որոնող, փնտրող արվեստագետ է: Նրա բնատուր տաղանդին առանձնահատուկ հմայք էր տալիս մարդկային բարությունը, ընկերասիրությունը:

Նկարչուհու արվեստը գունային առումով հնչեղ է, կոմպոզիցիան` պարզ, իրերն ու երեւույթները արտահայտված խոր դիտողականությամբ:

Մարիամը դիմանկարի փայլուն վարպետ է: Նկարչուհու արվեստի հիմքում ընկած է մարդու նկատմամբ խորը հետաքրքրությունը: Յուրաքանչյուր անհատ Ասլամազյանի համար անկրկնելի բարոյական արժեք էր: Նա պատկերել է ամենատարբեր ազգությունների, մասնագիտությունների, բնավորությունների մարդկանց: Նկարչուհուն հետաքրքրում են մարդու էությունը, նրա ազգային պատկանելությունը, խառնվածքը, կյանքի փորձը, միջավայրը, անցած ճանապարհը, տարազը: Մ. Ասլամազյանը կարողանում է իր միտքը դիտողին հասցնել թե՛ վառ, հյութեղ գույների օգտագործմամբ, թե՛ գեղանկարչական սուղ միջոցներով: «Դիմանկարի վրա աշխատելիս ինձ միշտ հետաքրքրում է մարդու ներքին աշխարհը, նրա մտքերն ու հույզերը: Բնավորությունը ինձ բերում է այս կամ այն գեղանկարչական լուծման», գրում է Մ. Ասլամազյանը:

1939-44 թվականներին նկարչուհին ստեղծում է ծեր կանանց բազմաթիվ դիմանկարներ («Տատիկը», «Հիվանդ բաջին», «Լուրեր ռազմաճակատից», «Եղեռնի զոհը», «Զարդարի դիմանկարը» եւ այլն), որոնցում պատկերում է կյանքի երկար ու ձիգ ճանապարհն անցած, տարիների փորձով իմաստնացած անհատների: «Ես առանձնապես սիրում եմ նկարել ծեր մարդկանց: Շատերին է զարմացնում իմ այդ հակումը, բայց ես այդ հանգիստ դեմքերի, այդ հոգնած ձեռքերի հետեւում տեսնում եմ տարբեր բնավորություններ, տարբեր ճակատագրեր: Ես տեսնում եմ աշխատանքի մեջ ապրած կյանք եւ մարդկային մեծ իմաստնություն, որը հաղթահարում է ե՛ւ ձախորդությունները, ե՛ւ հիասթափությունները»:

Տաք գույների իսկական համանվագ է «Մոր դիմանկարը» (1965):

Երկնագույն ծածկոցով թախտի վրա, մտորումների մեջ նստած է մայրը` Վարդուհին: Նա ութ երեխա է մեծացրել, դաստիարակել: Պատին կախված է դստեր` Մարիամի աշխատանքներից մեկը, կողքին` նամակներ, որոնք նա ստացել է թեւեր առած ու հեռուները թռած իր զավակներից: Նկարչուհին վարպետորեն է համադրել մոր կապույտ զգեստը, կողքի բարձի դեղին ու կարմիր գույները` ուշադրության կենտրոնում պահելով պատկերվողի խորշոմած դեմքն ու ծանր աշխատանքից կոշտացած ձեռքերը:

Նկարչուհին կտավներում հաճախ է պատկերել մարդկանցՙ հայրենի քաղաքի ֆոնի վրա («Հեռացող Լենինականը», «Քույրերը Լենինականից» եւ այլն): Եթե առաջինում նկարչուհին ներկայացնում է իր տարեց բնակիչներով անվերադարձ հեռացող հին Լենինականը` փոքրիկ տնակներով, ծուռումուռ նեղ փողոցներով, երկրորդում ստեղծում է սիրած քաղաքի գալիք սերնդի կերպարը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նկարչուհին ստեղծում է «Հերոսի վերադարձը» կտավը, որն ապշեցնում է իր լավատեսությամբ եւ ապագայի նկատմամբ մեծ հավատով:

Մարիամ Ասլամազյանի արվեստում մեծ տեղ են գրավում բնանկարները: Թեեւ կրթություն ստանալուց հետո նկարչուհին հաստատվել է Մոսկվայում, սակայն երբեք չի խզել կապը հայրենիքի հետ: Ամեն տարի վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն Մարիամը ապրել է Հայաստանում, մասնակցել կազմակերպվող ցուցահանդեսներին, շրջիկ արվեստանոցների աշխատանքներին, շրջել Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, ապրել հասարակ գյուղացիների տանը, նկարել անկրկնելի բնությունն ու մարդկանց: Հայաստանը ներշնչանքի անսպառ աղբյուր է եղել նկարչուհու համար: Որքան սեր, կարոտ, անմնացորդ նվիրում եւ հիացմունք կա նրա բնանկարներում: «Ամենից լավ նկարում եմ Հայաստանը... Սիրում եմ մեր լեռները, սլացիկ բարդիները, գետակների խոխոջյունը եւ գեղեցիկ մարդկանց: Այդ թեմաներն են ինձ թելադրում նկարներիս գույները: Ուստի նկարում եմ գունագեղ ու վառ»: Ահա թե ինչ է գրում նկարչուհին:

Մ. Ասլամազյանը նկարում է այն ամենը, ինչը մոտ ու հարազատ է իրեն: Իր կտավներում նա պատկերում է Հայաստանի յուրօրինակ գեղեցկությունը` Սեւանա լիճն ու Արարատ լեռը, Խնձորեսկն ու Գառնիի ձորը, հինավուրց եկեղեցիներն ու ծերացած թթենիները, լեռնային գյուղերն ու Երեւանի գեղատեսիլ անկյունները: «Ես սիրում եմ իմ Հայաստանը, նրա բնությունը, նրա օդը, երաժշտությունը, նրա մարդկանց... Ես իմ երկիրը տեսնում եմ... հնչեղ, լուսավոր, բերկրալի»:

Բնանկարները գունային համարձակ հակադրություններով ու համադրություններով ասես, ամառային տաք արեւի թեժ հրավառություն լինեն: Դրանք կատարված են վառ, հագեցած գույներով ու լի են կենսասիրությամբ («Գարունը Երեւանում», «Աշունը Ոսկեվազում», «Փողոց Աշտարակում», «Արարատը վաղ առավոտյան» եւ այլ):

Մարիամի ստեղծագործության մեջ շատ են հատկապես նատյուրմորտները: Գեղանկարչությանը անմնացորդ նվիրված նկարչուհին անաղարտելի հիացմունքով է նկարում Հայաստանի դաշտային բազմագույն ծաղիկները, հասուն, հյութալի մրգերը, կենցաղային հնաոճ իրերը, զարդերը, հայկական գորգերն ու կարպետները: «Մի քանի տարի առաջ լարված, դժվար աշխատանքից հետո որոշեցի հանգստանալ: Մեկնեցի Հայաստանի լեռնային շրջաններից մեկը` Հանքավան: Ուզում էի որոշ ժամանակ լրիվ անջատվել աշխատանքից, նույնիսկ ներկապնակն ու վրձինը ձեռքս չվերցնել: Բայց դեպի լեռները հենց առաջին արշավին ես տեսա անսովոր գեղեցիկ հրաշք: Տաք, ալ բոցով հուրհրում էր հսկայական կարմիր կակաչների մի ամբողջ ծով: Դա այնքան գեղեցիկ էր: Տպավորությունն այնքան զորեղ էր, որ հենց տեղնուտեղը արքայական այդ ծաղիկներից մի մեծ փունջ արեցի ու սլացա տուն, որ առանց կորցնելու հիացմունքի նախնական զգացումս, սկսեմ նկարել», գրում է նկարչուհին:

Կոմպոզիցիայի կառուցումը, կատարման տեխնիկան, երանգների համադրումները, ժպտացող, պայծառ գույները ստեղծում են լուսավոր տրամադրություն: Մարիամի կտավներից գույներն ասես ժպտում են, կանչում` դիտողի վրա թողնելով անմոռաց տպավորություն: Դա նկարչուհու ներքին էությունն է, արտահայտվելու յուրօրինակ կերպը: Բոլոր գործերում երեւում է նրա վերաբերմունքը պատկերվածի նկատմամբ: Նրա կտավներից ծաղիկները բուրում են անուշահոտությամբ, մրգերը քաղցրահամ են ու ախորժաբեր, սեղաններըՙ առատ, Ճոխ, տոնական: Նա ստեղծում է նաեւ թեմատիկ նատյուրմորտներ` «Ռուսական», «Արեւելյան», «Հնդկական», «Աֆրիկական», «Սիրիական» եւ այլն, որոնք նրա բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքն են:

Նկարչուհին կատարել է նաեւ թատերական ձեւավորումներ: 1959-60 թվականներին Մոսկվայում ձեւավորել է Ալ. Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» պիեսը եւ հայկական կրկեսի ներկայացումները:

Նկարչուհին եղել է աշխարհի ամենատարբեր երկրներում, նրան հատկապես հրապուրել է Արեւելքը: Ամեն մի ուղեւորությունից վերադարձել է մեծ տպավորություններով, որոնք հետագայում դարձել են նկարաշարեր, դիտողին զարմացնելով իրենց կատարման բացառիկ վարպետությամբ, գունային հրաշալի համադրություններով: Այդ աշխատանքների համար նկարչուհին 1972 թվականին արժանացել է Ջ. Ներուի անվան, իսկ 1976 թվականինՙ Գ. Նասերի անվան մրցանակների:

Մարիամ Ասլամազյանի շենշող արվեստը միշտ էլ բարձր է գնահատվել. 1965-ին արժանացել է ՀՍՍՀ, իսկ 1990-ին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման:

Վառ երեւակայություն, գունային նուրբ զգացողություն, կոմպոզիցիայի կառուցման հմտություն, անսպառ եռանդ ու աշխատասիրություն, ահա այն հատկանիշները, որոնք Մարիամ Ասլամազյանի արվեստը դարձնում են մնայուն:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4