«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2008-01-09 | #3, 2008-01-10 | #4, 2008-01-11


ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ

Հայաստանի ֆուտբոլիստների համար ներկայում նոր մրցաշրջանի նախապատրաստության եռուն շրջանն է: Նրանցից ոմանցով հետաքրքրվում են արտերկրի թիմերը: Այնպես որ բացառված չէ, որ հայ ֆուտբոլիստներից ոմանք համալրեն արտերկրների թիմերի կազմերը:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանով հետաքրքրվում է դանիական «Բրոնդբյուն»: Առայժմ Արզումանյանը մարզվում է «Փյունիկում»: Իսկ ահա ՀՀ հավաքականի եւ «Արարատի» կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը մեկնել է Բելառուսի «Վիտեբսկ», որի կազմում փորձաշրջան կանցնի: Բելառուսական թիմերը հետաքրքրվում են նաեւ փյունիկցիներ Աղվան Մկրտչյանով ու Ալեքսանդր Թադեւոսյանով, որոնք հնարավոր է եւս մեկնեն փորձաշրջանի: Իսկ Հայաստանի 2007-ի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Փաչաջյանը գրավել է Շվեդիայի թիմերի մարզիչների ուշադրությունը: «Բանանց» ակումբից էլ տեղեկացանք, որ Արարատ Առաքելյանի եւ Սամվել Մելքոնյանի ծառայություններով հետաքրքրվում է Գերմանիայի բունդեսլիգայի «Վոլֆսբուրգը»:

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ հանդես կգա 2007-ի ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Մարկոսը: Ըստ բելառուսական լրատվամիջոցների, նրանով հետաքրքրվում էր ԲԱՏԷ-ն: Բրազիլացի շնորհալի ֆուտբոլիստը հայտնվել է նաեւ ավստրիական եւ ուկրաինական ակումբների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Մարկոսը մինչեւ 2009-ը պայմանագիր ունի «Արարատի» հետ: Անցած տարվա հիանալի ելույթներն արժանացել էին նաեւ ՀՀ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Մարկոսն արդեն 2 տարի Հայաստանում է բնակվում ու հանդես գալիս, ուստի ընթացիկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալու մեր ընտրանում: Կարծում ենք, որ չարժե շտապել Մարկոսին արտերկիր ուղարկելու հարցում: Հայաստանի հավաքականում հանդես գալը կնպաստի բրազիլացի ֆուտբոլիստի վարկանիշի եւ տրանսֆերային գնի աճին: Այդ դեպքում «Արարատը» հնարավորություն կունենա ավելի շահավետ պայմաններով վաճառել բրազիլացուն:

Ղազախստանի «Կայսարը» փորձաշրջանի է հրավիրել «Բանանցից» հեռացած Արամ Հակոբյանին, «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանին եւ «Գանձասարում» վարձավճարով հանդես եկած Վալերի Ալեքսանյանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4