«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2008-01-09 | #3, 2008-01-10 | #4, 2008-01-11


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՍԿՍԻ ՄԱԼԹԱՅՈՒՄ

Ընտրական մրցաշարի խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր մրցաշրջանը կսկսի փետրվարի 2-6-ը Մալթայում չորս հավաքականների մասնակցությամբ կայանալիք մրցաշարով: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Բելառուսի եւ Իսլանդիայի հավաքականները: Առաջին հանդիպումը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն փետրվարի 2-ին Մալթայի ընտրանու հետ: Երկու օր անց մեր թիմի մրցակիցը կլինի Բելառուսի հավաքականը, իսկ փետրվարի 6-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն իսլանդացիների հետ:

Առայժմ դժվար է ասել, թե ով կգլխավորի ՀՀ հավաքականը Մալթայի մրցաշարում: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները եւ բացառված չէ, որ հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի դառնա մինչեւ մրցաշարի մեկնարկը:

Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականն այս տարի մեկնարկելու է 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեկնարկը տրվելու է սեպտեմբերին: Ի դեպ, օրերս ընտրական 5-րդ խմբում ընդգրկված երկրների ներկայացուցիչները Բարսելոնում քննարկել են ընտրական մրցաշարի խաղացանկը: Նման քննարկման ժամանակ սովորաբար յուրաքանչյուր երկիր ներկայացնում է խաղացանկի իր տարբերակը: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, քննարկման արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել: Նման դեպքերում խաղացանկը որոշվում է վիճակահանությամբ, որի արարողությունը պետք է տեղի ունենա հունվարի 16-ին, Ցյուրիխում:

Ինչ խոսք, Մալթայի մրցաշարը մեր ֆուտբոլիստների համար ուժերի հիանալի ստուգատես կդառնա ընտրական մրցաշարից առաջ: Վերջին տարիներին ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերով մեր հավաքականի համար կազմակերպվում են մրցաշրջագայություններ, ընկերական հանդիպումներ, որոնք նպաստում են ֆուտբոլիստների խաղակցվածությանը, հավաքականի կազմի ճիշտ ընտրությանը: Կարծում ենք, որ այս առումով բացառություն չի լինի նաւե Մալթայի մրցաշարը: Փետրվարի 6-ը ՖԻՖԱ-ի խաղացանկով հավաքականների համար ընկերական մրցախաղերի անցկացման օր է, ուստի կարելի է հուսալ, որ մեր ընտրանու կազմում Մալթայում հանդես կգան նաեւ լեգեոնականները:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ մեր հավաքականը ժամանակին բոլոր երեք մրցակիցների հետ էլ մրցել է: Առավել հաջող մեր ֆուտբոլիստները խաղացել են Մալթայի ընտրանու հետ: Առաջին հանդիպումը կայացել է 1994-ի հուլիսի 16-ին, Երեւանում: Ընկերական այդ մրցախաղի ելքը վճռեց հանդիպման 64-րդ րոպեին Արսեն Ավետիսյանի խփած միակ գնդակը: Ի դեպ, դա մեր ընտրանու խփած առաջին գոլն ու տարած անդրանիկ հաղթանակն էր:

Մրցակիցների հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին Լա Վալետայում: Ընկերական այդ մրցախաղում էլ հայ ֆուտբոլիստները հաղթեցին շնորհիվ 26-րդ րոպեին Արթուր Ոսկանյանի խփած միակ գոլի: Հարկ է նշել, որ այդ խաղից չորս օր առաջ Մալթայի ընտրանին Եվրո-2008-ի ընտրական մրցաշարի խաղում ոչ-ոքի (2-2) էր խաղացել Թուրքիայի հավաքականի հետ:

Իսլանդիայի եւ Բելառուսի հավաքականների հետ մեր ֆուտբոլիստները նախկինում հանդիպել են ընտրական մրցաշարի շրջանակներում: Իսլանդացիների հետ անդրանիկ հանդիպումը կայացել է 1998-ի հոկտեմբերի 10-ին Երեւանում: Եվրոպայի առաջնության ընտրական այդ մրցախաղում դարպասները մնացել են անառիկ: Հաջորդ տարվա հունիսի 5-ին կայացած պատասխան խաղում մեր ընտրանին մրցակցին զիջեց 0-2 հաշվով:

Բելառուսի հավաքականի հետ հանդիպումները կայացել են 2002-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Առաջին հանդիպումը կայացել է 2000-ի հոկտեմբերի 11-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտում եւ ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով (2-1): Այդ խաղում արդեն առաջին խաղակեսում Խացկեւիչն ու Ռինդյուկը գրավեցին Հարություն Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Ընդմիջումից քիչ անց Ֆելիքս Խոջոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 2001-ի հունիսի 2-ին Երեւանում կայացած խաղում հաշիվը չբացվեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4