Վրաստանի նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունները իսկապես լայնորեն լուսաբանվեցին Ռուսաստանի ԶԼՄ-ներում: Ընդհանուր առմամբ ընդդիմության դիրքերից, թեեւ այստեղ պատրանք չկար, թե Սաակաշվիլու հակառակորդները կարող են ռուսամետ դիրքորոշումներ ունենալ: Սկզբունքորեն Սաակաշվիլին իր հակառուսական կեցվածքով գուցե ավելի ձեռնտու է Մոսկվային, քանզի դա հնարավորություն է տալիս բացահայտորեն հովանավորելու ինքնահռչակ նախկին ինքնավարություններին:
Հազիվ թե Վրաստանին էական նոր բան տա նաեւ զուգահեռաբար անցկացված հանրաքվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Լավ, վրացիները կողմ են, բայց դա նրանց լրացուցիչ շանսեր տալի՞ս է փոխելու երկրի ու տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Ինչպես Աբխազիայի եւ Օսիայի, այնպես էլ Հյուսիս-ատլանտյան դաշինքի մասնիկը դառնալու խնդիրներն անմիջականորեն կապված են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի հետ եւ ՆԱՏՕ-ն ու կոնկրետ ամերիկացիները չեն կարող դա լիովին անտեսել (ինչ արժե թեկուզեւ Եվրոպայի մեծ կախվածությունը ռուսական էներգակիրներից): Ներկայիս Ռուսաստանը ամերիկացիների գրպանում գտնվող ելցինյան վասալը չէ, Պուտինը ստիպում է հաշվի նստել վերածնվող տերության շահերի հետ: Մոսկվան կտրականապես դեմ է իր սահմանների մերձակայքում օտարերկրյա ռազմական ներկայությանը, ինչին տվյալ դեպքում ձգտում է Վրաստանը եւ ինչը համապատասխանում է սպառնալից ճգնաժամային օջախների մոտ ռազմակայաններ ստեղծելու ռամսֆելդյան դոկտրինային:
Բայց ահա, հակառակ պարագայում, Ռուսաստանը կարող է արդյունավետ հակահարված տալ երկու ուղղությամբՙ Կոսովոյի եւ Իրանի: Պուտինը մեկ անգամ չի հայտարարել, որ եթե կարելի է միակողմանիորեն անկախություն տրամադրել մեկ սուբյեկտի, ապա ինչո՞ւ դա չի կարելի անել ուրիշների համար: Եվ եթե միացյալ Եվրոպան ու հատկապես ամերիկացիներն ուզում են ապահովագրել իրենց 15-հազարանոց զինվորական ներկայությունը Կոսովոյում, նրան հռչակելով անկախ պետություն, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող ճանաչել Աբխազիան եւ Օսիան, որոնց բնակիչների մեծ մասը կրում է ռուսաստանյան անձնագիր:
Եվս երկրորդ կարեւոր պայմանը. առանց Ռուսաստանի ԱՄՆ-ը չի կարող լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը: Ի վերջո նա ի վիճակի չեղավ կասեցնել հարստացված ուրանի մատակարարումները իրանական ատոմակայանի համար կամ Իրանի կողմից ռուսական հակահրթիռային համակարգերի ձեռքբերումը: Իսկ բացահայտ դեմ գնալ Ռուսաստանին տվյալ դեպքում հօգուտ Վրաստանի, այն էլ Սպիտակ տան գլխավոր աթոռի համար մղվող թեժ պայքարի ժամանակ, մեծ շռայլություն կլիներ ամերիկացիների համար: Ամենայն հավանականությամբ Հյուսիս-ատլանտյան դաշինքը «հարգելի» պատճառներ կգտնի Վրաստանի մուտքը դանդաղեցնելու համար (օրինակՙ բանակը տակավին չի համապատասխանում ՆԱՏՕ-ի պահանջներին):
Այնպես որ թերեւս իրավացի է արեւմտյան թերթերից մեկը, որի վերլուծաբանը գրում է, որ հազիվ թե անկայունությունից օգուտ քաղի Վրաստանի նորընտիր նախագահը, որը հայտնի է իր տաքարյունությամբ, սադրանքների սիրով եւ ավտորիտար հակումներով, որոնք բիրտ դրսեւորում են գտնում ինչպես աբխազների ու օսերի, այնպես էլ նրանց ռուսաստանցի հովանավորների հանդեպ:
Ռ. Հ.