«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ՄՌԱՅԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Իրան-Իսրայել պատերազմի սպառնալիք

Ինչքան էլ ամերիկյան ներխուժումը Իրաք պատճառաբանվի նավթի համար մղվող համաշխարհային պայքարով, այդուհանդերձ փաստ է, որ հրեական լոբբին խնդիր էր դրել առաջին հերթին շարքից հանել Իսրայելի ոխերիմ թշնամուն` Սադդամ Հուսեյնին: Սակայն մերձավորարեւելյան արկածախնդրությունը բոլոր առումներով այնքան թանկ նստեց ԱՄՆ-ի վրա, որ ստեղծել մի նոր «Իրաք» ի դեմս Իրանի, ամերիկացիների համար դառնում է առավել խնդրահարույց: Մինչդեռ կհաշտվի՞ իրողության հետ Իսրայելը, որի համար Սադդամը հրեշտակ կարող է թվալ Ահմադինեժադի համեմատ:

ԱՄՆ-ի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնը զեկուցագիր է հրապարակել Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմի հավանականության ու դրա հետեւանքների մասին: Ինչպես նշում է «Ջերուսալեմ փոստ» թերթը, փաստաթղթում բերված վարկածները կրում են զուտ տեսական բնույթ, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչպիսին են Իսրայելի միջուկային իրական կարողությունները: Այդ պետությունը կտրականապես արգելում է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների որեւէ տեսչական այց իր միջուկային օբյեկտները: Թեեւ դա չի խանգարում նրան «խստիվ դատապարտելու» Իրանի համանման քայլերը:

Հետազոտության արդյունքները` բախման տարբեր սցենարները, մռայլ բնույթ են կրում, եւ դրանցից որն էլ իրագործվի, ծանր հետեւանքներ կունենա նաեւ շատ այլ պետությունների, նաեւ, բնականաբար, Հայաստանի համար: Կոնֆլիկտի դեպքում Իսրայելը կարող է միջուկային հարված հասցնել այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Թեհրանը, Թավրիզը, Ղազվինը, Սպահանը, Շիրազը, Յազդը, Ահվազը, Քերմանշահը եւ այլն: Եթե ուշադիր նայենք քարտեզին, ապա կնկատենք, որ այդ բնակավայրերի մի մասը բնավ էլ հեռու չէ մեր երկրի սահմաններից:

Զեկուցագրի հեղինակների կարծիքով, երկու պետությունների միջեւ միջուկային պատերազմը կշարունակվի մոտ երեք շաբաթ եւ կավարտվի Իրանի պարտությամբ, քանի որ Իսրայելը քանակական եւ որակական առումով տնօրինում է ավելի հզոր ու կատարելագործված միջուկային զինամիջոցների, ընդսմին գերճշգրիտ են ինչպես հարձակողական միջոցները, այնպես էլ հակահրթիռային պաշտպանական համակարգերը:

Առավել չարագուշակ են մարդկային զոհերի վերաբերյալ կանխագուշակումները. կզոհվեն 16-20 միլիոն իրանցիներ եւ 200-800 հազար իսրայելցիներ: Ընդհանուր առմամբ, ըստ զեկուցագրի, Իսրայելին կհաջողվի փրկվել կործանումից: Սակայն պարզ չէ, թե աշխարհագրական փոքր տարածքով պետությունը ինչպես կարող է գոյատեւել ռադիացիոն վարակի պայմաններում, ինչքան էլ թույլ լինեն իրենց լիցքով իրանական միջուկային ռումբերը: Նաեւ չի բացահայտված, թե Իրանի ռադիացիոն նստվածքներից ինչ չափով կարող են տուժել նրա հարեւան պետությունները:

Բնականաբար, նման պատերազմի նկատմամբ չեն կարող անտարբեր լինել մեծ տերությունները, արաբական երկրները: Մասնավորապես շոշափված է Սիրիայի միջամտության վարկածը, որն ունի քիմիական եւ մանրէաբանական զենք: Այստեղ էլ կանխատեսումները Իսրայելի օգտին են. եթե նրա կորուստները կարող են կազմել մոտ մեկ միլիոն մարդ, ապա պատասխան հարվածի դեպքում կոչնչանա Սիրիայի գրեթե ողջ բնակչությունը: Իսկ եթե կոնֆլիկտին խառնվի Եգիպտոսը, ապա միջուկային հարվածի թիրախ կդառնան Կահիրեն եւ մյուս բազմամիլիոնանոց քաղաքները, Ասուանի ջրամբարտակը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4