Հունվարի 14-15-ին Երեւանում տեղի կունենա «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Շվեդիայի շրջանավարտների հայաստանյան միության հետ համատեղ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի կազմակերպած գիտաժողովում ելույթ կունենան Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
Գիտաժողովում կքննարկեն, թե ինչ է ընդլայնված սեւծովյան տարածաշրջան հասկացությունը, դրա դիտարկումը Հայաստանի տեսանկյունից, տարածաշրջանի հնարավոր ինստիտուցիոնալ դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում եւ այլն: Միջազգային հավաքին կմասնակցեն քաղաքական-հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ մի շարք նախկին խորհրդային երկրներից, նաեւ Բուլղարիայից, Ռումինիայից, Հունաստանից, Թուրքիայից, Սլովենիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից:
Ա. Հ.