Իր աջակիցներին նա հատուցելու է պետական աստիճանակարգով
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1997 թվականի դեկտեմբերի 26-ից հետո Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջին անգամ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 1,5 ժամ տեւող ասուլիսի ընթացքում նա խոսեց բազմաթիվ հարցերի մասին, որոնցից առանձնացնենք մի քանի առանցքային հարցերի նրա պատասխանները: Բայց մինչ այդՙ «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահի մասին, ուր տեղի էր ունենում հանդիպումը: Դահլիճը լի էր Տեր-Պետրոսյանի կողմնակիցներով, իսկ այն զգուշացումները, թե մուտքը միայն լրագրողական վկայականներով է, վերաբերում էին հավանաբար ոչ բարեկամ ուժերից անցանկալի ներկաներ չունենալուն: Բնականաբար այդպիսի դահլիճը պատրաստ էր ծափ տալ ամեն պահի, երբ դրա հնարավորությունը ստեղծվում էր: Ահա այդ դահլիճում Տեր-Պետրոսյանն արդեն նախագահ էր, իսկ դրանից դուրսըՙ կարեւոր չէր:
Ինչո՞ւ իր համար գիտությամբ զբաղվելու հաճելի իդիլիայից, երբ ոչ գլավլիտ կա ու ոչ ոք չի խոչընդոտում իր գիտական գործերի հրատարակմանը, Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն եւ մասնակցում է նախագահական ընտրություններին: Այս հարցին կարծես թե այս անգամ ավելի ամբողջական պատասխան հնչեցՙ 2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր: Եթե այն ժամանակ մտներ քաղաքականություն` որեւէ շահ չէր ունենա հաղթելու համար, կխանգարեր Ս. Դեմիրճյանին, որը լավ չէր լինի ոչ Դեմիրճյանի եւ ոչ էլ բոլորի համար, իսկ ահա 2008-ը Տեր-Պետրոսյանի աստեղային ժամն է լինելու: Ի՞նչն է փոխվել հիմա. «Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ընդդիմությունը կորցրել է քաղաքական գործոնի իր դերը... որովհետեւ չկա մի ուժ, որը կարողանա խանգարել այս իշխանության վերարտադրությանը: Ես մտա` կատարելու համար իմ պարտքը: Եթե կարող եմ նպաստել այդ խնդրի լուծմանը` ուրեմն այլեւս չեմ կարող տանը նստել: Սա խղճի հարց չէ, հստակ քաղաքական գիտակցություն է, քանի որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար. վերջին հաշվով ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, թեեւ պատասխանատու չեմ դրանից հետո, թե նրանք ինչպիսի՞ պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի:
Սա էր իմ խնդիրը եւ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, եթե կարողանամ համոզել մեր ժողովրդին, հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են, որ միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը: Ես չեմ ուզում ապոկալիպտիկ տեսարան նկարագրել, բայց որ մենք շատ դժբախտությունների եւ փորձությունների ենք ենթարկվելու, հանդիպելու այդ պարագայում` բացարձակապես չեմ կասկածում»:
«Ազգը» ճշտեց` արդյոք այս դահլիճի ծափերից այն կողմ Հայաստանի առաջին նախագահը սթափ գնահատե՞լ է իր հնարավորությունները եւ որքա՞ն է այս պահին նրա վարկանիշը. «Ես այն մարդը չեմ, որ ասեմ` հաղթելու եմ... Բայց մի փաստ ես կարող եմ նշել. թե որքա՞ն է իմ վարկանիշը` դա մի կողմ դնենք, բայց որ այս իշխանությունների միակ ռեալ հակադիր ուժն այսօր ես եմ եւ մեր շարժումն է` կարծում եմ, փաստ է: Ինչ վերաբերում է իմ համոզմունքը ժողովրդին հասցնելուն, մի վախեցեք, չի լինելու ՀՀ-ում որեւէ քաղաքացի, որն իմ տեսակետին չծանոթանա: Յուրաքանչյուրը երեք միլիոնի կամ 2,2 մլն-ի կծանոթանա իմ բոլոր ծրագրերին, բոլոր խոսքերին, արդեն ծանոթ է: Ես անսթափ չեմ, դուք սխալվում եք, ես արդեն խոսել եմ կես մլն մարդու հետ, իմ բոլոր ելույթները գրքույկների, տեսասկավառակների ձեւով հասնում են, այդպիսի լսարան ոչ մի թեկնածու չունի: Ոչ իսկ իշխանական թեկնածուն, որը 15 հեռուստակայանով խոսում է` նրան չեն լսում-չեն տեսնում, իսկական լսարանը այդ կես միլիոնն է, որ պետք է ավելանա: Վստահ եղեք, մինչեւ փետրվարի 19 ՀՀ-ում չի լինի որեւէ քաղաքացի, որը չծանոթանա իմ ծրագրերին, իմ ելույթին, իմ պլատֆորմին», ի պատասխան իր վարկանիշն այս պահին գնահատելու մեր հարցին այս պատասխանը տվեց Տեր-Պետրոսյանը: Մի այլ հարցի պատասխանելով` նա ավելի անվերապահ դարձավ. «Եթե մյուսներն ասում են, թե իրենք հաղթելու են, ապա ես ասում եմ, որ արդեն հաղթած եմ», հայտարարեց նա:
Ո՞վ է լինելու Տեր-Պետրոսյանի թիմը (ենթադրվում է` հաղթելուց հետո եւ կառավարություն կազմելիս-Մ.Խ.). «Ցանկացած ընտրություն, որը վերածվում է քաղաքական շարժման, ունենում է իր լիդերները. իշխանության են գալու այն լիդերները, որոնք այսօր ձեր կողքին են, սատարում են ինձ: Դա վերաբերում է այն կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք սատարում կամ աջակցում են ինձ: Սկզբունքը լինելու է հետեւյալը. յուրաքանչյուրն այս շարժման մեջ, մեր հաղթանակի մեջ ներդրած ջանքերի չափով պիտի հատուցվի մեր պետական աստիճանակարգով»: Ինչպես տեսնում եք` պաշտոն բաժանելու սկզբունքը ՀՀՇ-ի ժամանակներից ի վեր Տեր-Պետրոսյանի մոտ չի փոխվել:
Արդեն նախկին դարձածներից (ենթադրվում էՙ ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթելուց հետո-Մ.Խ.) որեւէ մեկը կշարունակի՞ պաշտոնավարել, անհանգստացան լրագրողները: Իհարկե կշարունակեն, ներկա իշխանության կազմում կան արհեստավարժ մասնագետներ, որոնք պիտի շարունակեն իրենց գործունեությունը, մանավանդ միջին եւ ստորին օղակները, նրանք անհանգստանալու խնդիր չունեն, հանգստացրեց ձայնում ինքնավստահության շատ բարձր նոտաներ ունեցող նախկին նախագահը: Ու հետն էլ խոստացավ, որ տղա չի բերելու դրսից` ո՛չ Եվրոպայից, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Նահանգներից. «Ես դրսի աջակցության կարիքը չունեմ: Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ, եթե սկուտեղի վրա ինձ իշխանություն բերեն Ռուսաստանից, Ամերիկայից, ես այդ սկուտեղի վրա մի ծաղիկ կավելացնեմ եւ կվերադարձնեմ նրանց», պատկերավոր ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանի նախագահին պետք է ընտրի ժողովուրդը, իսկ արտաքին ուժերն ընդամենը պետք է հաշտվեն նրա կատարած ընտրության հետ, օրիինակ` ոչ Սաակաշվիլուն, ոչ Յուշչենկոյին դրսի ուժերը չեն ընտրել: Հիշեցմանը, թե մայիսի ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականը դրական է եղել` Տեր-Պետրոսյանը հակադարձեց. «Դե, գնացեք փողոց եւ ժողովրդին հարցրեք, թե ի՞նչ կարծիք ունեն այդ կարծիքի մասին»:
Տեր-Պետրոսյանը, սակայն, պատրաստակամ է աշխատելու այժմ խորհրդարանում գոյություն ունեցող մեծամասնության հետ. «Չեմ կասկածում, որ որեւէ բարդություն լինի: Սահուն կձեւավորվի կառավարություն, կնշանակվի վարչապետ, որից հետո իմ ծրագրի հիմնադրույթների հիման վրա կներկայացվի կառավարության ծրագիրը, որը, ես կարծում եմ, շատ լուրջ ծրագիր է»: Հետաքրքրական է, որ նա տնտեսական վերաբաժանում նույնպես չի խոստանում:
Լրագրողներից մեկի այն հարցը, թե ինչպե՞ս է տեր կանգնելու իր ձայներին փետրվարի 20-ին, Տեր-Պետրոսյանը հետ հասցեագրեց. «Հարց տվողն ինքը պետք է տեր կանգնի: Կա պետություն, կա Սահմանադրական դատարան, կա դատախազություն, կա Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց գործն ի՞նչ է` տեր կանգնել ժողովրդի ձայներին»: Իսկ անձամբ ինքը անելու է օրենսդրությունից բխող քայլեր` ցանկապատ չի կոտրելու, խորհրդարանի նախագահի գլուխ չի կոտրելու, այդպես վարվող թեկնածուն կործանվեց այդ պատճառով: Թափանցիկ ակնարկը Վազգեն Մանուկյանի կողմն է նետված:
Մինչ այդ, սակայն, Վ. Մանուկյանի եւ 1996 թվականի նախագահական ընտրությունների մասին խոսելիս նկատել էր, թե այդ ընտրությունների արդյունքները միջազգային հանրությունն ընդունել է: Իսկ որ Վ. Մանուկյանը համոզված է` ինքն է ընտրվել նախագահ, Տեր-Պետրոսյանը հարգում է նրա կարծիքը, թող այդպես էլ համոզված մնա, բայց քաղաքականությունն իրավական պրոցես է. 1000-ից ավելի արձանագրություն ներկայացրեց եւ դիմեց Սահմանադրական դատարան, միայն մի քանի տասնյակ արձանագրություններում են եղել թվական անճշտություններ. «Իմ մրցակիցը որեւէ ապացույց չի կարողացել բերել, որ այդ ընտրությունները կեղծված են: Միջազգային հանրությունն էլ ընդունել է ընտրությունների արդյունքները: Իսկ որ իմ նախկին մրցակիցն ու մտերիմ ընկերն այդպես է մտածում` թող մտածի», ասաց:
Ղարաբաղյան բանակցային գործընթացը որտեղի՞ց է վերսկսելու. «Իհարկե, 98-ից չեմ սկսելու: Գործընթացն այլ աստիճանի վրա է, քան էր 98 թվականին: Այսօր կա մի նոր առաջարկ` համանախագահների վերջին գրավոր առաջարկը եղել է ընդհանուր պետության առաջարկը, դրանից հետո համանախագահները որեւէ գրավոր առաջարկ չէին ներկայացրել, այսինքնՙ վերականգնվում է նախկին ավանդույթը, որն ավելի լրջացնում է գործը. նախ պետք է ծանոթանամ առաջարկին: Ես ունեմ այդ առաջարկը, բայց քանի որ դա պետական գաղտնիք է, ես էլ պետական պաշտոն չեմ զբաղեցնում, իրավունք չունեմ դրա մասին որեւէ վերաբերմունք արտահայտելու: Բովանդակությունը մոտավորապես ես փոխանցել եմ ձեզ իմ հանրահավաքային ելույթներից մեկում, ըստ էության դա նույն փուլային տարբերակն է, թող ոչ մի աճպարարություն չանեն, մաքուր փուլային տարբերակն է, գումարած մեկ բան` խոսակցություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ապագայում, դեռեւս անորոշ ժամանակում չպարզված հարցով չկանոնակարգված ինչ-որ հանրաքվե-ժողովրդական հարցում անցկացնելու մասին»: Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը կբացվի միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո:
Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի վերաբերյալ մի հարցի` Տեր-Պետրոսյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ես երջանիկ կլինեմ, որ Հայաստանում լինի այնպիսի դեմոկրատիա, որ «Ազատություն» ռադիոկայանի կարիքը չզգացվի, ինչպես որ չի զգացվում Արեւելյան Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում»:
«Արմենիա-Մարիոթից» դուրս այլ իրականություն էր, հեռու ներսում նկարագրվածից: