Տեր-Պետրոսյանը երբեմն լսո՞ւմ է Գեղամյանի խորհուրդները
Փրկիչը որոշել է «արարել»
Լրջության ամենասովորական չափաբաժնի դեպքում անլրջությունը կլինի այն միակ պատասխանը, որով կարելի է վերաբերվել արդեն իսկ հրապարակված երկու նախագահական թեկնածուների, ներեցեք արտահայտությանս համար, նախընտրական ծրագրերին: Մեկի` Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հանդարտ խոհերին» թերեւս հարիր է մյուսի` Արտաշես Գեղամյանի «Արարման ծրագիրը», որը եւ ներկայացնելու համար Գեղամյանը երեկ ասուլիս էր հրավիրել:
Ամենայն մանրամասնությամբ շեշտելով, թե քանի էջից է բաղկացած «արարման» ծրագիրըՙ գեղամյանական հոդվածների, հարցազրույցների ու ելույթների ժողովածուն եւ նման էլի հրատարակություններ, «Ազգային միաբանություն» կուսակցության «փրկիչ» Արտաշես Գեղամյանը կոչ արեց բոլոր նախագահացուներին անձնական վիրավորանքներին վերջ տալ ու «ապրել համերաշխ»:
ԱՄ կուսակցությունից ասուլիսին ներկա Ալեքսան Կարապետյանը նշեց, թե Հայաստանի առաջին նախագահի վերադարձը իշխանությունների հերթական հնարքն` ամեն գնով «Գեղամյանի հաղթանակը խոչընդոտելու նպատակով», ընդ որում պարզվեց, որ Գեղամյանին սազական են «չկոտրվող, չկաշառվող» ածականները:
Տեր-Պետրոսյանի «խոհերի» առնչությամբ էլ մեջբերումներն, էլի գեղամյանական տվյալներով, առատ խոսքերն էին եւ այն մտահանգումը, թե Տեր-Պետրոսյանը «ծաղկաքաղ է արել իմ (Արտաշես Գեղամյանի - Ա.Հ.) գրքից` հայոց լեզվի տեսակետից խմբագրական որոշ փոփոխություններով»: Ընդ որում, տերպետրոսյանական «խոհերում» նշված որոշ հարցերում, ըստ Գեղամյանի, առաջին նախագահին վարկաբեկել են, ինչի համար հենց Գեղամյանն էլ վատ է ապրում:
Առավել հետաքրքրական է, որ եթե ԼՏՊ-ն երեկ իսկ հրավիրած ասուլիսում հայտարարում է, թե իր վերադարձը ընդդիմության չներկայացված լինելով է պայմանավորված, ապա Գեղամյանը կարծում է, թե դա ապտակ է Տեր-Պետրոսյանին սատարող ընդդիմադիրներին, իսկ իրեն նա քաղաքական մրցակից չէ: Եվ եթե փրկչի պիտակն իրեն իսկ փակցնող Գեղամյանը Տեր-Պետրոսյանին է համարում նիրվանայի մեջ գտնվող ու այդ վիճակում հայտնված դեռեւս 1991-ից, ապա զարմանալի չէ, որ ըստ Գեղամյանի, Տեր-Պետրոսյանը այսօր որպես քաղաքական դեմք հետաքրքրություն չի ներկայացնում:
Ինչեւէ, եթե առաջնորդվենք Արտաշես Գեղամյանի պարագայում մշտապես ընդգծվող եւ կարեւորվող տրամաբանությամբ, ապա իր նախորդ` հակաճգնաժամային ծրագրից անցումը «արարման» կարող է միայն ընկալվել այնպես, թե ներկա իշխանությունները նորմալ էլ աշխատում են: Էլ ինչո՞ւ է առաջադրվում Գեղամյանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ