ՀՀԿ-ն առավել կարեւորում է դրական, լավ ընտրությունները հաղթանակից: Միաժամանակ վստահ է, որ ընտրություններում հաղթող լինելու է, պարտվողներՙ ոչ: Գոնե ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այդպես ներկայացրեց երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում եւ ասածն էլ հիմնավորեց. «Երկրի համար դրական, լավ ընտրություններն են կարեւոր, մենք ծանրաձողը պահում ենք, քաղաքական ներուժը օգտագործում ենք, որպեսզի ընտրությունները անցնեն այդպես եւ ավարտվեն փետրվարի 19-ին»: Ընտրական ուղին առանց հայհոյելու անցնելու մտադրություն ունեցող ՀՀԿ-ն ընտրություններում իր բաժին պատասխանատվությունը գիտակցած ու հասարակությանը ներկայացրած է համարում, ավելին. «Մեր թեկնածուն իր պահվածքով արդեն 20 տարի քարոզարշավի մեջ է, եւ ժողովուրդը գիտի նրան, իսկ ժողովրդի տրամադրությունը սոցիոլոգիական հարցումներից բարձր ենք գնահատում: Մեր դաշտը հստակ է, ճանապարհը դրական ցուցանիշներով ենք անցել, ծրագիրն էլ շարունակական է», ասաց Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն իր թեկնածուով հայտնի է ու ճանաչված ժողովրդի կողմից եւ մյուս թեկնածուներն են նոր-նոր մեկնարկելիք փուլում «անցնելու լրագրողական ասելիքի մրցավազքից այն կողմ, իջնելու դեպի ժողովուրդըՙ մոտենալու նրա լսելիքին, եւ այդ է պատճառը, որ միմյանց դեմ են պայքարում ու որքան ուժեղ են հայհոյում, այնքան մեզ ուժեղ են տեսնում: Այլապես բոլորը բոլորին ճանաչում ու միմյանցից չեն սարսափում»: Ամենազորության ու ճանաչվածության մասին համոզմունք ներկայացնելու հետ մեկտեղ Գալուստ Սահակյանը գտնում է, որ պայքարն այնուամենայնիվ ընթանալու է բազմաթիվ թեկնածուների միջեւ եւ կհաղթի մեկը, իսկ ինչ վերաբերում է ուղիղ հեռուստաեթերում ՀՀ նախագահի թեկնածուների բանավեճին, ապա ոչ անհրաժեշտ, անընդունելի է համարում միայն մեկըՙ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան բանավեճը, որի առնչությամբ կուսակցությունում քննարկում չի եղել եւ դրական եզրակացության դեպքում «գուցե լռեմ, բայց ինձ վիրավորված կզգամՙ զրուցելու եկող մարդը հայհոյանքից չպետք է սկսի», պատճառաբանեց բանախոսը: Ժողովրդի ընտրությանը վստահ ՀՀԿ-ն աշխատելու է համապատասխան պատրաստվածություն անցած վստահված անձանց ու հանձնաժողովների ներկայացուցիչների միջոցով եւ արդեն իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի հրապարակումից հիասթափված է. «Ծրագրի այլ տարբերակների ենք սովոր, այլ բաղկացուցիչ մասեր պետք է ունենար: Հիասթափվեցինքՙ դա ծրագիր չէր, այլ միտինգային ելույթի մաս», կարծիք հայտնեց Գալուստ Սահակյանը:
Ի վերջո բանախոսը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին կլուծվեն կենցաղի եւ սոցիալական բարդությունները, սակայն տասնամյակից ավելի կպահանջվի 90-ականների սկզբին իշխանությունից օտարված մտավորականությանն առաջին դիրքեր վերադարձնելու համար:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ