«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2008թ. փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի համար, որոնց ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը եւս մեկ անգամ կհաստատի, որ Հայաստանը ժողովրդավարության ուղին որդեգրած երկիր է:

Աներկբա է ընտրական գործընթացներում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը: Այս առումով, մեզ համար հասկանալի են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ԶԼՄ-ների գործունեությանը տրվող գնահատականները: Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ երբեմն այդ գնահատականները միակողմանի են` հիմնված մեկ-երկու թերթի մեկնաբանությունների վրա:

Դեռեւս երկու ամիս առաջ լրագրողական կազմակերպություններն ու լրագրողների համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, կոչ անելով Հայաստանի ԶԼՄ-ներին, լրագրողներին` հավատարիմ մնալ խոսքի ազատության սկզբունքներին, ԶԼՄ-ներում հավասար պայմաններ ստեղծել նախագահական ընտրությունների անաչառ, հավասարակշիռ լուսաբանման համար, փոխադարձաբար լինել հանդուրժող, պահպանել մասնագիտական վարքականոնները: Հայաստանի լրագրողները վճռական են` ձեռք բերված ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների պահպանման եւ ամրապնդման գործում:

Կարեւորելով միջազգային կազմակերպությունների կարծիքը առաջիկա ընտրություններում լրատվամիջոցների վարքագծի մասին, միաժամանակ կոչ ենք անում նրանց` գնահատականներ տալիս հիմնվել լրատվական ամբողջ դաշտի անկողմնակալ, հավաստի դիտարկումների անմիջական արդյունքների վրա:

Մենք մեր խնդիրն ենք համարում պաշտոնական քարոզարշավի ընթացքում պատշաճորեն իրականացնել մեր մասնագիտական լուրջ առաքելությունը եւ անաչառ լուսաբանել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները:

11.01.08թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4