Գների չհիմնավորված բարձրացում թույլ չտալը համահունչ է շուկայական տնտեսության տրամաբանությանը
Յուրաքանչյուր Նոր տարվա նախօրեին կրկնվող սննդամթերքի թանկացումներն ունենին իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ այդ օրերին սպառումն ավելանում էր, իսկ սուբյեկտիվը, որ դրանից օգվելով, տնտեսվարողներըՙ արտադրողներից եւ ներմուծողներից սկսած մինչեւ առեւտրի օբյեկտներ, փաստորեն արհեստականորեն բարձրացնում էին ապրանքների գները, ստանալով չհարկվող գերշահույթներ: Այս տարի, սակայն, նման բան գրեթե տեղի չունեցավ: Ապրանքների գները հիմնականում մնացին նույնը, բացառությամբ բանանի ու կիտրոնի որոշ թանկացման: Ինչո՞ւ: Ինչպե՞ս դա հաջողվեց եւ ինչո՞ւ չէր հաջողվում նախկինում: Գների նախամանորյա բարձրացումը կանխող այս քաղաքականությունը տեղավորվո՞ւմ էր շուկայական տնտեսության տրամաբանության մեջ եւ կկիրառվի՞ նաեւ հետագայում:
Իշխանություններին հաջողվեց կանխել հնարավոր դժգոհությունները
Նախամանորյա գների թանկացումները սովորաբար տեղի են ունենում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների հետեւանքով: Այդ երեւույթները համարվում են շուկայական մրցակցությանը եւ գնագոյացմանը հակասող երեւույթներ: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները բազմիցս մատնանշել են դրանք որպես Հայաստանի տնտեսական առաջընթացին խոչընդոտող գործոններ: Զանգվածային լրատվամիջոցներում եւ հատկապես մեր թերթում բազմիցս ենք քննադատել այդ երեւույթի հեղինակ տնտեսվարողներին, դրանց դեմ միջոցներ չձեռնարկող կառավարությանն ու տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Մինչեւ վերջերս հանձնաժողովի նախագահն ու անդամները նման իրավիճակը բացատրում էին օրենսդրական անկատարությամբ, որի պատճառով հանձնաժողովը իրավասություն չուներ պատժամիջոցներ կիրառել հակամրցակցային համաձայնություններ արձանագրվելու դեպքում: Սակայն օրենքը փոխվեց եւ հանձնաժողովը կարծես թե սկսեց ավելի արդյունավետ գործել:
Նախ պատժվեցին կարագի եւ ձեթի չհիմնավորված թանկացումներ թույլ տված տնտեսվարողները, ապա կանխվեց նախամանորյա թանկացումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերին հանձնաժողովը նախազգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ, կոչ անելով տնտեսվարողներին զերծ մնալ գների չհիմնավորված բարձրացումներից եւ խոստանալով այդպիսիք դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը անցկացվելիք մոնիտորինգի ժամանակ հայտնաբերելու դեպքում կիրառել օրենքով սահմանված տուգանքները: Այժմ, երբ այդ ժամանակահատվածն արդեն ավարտվում է, կարող ենք արձանագրել, որ հանձնաժողովի նախազգուշացումն իսկապես ազդեցիկ եղավ, թեեւ շատերը չէին հավատում դրան:
Թե ինչո՞ւ այս անգամ դա տեղի ունեցավ, կարելի է բացատրել երկու հիմնական գործոններով: Առաջին, որ հարցն իսկապես հասունացել էր, ստեղծվել էր հասարակական կարծիք եւ վաղուց արդեն պետք է կարգավորվեր: Եվ երկրորդ, որը բխում է առաջինից, այդ հարցը պետք է կարգավորվեր մինչ նախագահական ընտրությունները: Դրանով գործող իշխանությունները եւ մասնավորապես նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը ցանկանում էին կանխել հավելյալ դժգոհությունները եւ ձգտում ցույց տալ հասարակությանը, որ ի վիճակի են լուծել նրան հուզող խնդիրները: Պետք է ասել, որ այս հարցում դա նրանց հաջողվեց:
Ապրանքների դեֆիցիտ չնկատվեց
Կարո՞ղ ենք ակնկալել, որ Հայաստանի բնակիչներն այսուհետեւ Նոր տարվան նախորդող շրջանում կամ այլ դեպքում պաշտպանված կլինեն իրենց համար թերեւս ամենացավոտՙ չհիմնավորված թանկացումներից: Համենայն դեպս կարող ենք ասել, որ դրա հավանականությունը մեծ է: Նախ, ինչպես արդեն նշեցինք, օրենքում կատարվել է համապատասխան փոփոխությունը եւ հանձնաժողովն ավելի մեծ իրավասություններ է ստացել: Այնուհետեւ, վերջերս, Հանրապետական կուսակցության առաջարկով օրենքում կատարված փոփոխությամբ ավելի է խստացել տուգանքը հակամրցակցային համաձայնությունների համար: Հաջորդ փաստարկն այն է, որ արդեն ձեւավորվում է գների չհիմնավորված բարձրացման պատճառով լուրջ տուգանքների կիրառման ավանդույթը, որից հետ դառնալը, եթե չասենք անհնար, ապա շատ դժվար է:
Կցանկանայինք անդրադառնալ իրենց ազատական (լիբերալ) տեսաբան համարողների հարցինՙ արդյոք այս քայլերը չե՞ն հակասում շուկայական տնտեսության սկզբունքներին: Առաջ անցնելով ասենք, որ այդ հարցն իրականում բարձրացվում է բացառապես քաղաքական նկատառումներով, քանզի ակնհայտ է, որ գների չհիմնավորված բարձրացումների դեմ ձեռնարկվող քայլերը զրկում են քաղաքական որոշակի ուժերին թանկացումների թեման շահարկելու հնարավորությունից: Ակնհայտ է նաեւ, որ հակամրցակցային համաձայնություններ կամ գերիշխող դիրքի չարաշահում թույլ չտալը նշանակում է խրախուսել մրցակցությունը, այսինքնՙ համահունչ է շուկայական տնտեսության տրամաբանությանը: Այլապես, երբ գները ձեւավորվում էին այս կամ այն մենաշնորհատիրոջ կամ շուկայում գերիշխող դիրք ունեցողների խմբի կողմից, դրանք ոչ մի կերպ շուկայական չեն կարող համարվել: Այս երեւույթի առկայությունը նույնպես քննադատվել է մեր թերթում: Մի խոսքով, հերթական անգամ ականատես ենք լինում զավեշտալի տեսարանի, երբ բազմաթիվ քննադատությունների, պայքարի եւ ջանքերի շնորհիվ իշխանությունները վերջապես ձեռնամուխ են լինում կատարելու պահանջվող քայլերը, ի հայտ են գալիս քաղաքական դեմագոգներ եւ սկսում պաշտպանել այն, ինչը մինչ այդ քննադատվում էր եւ ինչը իշխանությունները վերջապես փորձում են շտկել: Մասնավորապես նույն երեւույթին ականատես եղանք, երբ Հայաստան ներմուծվող հին ավտոմեքենաների համար կառավարության նախաձեռնությամբ սահմանվեցին բնապահպանական վճարներ:
Վերադառնալով գների չհիմնավորված բարձրացումը թույլ չտալը շուկայական տնտեսության համար վտանգ համարողներին, մեկ անգամ եւս հիշեցնենք, որ մենաշնորհների եւ հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանություններին մշտապես հիշեցնում են ազատական-շուկայական տնտեսության ամենամեծ ջատագովներըՙ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Իսկ ապացույցը, որ այդ քաղաքականությունը համահունչ է շուկայական տրամաբանությանը, այն է, որ այս ընթացքում ապրանքների դեֆիցիտ չնկատվեց: Այսինքն, տնտեսվարողները շարունակեցին իրենց նորմալՙ առանց գների չհիմնավորված բարձրացման գործունեությունը, ստացան շահույթ եւ չթաքցրեցին ապրանքները: Եվ ամենակարեւորըՙ բնակչությունը չկրեց գումարային կորուստներ, ինչը երեւի թե վերոնշյալ տեսաբանների համար այնքան էլ կարեւոր չէ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ