Ավելացել է հայկական արտադրության սննդամթերքի, քիմիական ապրանքների, շինանյութերի, մեքենասարքավորումների արտահանումը
Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշների մասին խոսելիս սովորաբար նշվում է դրա բացասական հաշվեկշռի եւ նրաՙ ամսեամիս խորանալու մասին: Մինչդեռ արժե, որ մանրամասներ նշվեն մեր արտահանման եւ ներմուծման ապրանքային կառուցվածքի մասին: Այն լիարժեք պատկերացում է տալիս մեր տնտեսության իրական հատվածի մրցունակության եւ զարգացումների մասին: Թվային ցուցանիշները հետեւյալն են: Անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր առեւտրաշրջանառությունն արտերկրի հետ կազմել է 3 մլրդ 932 մլն դոլար, որից արտահանումը կազմել է մոտ 1 մլրդ 61 մլն դոլար, ներմուծումըՙ 2 մլրդ 871 մլն դոլար: Արտահանումն ավելացել է 21,1 տոկոսով, ներմուծումըՙ 47,2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը խորացել է, կազմելով 1,8 մլրդ դոլար:
Որակական փոփոխություններ արտահանման կառուցվածքում
Շարունակվում է թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղների, քարերի ու դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալների անկումը: Հայաստանից անցյալ տարվա 11 ամիսներին արտահանվել է այս ապրանքախմբի 196 մլն դոլարի ապրանք, որը 28 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Փոխարենը շարունակվում է ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի, այսինքնՙ հանքարդյունաբերության եւ մետաղագործության արտահանման ծավալների աճը: Այն կազմել է 39 տոկոս: Գումարային առումով արտահանման ծավալներն այստեղ կազմել են 355 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալների մոտ մեկ երրորդը:
Պատրաստի սննդի արտադրանքի արտահանման աճը նույնպես շարունակվում է, կազմելով 62,1 տոկոս: Հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել է 131 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Արտահանման կառուցվածքում զգալի է մնում հանքահումքային արտադրանքի արտահանումըՙ 161 մլն դոլար: Աճը 2006-ի նույն ժամանակահատվածի համեմատՙ 39 տոկոս:
2007-ի 11 ամիսներին արտահանման ծավալների զգալի աճ է արձանագրվել մի շարք ապրանքախմբերում, որտեղ թեեւ գումարային առումով առանձին-առանձին դեռ նշանակալի դեր չեն խաղում ընդհանուր ցուցանիշներում, բայց դրական միտումներ են կանխատեսում:
Մասնավորապեսՙ արտահանել ենք 36 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից, 29 մլն դոլարի սարքեր, որը 51,8 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը, 24 մլն դոլար վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներՙ 85 տոկոսով ավելի 2006-ի համանման ցուցանիշից: Փաստորեն, այս երեք ապրանքախմբերը միասին մեր արտահանման մեջ ունեցել են շուրջ 100 մլն դոլարի ցուցանիշ, որը կրկնակի ավելի է նախորդ տարվաՙ դարձյալ միասին վերցրած ցուցանիշի համեմատ:
Մոտ 27 մլն դոլարի պլաստմասսայե, ռետինե իրեր եւ կաուչուկ ենք արտահանելՙ աճը 13 տոկոս, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան կրկնակիՙ 121 տոկոսով, կազմելով 8,5 մլն դոլար: Սրանք էլ վկայում են քիմիական արդյունաբերության մեջ արձանագրվող դրական տեղաշարժի մասին:
Շինանյութերի արտադրության զարգացման մասին է վկայում քարից, գիպսից եւ ցեմենտից իրերի արտահանման դարձյալ կտրուկ աճըՙ 134 տոկոսով: Գումարային առումով արտահանման ծավալներն այստեղ կազմել են 19 մլն դոլար: Հասկանալի է, որ այս ապրանքախմբում արտահանվող հիմնական ապրանքը ցեմենտն է: Ավելի բարձրՙ 333 տոկոսով աճ արձանագրած մյուսՙ կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ ապրանքախմբի մեջ էլ, բնականաբար, հիմնական արտահանվող ապրանքը կոշիկն է:
Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներն են բնութագրում բուսական ծագման արտադրանքի 22,3 տոկոս եւ կենդանիների ու կենդանական ծագման ապրանքների 8,9 տոկոս արտահանման ավելացումը: Առաջին դեպքում ծավալները կազմել են 16 մլն դոլար, երկրորդի դեպքումՙ 7,6 մլն դոլար:
Շարունակվում է ավտոմեքենաների մեծ ծավալներով ներմուծումը
Ներմուծման կառուցվածքում շարունակվում են առանձնանալ ապրանքների երեք խոշոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն այս տարվա 11 ամիսներին նշանակալի աճ է ունեցել: Առաջինը հանքահումքային արտադրանքն է, որի ծավալները կազմել են 458 մլն դոլար, աճըՙ 42,1 տոկոս: Այնուհետեւ գալիս են «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» եւ «վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերըՙ համապատասխանաբար 378 մլն դոլար (39,4 տոկոս աճ) եւ 336 մլն դոլար (90 տոկոս աճ) ցուցանիշներով: Սրանք ընդհանուր ներմուծման մոտ 40 տոկոսն են կազմում:
Հանքահումքային արտադրանքն օգտագործվում է արտադրության մեջ եւ նրա ծավալների ավելացումը բերում է արտադրության ծավալների ավելացում: Մեքենաների եւ սարքավորումների ավելացումը դարձյալ հիմնականում արտադրության, մասամբ ծառայությունների ոլորտներին է ուղղված: Սա վկայում է Հայաստանում ընթացող սարքավորումների վերազինման եւ արդիականացման գործընթացի մասին: Տրանսպորտի միջոցների ավելացումն էլ խոսում է մեր երկրում դրանց պահանջարկի ավելացման մասին: Դրանց, հիմնականում մարդատար ավտոմեքենաների ներմուծումն ավելացել է գրեթե կրկնակի, ինչը մեր կենսամակարդակի բարձրացման անուղղակի ապացույցներից մեկն է:
Մեծ քանակներով ներմուծվում են նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր եւ դրանցից պատրաստված իրերՙ 272 մլն դոլար արժողությամբ: Այստեղ դարձյալ ադամանդագործության ծավալների անկման պատճառով նվազել է ներմուծումըՙ 7,5 տոկոսով: Ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի ներմուծումն ավելացել է կրկնակի եւ կազմել 299 մլն դրամ:
Բացասական կարելի է գնահատել պատրաստի սննդի ներմուծման ծավալների ավելացումը մոտ 59,5 տոկոսով կամ 85 մլն դոլարով: Ներմուծված պատրաստի սննդի ծավալները կազմել են 227 մլն դոլար: Ինչպես առիթ ենք ունեցել նշելու, սա խոսում է այն մասին, որ անգամ այս ոլորտում, որտեղ թվում է, թե մեր շուկան շատ փոքր է եւ տեղական արտադրության համար սահմանափակ, պարզվում է, որ 227 մլն դոլարի արժողությամբ շուկայի համար մրցակցելու հնարավորություններ կան տեղական արտադրողների համար:
Բուսական ծագման արտադրանքի ներմուծումն ավելացել է 84 տոկոսով եւ հասել 169 մլն դոլարի: Այստեղ թերեւս զգալի մասնաբաժին է ընկնում Հայաստանում չաճող միրգ-բանջարեղեններին, բայց ոչ միայն դրանց: Այն պտուղ-բանջարեղենի կամ մրգերի ներմուծումը արտերկրից, որոնք աճում են նաեւ Հայաստանում, հեռանկարում լուրջ մրցակցություն կարող է ստեղծել Հայաստանի գյուղատնտեսության համար: Պետության առաջնահերթություններից պետք է լինի աջակցել մեր գյուղացիներին այդ մրցակցությանը դիմանալու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ