«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ՏԱ՛Ք ՀԱԳՆՎԵՔ, ԼԱ՛Վ ՕԴԱՓՈԽԵՔ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ՃԻ՛ՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՊԱՀԱԾՈՆԵՐԸ

Համաճարակային իրավիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ցուրտ ձմեռը շատերիս է վախեցրել. գրեթե չկա ընտանիք, որտեղ մրսածություն ունեցող որեւէ մեկը չլինի: Սաստկացող ցրտերը մտահոգում են, որ վերին շնչուղիների հիվանդությունները, գրիպը եւ այս շրջանին բնորոշ մրսածության մյուս դրսեւորումներն ավելի կխստանան: Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ համաճարակային իրավիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, բռնկումներ չկան, դեպքերի բարձրացում, անգամ սննդային թունավորումների դեպքեր չկան: Այս մասին «Ազգի» հետ հարցազրույցում վստահեցրեց պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը:

Տեսչության պետի տեղակալի խոսքով, տարվա այս ժամանակաշրջանի համար ընդհանրապես բնորոշ են վերին շնչուղիների հիվանդությունները, գրիպը, եւ պահածոներով պայմանավորված սննդային թունավորումները: Վերին շնչուղիների հիվանդությունների եւ գրիպի առումով այս շրջանում վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է: 2006-ի այս շրջանում արձանագրվել է վերին շնչառական ուղիների հիվանդության մոտ 2317 դեպք (100 հազար բնակչի դեպքում), 2007-ին եղել է շուրջ 2299 դեպք: Մարիետա Բասիլիսյանի հավաստմամբ, նվազել են ոչ միայն վերին շնչուղիների հիվանդությունների դեպքերը, այլեւ գրիպի դեպքերը:

Մասնագետն ընդգծեց, որ հասարակության մեջ գրիպի մասին ընկալումը մի քիչ այլ է. «Ասել, որ մենք գրիպ ունենք, ճիշտ չէ: Այսօր ունենք սուր շնչառական վիրուսային հիվանդություններով դեպքեր: Մեր ժողովրդի մեջ, որ մի քիչ քթից հոսում է, կամ աչքերը ջուր են լցվում, ասում ենՙ գրիպ եմ: Բայց գրիպը ծանր հիվանդություն է եւ տարբերվում է վիրուսային հիվանդություններից»:

Այս ցուրտ օրերին գրիպը կանխարգելելու համար մասնագետն առաջարկում է տաք հագնվել, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, քանի որ օդակաթիլային վարակներն այդպիսով արագ են տարածվում, լավ օդափոխել բնակարանները կամ հիմնարկները: Մարիետա Բասիլիսյանի խոսքով, ցուրտ եղանակը գրիպի սպառնալիք չի կարող լինել, եթե մարդն արդեն իսկ մրսած չէ. «Եթե մարդը մրսած չլինի, երբեք եղանակը չի կարող նպաստել գրիպի տարածմանը: Ցուրտ եղանակը միայն կարող է մրսածության գործոնով պայմանավորված գրիպին նպաստել»: Հակահամաճարակային տեսչության պետի տեղակալը հայտնեց, որ գրիպի կանխարգելման նպատակով Հայաստան է ներկրվել 50 հազար դեղաչափ, որոնք արդեն բաժանվել են պոլիկլինիկաներին եւ որով կպատվաստվեն բուժաշխատողները, առաջին բժշկական օղակի ներկայացուցիչները, բժիշկները, ընտանեկան բժիշկները, բուժքույրերը, ովքեր առաջին հերթին շփվում են հիվանդների հետ եւ կարեւոր է, որ նրանք չվարակվեն եւ չտարածեն հիվանդությունը:

Մարիետա Բասիլիսյանի խոսքով, այս շրջանում պատահող դեպքերից են սննդային թունավորումները` բոտուլիզմը, ինչը պահածոների օգտագործման հետեւանքով է լինում: Մասնագետը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ սննդային թունավորումից խուսափելու համար հարկավոր է եռացնել պահածոները եւ նոր միայն օգտագործել: «Բոտուլիզմի առաջին ախտանշաններն են մկանային ցավը, գլխացավը, թուլությունը, որ հաճախ այլ իրավիճակների հետ են շփոթում, աչքերում մշուշի կամ ցանցի զգացումը, կոպերի իջեցումը, բայց գիտակցությունը պահպանվում է», հիշեցնում է Մ. Բասիլիսյանը: 2007-ին հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի 30 դեպք, 39 տուժածով, 3 մահվան ելքով:

Թե ինչպես կանդրադառնան այս սաստիկ ցրտերը բնակչության առողջության վրա, պարզ կլինի փետրվարի սկզբին: Տեսչության պետի տեղակալը նշեց, որ առայժմ ահազանգեր չկան, իսկ վիճակագրությունը պարզ կլինի եկող ամսվա սկզբին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4