«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ԱԲՈ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԷՍՔԻՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Վաղը` հունվարի 13-ին Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գտնվող «Արարատ-Էսքիճյան թանգարանի» դահլիճում արվեստագետ եւ ֆիլմարտադրիչ Աբո Թորոսյանը դասախոսություն է կարդալու այդ թանգարանի հիմնադիր, հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչ Լութեր Էսքիճյանի մասին եւ ցուցադրելու է «Ձայներ» խորագրով իր ֆիլմը, որտեղ հարցազրույցներ են ներկայացված Եղեռնից մազապուրծ երեք հայորդիների եւ մեկ հույնի հետ, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Ձայներ» ֆիլմը 2007-ի ընթացքում ցուցադրվել է Մ. Նահանգների տարբեր նահանգներում եւ արժանացել բարձր գնահատականների: Թուրք հրատարակիչ Ռաջիբ Զարաքօղլուն «Էվրենսել» թուրքական թերթում հետեւյալն է գրել ֆիլմի մասին. «Թորոսյանի վավերագրական ֆիլմը վրդովեցնող է: Բայց դա անհրաժեշտ է: Խուսափելն, անտեսելն ու ժխտելը հեշտ բաներ են: Իրականությանը դիմադրելն է դժվար: Դուք պետք է 40 րոպեներ դիմանաք այդ հարյուրամյա վաղեմություն ունեցող պատմություններին, որպեսզի վերջում կարողանաք ասել «Այլեւս երբե՛ք»:

Ավելացնենք, որ Էսքիճյանները Ամերիկա են տեղափոխվել 1920-ին: Լութերը դարձել է ճարտարապետ, նախագծել բազմաթիվ դպրոցներ եւ եկեղեցիներ, ինչպես հայ, այնպես էլ աֆրո-ամերիկյան եւ այլ համայնքների ներկայացուցիչների համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4