«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


ԿԻՆՈՅԻՆ ՄԵԾ ՇՈՒԿԱ Է ՀԱՐԿԱՎՈՐ, ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔԻՆ

Ըստ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, անցյալ տարին նկարիչների միության գործունեության համար այնքան էլ բուռն չի եղել: Պատճառը շենքի վերանորոգման աշխատանքներն են եղել: Իսկ երբ գարնանը ամեն ինչ իր ավարտին կհասցվի, Հայաստանում ամենամեծ եւ ամենաշքեղ դահլիճներից մեկը կլինի նկարիչների միության ցուցասրահը. «ժամանակին այն 620 քառակուսի մետր էր` 2 ցուցասրահներով, այժմ` 850 քառակուսի մետր է` ժամանակակից կահավորանքներով»:

Ի՞նչ վիճակում է այսօր հայկական կինոն, ի՞նչ մրցանակներ եւ հաջողություններ ունեցան կինոգործիչները: Այս հարցում կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը տարակուսանքի մեջ է. նրա կարծիքով փառատոները ապահովում են շուկան, եւ ի տարբերություն, օրինակ, «Մոսֆիլմ»-ի, որը տարեկան արտադրում է 100-ից ավելի ֆիլմ, մեր շուկան մեռած է. «Շուկան մի հսկայական մաֆիա է աշխարհում` Ամերիկայում, Եվրոպայում: Մտնելն այնտեղ չտեսնված դժվար է: Ռուսական շուկան այսօր մեզնից ֆիլմ չի գնում, քանի որ նրանց գնածն այսօր այլ բան է: Ռուսները, երբ եկել էին Հայաստան ֆիլմ նկարելու` սլավոնական դեմքով անձանց էին փնտրում. նրանք չէին ուզում այլ դեմքեր` հայերի, վրացիների, բացառության կարգով, եթե բացասական դեր չի կատարում»:

Գեւորգյանցը դժգոհեց նաեւ կինոյում մրցանակներ տալու պետական հանձնաժողովից` որակելով այն որպես տարօրինակ երեւույթի. «Հայաստանում է, որ թատրոնն ու կինոն մեկ հանձնաժողով է, երբ թատրոնը մի ուրիշ արվեստ է, կինոնՙ այլ արվեստ: Հանձնաժողովում այնպիսի մարդիկ կան, որ իրավունք չունեն քննադատելու Վիգեն Չալդրանյանին, որովհետեւ այդ քննադատողը ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում: Նախՙ հանձնաժողովի անդամները պետք է քննարկեն կինոն, իսկ հիմա այդպես չեն անում. միանգամից ասում են` ես իմ ձայնը տալիս եմ սրան-նրան»:

Այլ է մրցանակաբաշխությունը նկարիչների միությունում. «Ազատություն բառը բոլորիս համար գրավիչ է եւ հրապուրիչ: Մրցանակի ներկայացման պրոցեսը մեր կարծիքով շատ սխալ է դրված: Մեզ ասում են, որ ազատ երկիր է, եւ ամեն ստեղծագործող իրավունք ունի ներկայացվելու: Նկարիչների միությունը, որը ընդգրկում է Հայաստանում գործող բոլոր պրոֆեսիոնալ նկարիչներին` թվով 700 հոգի, բացառության կարգով մի քանի ոչ պրոֆեսիոնալի, բաժանված են սեկցիաների` բնանկար, քանդակ, գրաֆիկա եւ այլն: Սրանք ունեն բյուրո, նախագահություն: Ամեն մի սեկցիա հավաքում եւ կարծիքներ արտահայտելով` ընտրում են լավագույնին: Կա վարչություն, որ համագումարի կողմից է` 30 հոգուց ընտրված, նրանք արդեն դնում են փակ քվեարկության, զտում են դրանց միջից լավագույններին, հետո բերվում է բարձր ատյան` նախագահական, ինչպես նաեւ Ազգային ժողովի կարգի: Պարզվում է հետեւյալը. այն մարդիկ, որոնք անգամ չեն էլ քննարկվել մեր մեջ, իրավունք ունեն իրենք էլ ներկայացվելու նախագահական հանձնաժողովին եւ այդպես էլ անում են: Եվ ի զարմանս մեզ, հաճախ նրանք են սխալվում»:

Նկարչության ասպարեզում մրցանակի է արժանացել Փարավոն Միրզոյանը, բայց ոչ նկարիչների միության կողմից ներկայացված: Իսկ կինոյի ասպարեզում ներկայացվել է Վիգեն Չալդրանյանը եւ մի ռեժիսոր, որը սիրողական ֆիլմի` «Չկրակած փամփուշտներ»-ի հեղինակն է. այն ըստ Ռուբեն Գեւորգյանցի շատ թույլ ֆիլմ է` սիրողական, արվեստի գործ չէ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4