«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՄԵՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԱՉԱՌ ՉԵՆ

Լրատվամիջոցներն այն վիճակում են, ինչ վիճակում երկիրն է

«Վերջին շրջանում մեր լրատվամիջոցները դարձել են փակ ակումբներ: Հեռուստաընկերությունները բացարձակապես փակ են եւ հնարավորություն չեն տալիս թեկնածուներին հավասարապես հանդես գալու: Մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչ այս պահը մեր թեկնածուն 6 անգամ է խոսել հեռուստաեթերով, իսկ Սերժ Սարգսյանըՙ 30 հազար անգամ», երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Հեղինե Բիշարյանը: «ԶԼՄ-ների ազատության եւ բազմակարծության ապահովման խնդիրները եւ երաշխիքները ՀՀ նախագահի ընտրարշավում» թեման ակումբ էր բերել մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների ղեկավարների, որոնց քննարկումից թեման տաքացավ, անգամ եռաց, բայց դրանից իրականության վերաբերյալ վերաբերմունքը չփոխվեց:

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը լրատվամիջոցների ներկա վիճակին անդրադառնալիս քիչ թե շատ լուսավոր շողի տակ ներկայացրեց մամուլը` միաժամանակ ընդգծելով, որ տպագիր մամուլում էլ կուլիսային խոսակցությունները կարող են ներկայացվել որպես հոդված ու հետո էլ շահարկվել հեռուստաընկերություններում: Պատգամավորը առաջիկա ընտրություններին լրատվամիջոցներից աջակցության ակնկալիք հայտնեց` նշելով, որ ընդդիմությունը շատ ունի դրա կարիքը. «Երբ մենք իշխանություն էինք, լրատվամիջոցներն ահագին աջակցում էին ընդդիմությանը»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը ցավով նշեց, որ մեր երկրում լրատվամիջոցները չեն հասել այն մակարդակին, որ ազդեցություն ունենան հասարակության վրա եւ մթնոլորտ ստեղծեն. «ԶԼՄ-ներն ազատ են այնքանով, որքանով տրվում է նրանց այդ ազատությունը: Ժողովրդավարական երկրներում այդ ազատությունն ավելի շատ է»: Լրատվամիջոցները որակելով կուսակցականացված` Դաշնակցության ներկայացուցիչը շեշտեց, որ հեռուստաընկերություններն իրենց աշխատանքով ծառայում են այս կամ այն ուժին, իսկ թերթերում էլ գրեթե չկան լուրջ վերլուծություններ, որոնք այնքան հարկավոր են հատկապես ընտրությունների շրջանում: Ռուզան Առաքելյանն իրավացիորեն նկատեց, որ մասնավոր հեռուստաընկերությունները կարող են լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ սեփական հեռուստաընկերությունը զենք է, բայց այդ զենքը կողմնակալ է օգտագործվում:

Սերժ Սարգսյանի եթերահայտնությունների քանակը հաշվելու համար Հեղինե Բիշարյանին շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ու հիշեցրեց, որ իշխանության թեկնածուն նաեւ երկրի վարչապետն է, հետեւաբար կառավարության աշխատանքների լուսաբանումը բնական է: Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, պատգամավորի կարծիքով, չարժե վաղաժամ կարծիք հայտնել լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ: Ռուզան Առաքելյանի դիտարկմանն էլ, թե մասնավոր հեռուստաընկերությունները գոնե կարողանային դերակատարություն ունենալ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե մասնավոր հեռուստաընկերություններն ունեն խմբագրական ազատություն, ինչին օրենքով չի կարող միջամտել իշխանությունը` ասելով ում եւ երբ եթերաժամանակ հատկացրեք:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքին հետեւեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի բռնկումը, թե անգիր արած խոսքեր ասվեցին, հետո էլ հավելեց, թե իրեն չի հետաքրքրում վարչապետի լուսաբանումների քանակը: Երկուստեք գնահատականներից հետո լրատվամիջոցների թեման սկսեց եռալ ավելի «տաք» մթնոլորտում:

Հանրապետական կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Արտակ Զաքարյանը նշեց, թե մեր երկրում ընտրություններից ընտրություն լրատվամիջոցների աշխատանքում դրական տեղաշարժեր նկատվում են: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի տնօրեն Արթուր Սահակյանն առաջարկեց տարանջատել վարչապետին նվիրված լուսաբանումները ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյան թեկնածուի գործունեության մասին լուսաբանումներից: Արթուր Սահակյանը պատասխանեց Հեղինե Բիշարյանի այն մտքին, թե հեռուստաընկերությունները փակ ակումբ են: «Ռադիոլուրի» ղեկավարը նշեց, որ շատ հաճախ կուսակցություններում չկան այդ ազատությունն ու ժողովրդավարությունը եւ շատ դեպքերում նրանք են խուսափում լրատվամիջոցների հետ շփվելուց:

«Նոյյան տապան» գործակալության ղեկավար Տիգրան Հարությունյանի գնահատմամբ, բոլոր կուսակցություններն ու գործիչները ձեռք ձեռքի բռնած սպանել են անաչառ լրատվության պահանջը ժողովրդի մեջ. «Խնդիրն այն է, որ մարդիկ կորցրել են հավատը, կարդալու պահանջը, որ կար եւ ամենակարեւորը` կորցրել են հավատը քաղաքական գործընթացներում իրենց դերակատարության նկատմամբ: Խնդիրը մթնոլորտը փոխելու մեջ է»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4