«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-01-10 | #4, 2008-01-11 | #5, 2008-01-12


Ի ՇԱՀ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

Ինչպես Գյումրու քաղաքապետարանը, այնպես էլ հանրապետության մյուս բոլոր համայնքապետարանները ուզեն թե չուզենՙ ի վերջո պետք է իրենց որոշումների եւ գործունեության հարցերում լիարժեքորեն թափանցիկ ու հաշվետու լինեն հասարակության առջեւ, նաեւ սահմանված կարգով ամեն անգամ պատասխանեն դրանց վերաբերյալ համայնքի հետաքրքրված անդամների հարցումներին, նրանց համապատասխան տեղեկություններ տրամադրեն: Վերջինը, մասնավորապես, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջն է, որի գործնական կիրառումը մեզանում մեծ մասամբ դեռ հոգեբանություն չի դարձել: Գյումրիում ու Շիրակի մարզում նման քաղաքական մշակույթի ձեւավորմանը նպաստելուն անցյալ տարվանից բավական ակտիվորեն հետամուտ է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որիՙ 2007-ի մարզի մեկ տասնյակ գյուղական համայնքապետարանների դեմ նույն հարցով (տեղեկությունների չտրամադրում) ներկայացրած ու շահած դատական հայցերի մասին «Ազգի» ընթերցողներին ժամանակին տեղեկացրել ենք:

Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց անցած դեկտեմբերի 11-ից 24-ն ընկած ժամանակամիջոցում որպես քաղաքացի Գյումրու քաղաքապետարանին իր հղած 10 գրավոր հարցումների մասին, որոնցով փորձել է տեղեկություններ ստանալ քաղաքային կյանքին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի մասին: Օրինակ, առաջին հարցման մեջ խնդրել է իրեն տրամադրել համայնքային ավագանու 2006 եւ 2007 թթ. համապատասխան նիստերում հաստատվածՙ Գյումրու համայնքի սեփականության գույքագրման բոլոր փաստաթղթերի եւ համապատասխան հիմքերի ու հավելվածների պատճենները: Մյուս հարցումները վերաբերում են քաղաքի Շահումյան փողոցիՙ կենտրոնական հրապարակից մինչեւ Տերյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածի անցյալ տարվա նորոգման-վերակառուցման ծախսերին, կատարող շինկազմակերպությանն ու դրա ընտրությանը, այդ հատվածից հանված նախկին գրանիտե սալահատակի սալաքարերի հետագա ճակատագրին, քաղաքի վերջերս այնքան աղմուկ հանած հին հեռուստաաշտարակի տնօրինման նախորդ տարիների եւ այժմյան սկզբունքներին ու պայմաններին, անցած տարվա հոկտեմբերի 26-ին Գյումրու Անկախության հրապարակում 7 եղեւնիների հատման ավագանու որոշմանն ու դրա հիմքերին, հանրային վճարովի ավտոկայանատեղերի գտնվելու վայրերին ու վերջին երեք տարիներին առանձին-առանձին դրանցից համայնքային բյուջեի դրամական մուտքերին, քաղաքապետարանի ծառայողական մարդատար ավտոմեքենաներին, դրանց ծախսերին եւ այլն: Ըստ օրենքիՙ համայնքապետարանը պետք է յուրաքանչյուր հարցմանը հնգօրյա ժամկետում գրավոր որեւէ պատասխան (թեկուզ մերժում կամ հղում) տար, սակայն, Լ. Բարսեղյանի տեղեկացմամբ, ինքը մինչեւ այժմ դրանցից ոչ մեկին որեւէ արձագանք չի ստացել:

Ուրախալի իրողություն էր ասուլիսին քաղաքապետարանի միանգամից չորս ներկայացուցիչների, այդ թվումՙ երկու բաժինների վարիչների ներկայությունը: Սակայն որոշ չափով քննարկման վերածված ասուլիսի ընթացքը ցույց տվեց նրանցից ոմանց կամ թերիմացությունը, կամ ակնհայտ դժկամությունը օրենքի պահանջների կատարման հարցում: Մյուս կողմիցՙ այդ անմիջական շփումը եւ հարցերի համատեղ քննարկումը նման խնդիրների լուծման հարցում որոշակի լավատեսության հիմք է տալիս: Իսկ Լեւոն Բարսեղյանը, ինչպես նա հայտարարեց, այս հարցում եւս հետեւողական է լինելու:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4