Այսօր հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում մեկնարկում է ընթացիկ մրցաշրջանի շախմատային առաջին սուպերմրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգին է դասվում: Ուժեղագույն 14 գրոսմայստերների թվում է մրցաշարի նախորդ տարվա հաղթող Լեւոն Արոնյանը: Նա իր անհատական գործակցով (2739) մասնակիցների մեջ 7-րդն է: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2799), Վլադիմիր Կրամնիկը (2799), Վեսելին Թոփալովը (2780), Շահրիյար Մամեդյարովը (2760), Պետեր Լեկոն (2753), Վասիլի Իվանչուկը (2751), Բորիս Գելֆանդը (2737), Թեյմուր Ռաջաբովը (2735), Մագնուս Կառլսենը (2733), Մայքլ Ադամսը (2726), Հուդիթ Պոլգարը (2707), Պավել Էլյանովը (2692) եւ Լյուկ վան Վելին (2681): Մասնակիցների միջին վարկանիշը 2742 է:
Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանին ընթացիկ մրցաշրջանում էլ լուրջ փորձություններ են սպասում: Փետրվարի 15-ից մարտի 7-ը նա կմասնակցի Լինարեսի շախմատի ավանդական սուպերմրցաշարին, որի առաջին շրջանի հանդիպումները տեղի կունենան Մեքսիկայի Մորելիա քաղաքում, իսկ երկրորդ կեսը կանցկացվի Իսպանիայում: Մայիսի 7-18-ին էլ հայ գրոսմայստերը հանդես կգա Սոֆիայի մրցաշարում: Լեւոն Արոնյանը նաեւ իրավունք է ստացել մասնակցելու առաջին անգամ կազմակերպվող շախմատի Գրան պրիի մրցաշարին:
Վեյք ան Զեեի «B» խմբի մրցաշարի 14 մասնակիցների թվում կլինեն Գաբրիել Սարգսյանը (2676) եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2677): Այս մրցաշարը եւս բավական ուժեղ կազմ ունի, այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2618 է: Այստեղ հանդես կգան նաեւ Իվան Չեպարինովը (2713), Էթիեն Բաքրոն (2700), Պենտալա Հարիկրիշնան (2664), Նայջլ Շորթը (2645), Միխալ Կրասենկովը (2636), Դանիել Սթելվագենը (2625), Համփի Կոներուն (2612), Յան Նեպոմնյաշչին (2600), Էրվին Լ՚ Ամին (2581), Յան Սմիթսը (2573), Հոու Յիֆանը (2527) եւ Վոյթեր Սպուլմանը (2424):
Այս տարի Վեյք ան Զեեի շախմատային փառատոնի նորույթը կդառնա հունվարի 18-27-ը չորս հանրահայտ գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվելիք երկու շրջանանոց մրցաշարը: Հաղթողի կոչման համար կպայքարեն Շվեյցարիան ներկայացնող Վիկտոր Կորչնոյը (2605), հոլանդացի Յան Թիմանը (2551), սերբ Լյուբոմիր Լյուբոեւիչը (2543) եւ հունգարացի Լայոշ Պորտիշը (2530):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ