«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՏՈՒԿ ՋԱՆՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ԳՆԱՆ` ԱՌԱՆՑ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻՆ»

Սպասվող նախագահական ընտրությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմերի դիրքորոշումների ֆոնին Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին գտնում է, որ երբեք պետք չէ հուսահատվել: «Ես դեռ հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց կլինի: Մենք ներկա դրությամբ առաջ գնացող դիվանագիտություն ունենք, եւ ես հույս ունեմ, որ նախագահական ընտրությունները հարցը ընդգծելու հնարավորություն կլինեն եւ ոչ թե խոչընդոտ», երեկ Երեւանում հայտարարեց «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովին մասնակցող Պիտեր Սեմնեբին:

Ինչ վերաբերում է Կոսովո-Լեռնային Ղարաբաղ հնարավոր զուգահեռների անցկացմանը, ապա Եվրոմիության հատուկ ներկայացուցչի խոսքերով, «Կոսովոյի հարցը շատ առանձնահատուկ է: Ես շատ լավ հասկանում եմ, որ կախված, թե որ կողմում ես դու, Կոսովոյի հարցը կառաջացնի սպասումներ եւ վախ, բայց ես կնախազգուշացնեի այդպես չվարվել, քանի որ ավելի շատ բան է տարբերակում հակամարտությունները իրարից, քան կան հատուկ հանգամանքներ, որ միավորում են դրանք: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատուկ ջանքերը պետք է առաջ գնան` առանց չափից ավելի ուշադրություն դարձնելու Կոսովոյի հարցին»:

Անդրադառնալով սպասվող նախագահական ընտրություններին` Սեմնեբին նշեց. «Եվրոմիությունը ակնկալում է, որ դրանք կանցնեն միջազգային ստանդարտներին համապատասխան»: «Ազգի» հարցին, թե նո՞ւյն կերպ, ինչպես Վրաստանում, Սեմնեբին չպատասխանեց` հայտարարելով, թե այդ ակնկալիքները, ընտրությունների անցկացման առումով, եւ ստանդարտները նույնն են:

Իսկ ընդհանուր առմամբ, նախընտրական վիճակն, ըստ Սեմնեբիի, ընթանում է նորմալ, կան շատ թեկնածուներ, պլյուրալիստական միջավայր է նաեւ գաղափարների առումով, որն, ընդ որում, վերաբերում է նաեւ ԶԼՄ-ներում իրավիճակի արտացոլմանը: Ամեն դեպքում, վերջնականը կլինի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականը:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4