Ինչ էլ ասենք` տարբեր են հայկական եւ ադրբեջանական իրականությունները
Ադրբեջանական «3-րդ տեսակետ» տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն Ռաուֆ Ռաջափովը երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղում, բայց վերլուծություններ անում է հիմնվելով ղարաբաղյան հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների հիման վրա, հաճախակի լինում է Հայաստանում, ինչը վերլուծաբանի համար շատ կարեւոր է, հանդիպում է վերլուծաբանների, փորձագետների հետ: Ռաջափովը ղարաբաղյան խնդրի եւ Կոսովոյի նախադեպի, հակամարտության լուծման, ըստ իրեն, երեք ուժեղ հետազոտությունների հեղինակ է:
«Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովի մասնակից Ռաջափովը լրատվամիջոցներին ներկայացնելով իր մոտեցումը` նշեց, որ տարբերակել է պետք հակամարտության կարգավորումն ու լուծումը: «Կարգավորումը որեւէ տեսակի համաձայնագրի ստորագրման դեպքում չի պարտավորեցնում կատարում: Փոխզիջումների որոնումից, դիրքորոշումային առեւտրից (թե հայկական կողմը ընդունում է պատերազմի արդյունքները, ադրբեջանական կողմը` ապագայում ուժի կիրառման դիրքորոշմամբ), պետք է անցնել տարածաշրջանային շահերի ու հարաբերությունների»:
«Ազգի» հարցին, թե ասվածն ինչպես կարելի է տեղավորել ալիեւյան ռազմատենչ հայտարարությունների, նաեւ հակամարտության կարգավորումն այլ հարթություն կամ այլ ատյաններ տեղափոխելու ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախաձեռնությունների համատեքստում, Ռաջափովը պատասխանեց. «Պարոն Իլհամ Ալիեւը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի` պրահյան գործընթացին հետեւելու մասին: Այդ գործընթացը մեկ տարի չէ, որ ընթանում է եւ մեր նախագահն այս տարի արդեն հայտարարել է, որ չնայած Հայաստանում փետրվարին, իսկ Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին` Ադրբեջանը 2008-ից սպասում է որոշակի առաջխաղացում»:
Ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ին, ապա, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, կազմակերպության նախաձեռնություններից առաջինը խաղաղապահ մարդասիրական զորախումբ ստեղծելուն է վերաբերում եւ ղարաբաղյան, մերձդնեստրյան, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների դիտարկումն է: Ռաջափովի կարծիքով, ՄԱԿ-ի շրջանակներում հարցի լուծմանը կողմնակից պետք է լինի նաեւ Հայաստանը, հատկապես որ «մենք հիմա գտնվում ենք այն կետում, որտեղ էինք մի քանի տարի առաջ»:
«Ազգի» հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պրահյան գործընթացում առաջընթաց չկա, Ռաջափովը պարզաբանեց, թե կա թեկուզ այնքանով, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին Թաթարստանի կարգավիճակ տալուն: «Ղարաբաղը Թաթարստան չէ», «Ազգի» դիտարկմանը վերլուծաբանը համաձայնեց, նշելով, որ դա կարող է որեւէ մեկի համար անընդունելի լինել, բայց Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի ոչ մի բան չեն առաջարկել:
«Ինքնորոշումը կարգավիճակ չէ, պետություն ստեղծելու ձեւ, դա նախորդող է հանրաքվեին, որը կարող է անցկացվել ինչպես Ղարաբաղի ադրբեջանցիների, այնպես էլ հայերի մասնակցությամբ, այլ ոչ թե ողջ Ադրբեջանում», գտնում է ադրբեջանցի վերլուծաբանը, հավելելով, որ ադրբեջանցիների եւ հայերի համար պետք է երաշխավորվի անվտանգությունը:
Ամեն դեպքում, Ռաջափովի համոզմամբ, Հայաստանի դիրքորոշումը պատերազմի արդյունքի ընդունումն է, իսկ «պատերազմի արդյունքը Ղարաբաղն է» (՞): Ռաջափովը հակամարտության հանգուցալուծումը տեսնում է երկու կողմերի` անիրականանալի, անընդունելի պայմաններից հրաժարվելու մեջ: Լուծումը մեկ մակարդակում կարող է լինել. այլեւս ոչ մի պատերազմ:
Ա. Հ.