«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


2008-Ը, ԸՍՏ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐԻ

1992-96 թթ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության ռուսաստանյան ներկայացուցիչ, Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը 2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հիմքեր չի տեսնում:

«2008 թվականին ինչ-որ բանի հույս ունենալու համար պետք է շատ համարձակ մարդ լինել: Շատերն էին ասում, թե 2006-ը «հնարավորությունների պատուհան» էր: Ես կասեի, որ հիմա պետք է մտածել, թե ինչպես օգտագործել 2008 թվականի «չհնարավորությունների պատուհանը»` նկատի ունենալով նախագահական ընտրությունները Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, գումարած Կոսովոյի ֆենոմենը եւ այլն», «Ազգի» հարցին ի պատասխան նշեց Կազիմիրովը Երեւանում անցկացվող «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովի ընդմիջմանը:

Բացի այդ, ըստ Կազիմիրովի, ներկայումս բանակցային գործընթացը մտել է փակուղի: «Իհարկե, կողմերը, որքան ես գիտեմ եւ որքանով տեղեկությունների եմ տիրապետում, ինչ-որ հարցեր առաջ են տանում, բայց առանցքային, հիմնական հարցերը մնում են դժվար լուծելի: Ես ուրախ կլինեմ սխալվելու եւ առաջինը ուրախությունից պար կգամ, եթե 2008 թվականին որեւէ առաջխաղացում լինի, բայց դրա վրա հույս դնել դեռ չի կարելի: Ուրեմն հարց է մնում, թե ինչի համար օգտագործել այս տարին»:

Յուրաքանչյուր կողմ, ռուս դիվանագետի խոսքերով, ունի իր առաջնահերթությունները: «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի մոտ դա ԼՂ կարգավիճակի հարցն է, ադրբեջանցիների համար` ամենից առաջ օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերումն է ու փախստականների վերադարձը: Բայց մի՞թե այս առաջնահերթությունները նույնն են նաեւ միջազգային հանրության համար: Գուցե ես քիչ բարձր եմ ասում միջազգային հանրություն անվանելով, բայց ամեն դեպքում միջազգային հանրությունը պետք է ամենից առաջ մտահոգ լինի նոր պատերազմի անթույլատրելիությամբ», համոզված է Կազիմիրովը:

«Ազգի» հարցին, թե որքանով է պատերազմը իրատեսական կամ մոտ ապագայի հարց, Կազիմիրովը պատասխանեց, որ այն իրատեսական չէ այսօր, բայց ունի որոշակի իրական ասպեկտներ: «Եվ որպեսզի չդառնա իրական, պետք է բաց չթողնել 2008 թվականը, գործել կանխարգելմամբ, այլ ոչ հետին թվով, ինչպես հաճախ գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»:

Կազիմիրովն իր ասածի օրինակ է բերում համանախագահների մադրիդյան հանդիպումների արդյունքը, որտեղ ընդգրկվեց մեկ արտահայտություն` հակամարտության լուծման ռազմական ճանապարհը հավանական համարող հայտարարությունների անմիջական դադարեցման մասին: «Դա ճիշտ էր, բայց պետք է արվեր մի երեք, եթե ոչ ավելի տարիներ առաջ, բաց է թողնվել ժամանակը, անպատասխանատվությունը արմատներ է ձգել, ամեն խաչմերուկում խոսվում է ռազմական հավանական լուծման մասին»:

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտությունը մյուս` աբխազական, հարավօսական եւ մերձդնեստրյան հարցերից տարբեր է նաեւ նրանով, որ ունի ողբերգական նախապատմություն: «Եվ խնդիրն այն չէ, որ որեւէ կերպ լուծվի ներկա հակամարտությունը, այլ վերջ դրվի արյունոտ հաշվեհարդարներին հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Սա շատ ավելի բարդ խնդիր է»: «Բացի այդ, մյուս հակամարտություններից ոչ մեկում չկա ռազմական ռեւանշի այնպիսի ուժգին ձգտում, ինչպես ղարաբաղյանում»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4