«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՎԵԼՈՐԴ ՖՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՓՈՐՁ

Միջազգային գիտաժողով Երեւանում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանում երեկ մեկնարկած «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային երկօրյա գիտաժողովի կազմակերպիչը Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբն (AIPRG) է` Շվեդիայի շրջանավարտների հայաստանյան միության հետ համատեղ եւ ԵԱՀԿ, ՆԱՏՕ, Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ու ԵՊՀ շրջանավարտների միության հովանավորությամբ:

Գիտաժողովին մասնակցում են քաղաքական-հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ մի շարք նախկին խորհրդային երկրներից, նաեւ Բուլղարիայից, Ռումինիայից, Հունաստանից, Թուրքիայից, Սլովենիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից: «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան» հասկացությունը վերաբերում է Սեւ ծովի ափամերձ պետություններին, Մոլդովային, Հունաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին:

AIPRG-ի գործադիր տնօրեն Տիգրան Մկրտչյանի խոսքերով, գիտաժողովի նպատակն է խթանել ընդլայնված սեւծովյան հասկացության քննարկումները, որոշել Հայաստանի դերն այդ տարածաշրջանում եւ խոսել անվտանգության խնդիրներից:

Ողջույնի խոսքով հանդես եկած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի խոսքերով, սեւծովյան տարածաշրջանում համագործակցությունը առաջնահերթություն է ԵՄ համար, հատկապես որ Հարավային Կովկասը մոտեցել է ԵՄ սահմաններին` Բուլղարիայի եւ Ռումինիայի եվրոընտանիք մուտքից հետո եւ ԵՄ-տարածաշրջանի երկրներ համագործակցության հիմնական մեխանիզմն էլ այդ երկրներում իրագործվող Եվրոպական նոր հարեւանության ծրագիրն է:

Միեւնույն ժամանակ, Սեւ ծովի ավազանի երկրները կարեւորվում են նաեւ տրասնպորտային եւ էներգետիկ հաղորդակցության ու ճանապարհների բազմազանությամբ` Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից Եվրոպա գծի կտրվածքով: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն էլ, ըստ Սեմնեբիի, իրենց յուրահատուկ դերով ու շահերով տարածաշրջանը դարձնում են հանդիպման վայր ԵՄ շատ կարեւոր գործընկերների եւ միջազգային ուժերի համար:

Սեմնեբին գտնում է, որ չլուծված հակամարտությունները մեր տարածաշրջանում խոչընդոտում են Կովկասում կայունության հաստատմանը: Ու չնայած տնտեսական անսպասելի աճին` տարածաշրջանն, ըստ Եմ ներկայացուցչի, դեռ ասոցացվում է խնդիրների ու հակամարտությունների հետ: Բացի այդ, փակ սահմանները Ռուսաստանի ու Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ թույլ չեն տալիս օգտագործել տարածաշրջանի ներուժը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչի խոսքերով, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն կարող են ապահովել սեւծովյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Հարավային Կովկասի կայուն զարգացումը: Ըստ Բոյանիչի, լայն իմաստով, մեր տարածաշրջանը բնորոշվում է ոչ միայն հակամարտություններով, այլեւ ապօրինի միգրացիայով եւ թմրանյութերի շրջանառությամբ, ընդ որում, հակամարտություններն էլ հենց հիմք են կազմակերպված հանցավորության ձեւավորման համար:

Այսօր գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն` ընդլայնված սեւծովյան տարածաշրջանի համար ինստիտուցիոնալ եւ գլոբալ մարտահրավերների, տարածաշրջանային դերակատարների տեսակետների, համատեղ հնարավոր ռազմավարության հարցերի քննարկմամբ: Եվ եթե երեկ «Գոլդեն փալաս» հյուրանոցում գիտաժողովի ընթացքում ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ Վլադիմիր Կազիմիրովը` հակամարտության չեզոքացումը որպես սեւծովյան տարածաշրջանային ապահովության եւ համագործակցության համար անհրաժեշտ պայման ներկայացնելով, ապա այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կներկայացնի ընդլայնված սեւծովյան տարածաշրջանի կտրվածքով ԱՄՆ ռազմավարական տեսակետը: Ի դեպ, միեւնույն ժամանակ ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Բրայզան, ֆրանսիացի եւ ռուս համանախագահների հետ արդեն երեկ Երեւանում էր` Բաքվում հանդիպումներից հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4