«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ. «ԱՄԵՐԻԿԱ՛, ԲԱՑԻՐ ԱՉՔԵՐԴ»

80 հազարանոց ցույց հին Նոր տարուն

Այսօրՙ թբիլիսյան ժամանակով ժամը 14-ին վրաց ընդդիմությունը կրկին կսկսի հանրահավաքը, այս անգամ երկրի խորհրդարանի առաջ հավաքվելու փոխարեն տեղ զբաղեցնելով Վրաստանի հանրային հեռուստատեսության շենքի առաջ: Եվ եթե շարունակվի այն ընթացքը, որով Վրաստանի քաղաքացիները Վարդերի հեղափոխության հրապարակից Ազատության (որ նախկինում Երեւանյան էր) հրապարակ երթում «Եվրոնյուզի» տվյալներով, կազմում էին շուրջ 80 հազար, ապա կարելի է ենթադրել, որ հանրահավաքային հիմնական պահանջ ներկայացված երկրորդ փուլի անցկացումը կարող է դիտարկվել որպես ընտրազանգվածի զգալի հատվածի բողոք:

Ամեն դեպքում, հանրահավաքային բողոքի տարբերակն ընտրած ընդդիմությունն, ի հակադրություն ցույցի մասնակիցների` հանրահավաքը տեւական եւ անընդհատ դարձնելու ցանկության, հայտարարել է, որ ամեն ինչ պետք է անցկացնել խաղաղ ու հանգիստ պայմաններում: Ընդդիմության ներկայացուցիչները թերեւս նկատի են ունեցել տեւականության հետեւանքով նոյեմբերի 2-ին մեկնարկած հանրահավաքի 6-րդ օրը իշխանության բռնություններով հավաքը ցրելու իրադարձությունների տխուր փորձը:

Որքան էլ հետաքրքրական է, ցուցարարների հայտարարություններն ուղղված չեն եղել միայն վրաց իշխանությանը: Հունվարի 13-ի բազմահազարանոց ցույցում ցուցապաստառների վրա, ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, գրված է եղել. «Ամերիկա՛, բացիր աչքերդ», «ԱՄՆ-ն աջակցեց դիկտատուրային», «ԵԱՀԿ-ն աջակցեց ընտրությունների կեղծմանը» եւ այլն:

Ինչեւէ, Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն հրապարակած տվյալներով, ձայների 53,47 տոկոսով երկրի նախագահ է ընտրվել Միխեիլ Սաակաշվիլին, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն ստացել է 25,67 տոկոս:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4