«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


1996-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ ՈՒ ԼՏՊ-ԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԿԱՆՔԸ

Ակտիվ քաղաքականությունից դուրս լինելն ու երկարատեւ լռությունը վերլուծությունների ու համադրումների համար գուցե եւ օգտագործվել են, սակայն ոչ մի կերպ ազդեցություն չեն ունեցել անցյալի վերագնահատման ու ազնիվ եզրակացություններ անելու տեսանկյունից ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի վրա: Այլապես նա արդեն որպես ՀՀ նախագահի թեկնածու հունվարի 11-ին հրավիրած ասուլիսում, ի պատասխան հնչեցված հարցի անդրադառնալով 1996 թվականի նախագահական ընտրություններին, հարկ չէր համարի պնդել, թե քաղաքական այդ գործընթացից դժգոհելու իրավական հիմքեր չեն եղել ու չկան:

«Որ Վազգեն Մանուկյանը համոզված է եւ կարծում էՙ 96 թվականին ինքն ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը եւ կարծիքը: Թող այդպես էլ համոզված մնա ու կարծի: Բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ: Քաղաքականությունն իրավական պրոցես է եւ կապված է պետության հետ», սա Տեր-Պետրոսյանի պատասխանի մի մասն է, որին ունկնդիր լինելուց հետո մնում է մտածել, որ նախագահի թեկնածուն վաղուց զերծ է մնացել քաղաքականությանը որպես երեւույթ անդրադարձող ձեռնարկների ընթերցումից կամ, ասենք, վերընթերցումից եւ չի հիշում, որ այդ պետությունում կատարվածի ընտրող, թելադրողը բնավ էլ ժողովուրդը չէր, դատական կառույցներն էլ արդարադատությունից ավելի հեռու էին, քան այժմ: Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն, առաջ գնալով իր պատասխանում, երախտագիտություն էր հայտնել Վազգեն Մանուկյանինՙ իր քվեներն ավելացնելու համար, նկատի ունենալով վերջինիս Սահմանադրական դատարան դիմելու արդյունքները. «Իմ մրցակիցը որեւէ ապացույց չի կարողացել բերել, որ այդ ընտրությունները կեղծված են»:

Ասվածին երեկ, բնականաբար, պատասխան է տրվել Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբից, որում մասնավորապես ասվում է. «Միապետական համակարգ հաստատող սահմանադրությամբ ձեւավորված Սահմանադրական դատարանը չընդունեց, որ 1996 թվականի ընտրությունները կեղծվել են, ինչպես եւ չընդունեց հետագայում, որ կեղծվել են 2003 թվականի նախագահական եւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Ինչ վերաբերում է 1996, 1998, 2003 թթ. կեղծված ընտրությունների արդյունքում նկարված տոկոսներին, որոնք վերագրվում են Վազգեն Մանուկյանին, ապա Լ. Տեր-Պետրոսյանը, շահարկելով դրանք, պիտի ընդունի, որ ճիշտ են նաեւ 1998 եւ 2003 թթ. հայր եւ որդի Դեմիրճյաններին վերագրված քվեները: Բացի այդ, չնայած նա հայտարարել է, որ իրենից հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են, այնուամենայնիվ 1998-ին շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին: Վերջապես, ոչ ոք կասկած չունի, որ 1998 թվականին Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1996 թվականի ընտրությունների հետեւանքն էր:

Եթե 1996 թվականի ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները ճիշտ լինեին եւ Լ. Տեր-Պետրոսյանը ստացած լիներ այնքան ձայն, որքան հայտարարվել էր, ապա դժվար թե նրա հրաժարականը ժողովուրդն ընդուներ այն լուռ համաձայնությամբ, որին ականատես եղանք»:

Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն ու դիտարկումները նույն ժամանակաշրջանի եւ նույն իրադարձությունների առնչությամբ ճիշտ հակառակն են, եւ նրա տեսանկյունից փաստարկումներ էլ կան, որոնք հիշատակված ասուլիսում ներկայացնելիս նախկին մտերիմ ընկերոջ անունն էլ չարտաբերեցՙ ընդգծելու արհամարհանքը, որի ավելցուկը մշտապես հատուկ է եղել նախագահի ՀՀՇ թեկնածուին. «Ես ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չենք գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չենք ջարդելու: Եվ իմացեք, ձեր այդ թեկնածուն կործանվեց հենց այդ պատճառով»: Հազիվ թե այս գնահատականը հիշողության մասնակի կորստի հետեւանք լինի, այնուամենայնիվ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում անիմաստ չեն համարել հիշեցնել Լ. Տեր-Պետրոսյանին. «1996 թվականի ժողովրդական շարժումն իշխող վարչակարգի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետեւանք էր: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դատապարտում է 1996 թվականի համաժողովրդական ընդվզումը, ապա նրա քննադատության սլաքն ուղղված է ոչ միայն Վազգեն Մանուկյանի, այլեւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու դեմ»:

Ի վերջո շտաբի հայտարարությունում տեղեկացվում է, որ ընտրությունների կեղծումը բացառող, գործադիր իշխանությունից դատական իշխանության անկախությունը ապահովող նոր սահմանադրության ընդունումը Վազգեն Մանուկյանը դիտարկում է երկիրը զարգացման ուղիով տանելու միջոց եւ որպես դրույթ ներառել է իր նախընտրական ծրագրում:

Ճշմարտությանն անգամ հետադարձ շիտակ հայացքով նայելն այնքան էլ հեշտ գործ չէ եւ դրա համար կամքի ու ազնվության անհրաժեշտ չափաբաժին էլ ամեն մեկին չի տրված, անկախ նրանից, թե պատմության կերտման որ փուլում ինչ դիրք է զբաղեցրել կամ ակամա նվեր ստացել այդ խնդիրն ունեցող անձը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4