Գոնե նման հավակնություն ունի ԱՀՌԾ-2 վերանայված նախագիծը
2003-ից հաստատված եւ իրականացվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ) 2005-2007-ի համար նախատեսված որոշ ցուցանիշներ հաղթահարել է, եւ ինչպես հավաստիացնում են ծրագիրն իրականացնողները, առաջացել է ծրագրի վերանայման անհրաժեշտություն: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում վերանայված ծրագրի քննարկումն էր, ինչը կկազմակերպվի նաեւ մարզերում: ԱՀՌԾ վերանայված ծրագիրը հավակնոտ է եւ, օրինակ, 2021-ի համար նախատեսում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը կլինի 6 տոկոս` 2006-ին արձանագրված 26,5-ի փոխարեն: Այս մասին ԱՀՌԾ-2 վերանայված ծրագրի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանը: Փոխնախարարի խոսքով, 2003-ին, երբ սկսվեց իրականացվել ԱՀՌԾ-ն, աղքատության մակարդակը մեր երկրում մոտ 56 տոկոս էր, որը փաստորեն 3 տարի անց կիսով չափ նվազել է:
Սա ահռելի կրճատում է, որի արդյունքը թերեւս հսկայական եւ զգալի պետք է լիներ բնակչության համար, բայց այդպե՞ս է: Ամեն առիթով բնակչության տարբեր խավերի հետ շփվելիս մեր տեսած իրականությունը բավական հեռու է ներկայացվածից, թեեւ անժխտելի են նաեւ աղքատության պատկերում եղած դրական տեղաշարժերը: Սակայն դա այն ահռելի դրական ցատկը չէ, ինչն արտահայտվում է ներկայացված ցուցանիշով: Եվ բացի այդ, եթե երեք տարում հնարավոր է եղել 56 տոկոս աղքատության շեմից հասնել 26,5 տոկոս շեմին, այդ դեպքում 6 տոկոսի հասնելու համար արդյոք շատ չէ՞ մինչեւ 2021 թվականը: Ծրագիրն իրականացնողները սա մեկնաբանում են ծրագրին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ անունը տալով:
ԱՀՌԾ քարտուղարության ղեկավար Հովհաննես Ազիզյանի խոսքով, 2021-ին ակնկալվելիք 6 տոկոս աղքատությունը այնպիսի լավ ցուցանիշ է, որն, ըստ էության, չի վտանգելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը: Ծրագրի վերանայված տարբերակում, ինչպես նշեց Ազիզյանը, ընդլայնված է մրցակցային դաշտի, գործարար միջավայրի բարելավման խնդիրը, որը ծրագրի առաջին տարբերակում այդպես խորությամբ տրված չէր: Ծրագրի երկրորդ ուղղությունը տարածքային անհամաչափությունների վերացումն է, որը վերջին տարիների մարտահրավերներից է եւ լուծում է պահանջում: Այսինքն` ծրագրով նախատեսվում է այնպիսի նախագծեր իրականացնել, որ Երեւանի եւ մարզերի միջեւ սոցիալական մակարդակի այսօրվա սուր ընդգծվածությունը թուլանա: Հովհաննես Ազիզյանի խոսքով, նաեւ կպատրաստվեն առանձնահատուկ տարածքային ծրագրեր` մարզային անհամաչափությունները վերացնելու համար: Ամենաաղքատ մարզն այսօր Շիրակի մարզն է, որում թերեւս ամենաշատն է զգացվում այդպիսի ծրագրերի իրականացումը: ԱՀՌԾ-2-ով նախատեսվում է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակի հաղթահարում, որը 2006-ին եղել է 4,1 տոկոս:
Ըստ ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի` ակնկալվում է, որ աղքատությունը պետք է կրճատվի, 2012-ին լինելով ոչ ավելի, քան 12 տոկոս, 2015-ին` ոչ ավելի, քան 9 տոկոս եւ վերջապես 2021-ին` 6 տոկոս: Իսկ ծայրահեղ աղքատության համար նախատեսվում է 2012-ին հասնել 2 տոկոսից ցածր ցուցանիշի` 2006-ի 4,1 տոկոսի փոխարեն:
Խոսելով ԱՀՌԾ վերանայված տարբերակի առանձնահատկությունների մասին` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ նախագծում հաշվի են առնվել կենտրոնական եւ արեւմտյան երկրների համադրելի ցուցանիշները: Նախարարն ընդգծեց, որ կառավարությունը ԱՀՌԾ-ն իրապես համարում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր:
Մի քանի օր առաջ «Ազգի» հետ հարցազրույցում ԱՀՌԾ-ի աշխատանքները համակարգող խմբի ղեկավար, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանն ու ԱՀՌԾ քարտուղարության ղեկավար Հովհաննես Ազիզյանը ներկայացրել էին աղքատության հաղթահարման համար առաջնահերթ քայլերը: Ազիզյանի ներկայացմամբ, աղքատության հաղթահարման համար հիմնական միջոցը բնակչության իրական եկամուտների ավելացումն է, աշխատավարձերի բարձրացումը եւ իրական զբաղվածության ընդլայնումը. «Մինչեւ 2021-ը նախատեսում ենք մոտ 450 հազար լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել եւ ավելի բարձր աշխատավարձեր: Աղքատության կրճատման հիմնական միջոցը դա է: Երկրորդը սոցիալական քաղաքականությունն է, այսինքն` բնակչությանն ապահովել այնպիսի թոշակներով եւ նպաստներով, այնպիսի նվազագույն աշխատավարձով, որ բնակչությունն ինքնուրույն հաղթահարի աղքատությունը: Երրորդ ուղղությունը գործարար միջավայրի բարելավումն է, կառավարման համակարգի բարելավվումը, որը զուգակցվում է գործարար միջավայրի բարելավման հետ»:
ԱՀՌԾ աշխատանքային խմբի համակարգող, փոխնախարար Սուրեն Կարայանը շեշտեց, որ ծրագրի թիրախը ոչ թե աղքատության կրճատումն է, այլ ընդհանրապես այդ երեւույթի հաղթահարումը. «Պետք է ոչ թե պասսիվ միջոցներով, աղքատներին գումարներ տրամադրելու միջոցներով հաղթահարել աղքատությունը, այլ ստեղծել երկրի այնպիսի զարգացում, որ աղքատների իրական եկամուտներն աճեն եւ իրենք իրենցով դուրս գան աղքատությունից: Դրա համար էլ սա սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր է: Մենք հիմնական շեշտը դնում ենք տնտեսական զարգացման վրա, այսինքն` կարողանանք ապահովել այնպիսի կայուն տնտեսական աճ, որն առավելագույն ազդեցությունը կունենա հենց բնակչության աղքատ շերտի վրա»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ