«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԱՏԵՆԱՊԵՏԸՙ ԿՐԿՆԱԿԻ ՀԵՐՈՍ

Նշանավոր բեւեռախույզ եւ խորհրդարանական Արթուր Չիլինգարովին նախագահ Վլադիմիր Պուտինիՙ Ռուսաստանի հերոս հռչակելու լուրը մոսկվացի հայերն ընդունեցին մեծ գոհունակությամբ, եթե չասենքՙ հպարտությամբ: Չիլինգարովն այս երկրի այն քիչ բարձրաստիճան ու ճանաչված քաղաքագետներից է, որը ոչ միայն հրապարակայնորեն ընդունում է իր հայկական ծագումը, այլեւ բազում թելերով կապված է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի հայության հետ:

Հազիվ թե իմաստ ունի վերապատմելու անցյալ տարի նրա ղեկավարած արկտիկական խորջրյա գիտարշավի մասին, քանզի այդ կապակցությամբ հրապարակեցին բազում նյութեր: Ելնելով երթի բազմանշանակությունից, մոսկովյան մամուլում նույնիսկ բանավեճ ծավալվեցՙ դա գիտակա՞ն գործողություն էր, թե՞ քաղաքական, քանզի Ռուսաստանի դրոշի հայտնվելն Արկտիկայի մինչ այդ անհասանելի խորքերում այդ պետությանը շանս է տալիս հավակնելու բնական պաշարներով ու հատկապես նավթով գերառատ աշխարհամասի հարստություններին: Իսկ թերթերից մեկը նույնիսկ անամոթաբար սրամտել էր, թե գիտարշավի գլխավոր նվաճումը եղավ այն, որ նրա ղեկավարին հաջողվեց խորջրյա հատակին թողնել հայաոճ գրառումՙ«Այստեղ եղել է Արթուրը»...

Ըստ երեւույթին Չիլինգարովը դառնում է այն միակ հայը, որը երկու երկրի հերոս է, որոնցից մեկն արդեն գոյություն չունի: Տակավին 1986-ին նա Անտարկտիդայի սառույցների գերեվարումից փրկեց խորհրդային «Միխայիլ Սոմով» գիտարշավանավը:

Արթուր Չիլինգարովին առաջինը շնորհավորողների մեջ էր հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել. Լենինգրադում ծնված-մեծացած, երկրագնդի հակադիր բեւեռներում կոփված, ռուս մորից երկունք առած հայազգի կրկնակի հերոսն արդեն տեւական ժամանակ տեղի թեմական խորհրդի ատենապետն է եւ ոչ միայն չինովնիկի իր աշխատասենյակի բարձունքներից, այլեւ հայկական եկեղեցի կատարած իր բազում այցելություններով օգնության ձեռք է մեկնում մեր հոգեւոր ներկայացուցչության կյանքում առաջացող զանազան «վարչական» հարցերի լուծմանը:

«Եթե Հայաստանն էլ նրան շնորհի հերոսի կոչում, բազմանշանակ ժպիտով ասում է Եզրաս սրբազանը, ապա մեր անխոնջ ատենապետը, դառնալով երեք երկրի հերոս, լիիրավ կհաստատվի աշխարհի մեծագույն հայերի ցուցակում»:

Թեեւ արդեն հաստատվել է: Համենայն դեպս, «մեր մեծարգո հայրենակցին» ամենայն բավականությամբ շնորհավորել է նաեւ Հայաստանի վարչապետը: Ի դեպ, վերոհայտնյալ գաղափարին հաստատ դեմ չի լինի Ռուսաստանի հայերի միությունը, որտեղ «լավ» գիտեն իրենց համախոհին...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4