«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԲԵՄՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ

Հունվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմը տրամադրվել էր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների գեղարվեստական խմբերի սաներին: «Լույսի գաղտնիքը» խորագիրը կրող մանկական բեմականացված համերգային ծրագրով ազդարարվեց տոնական հանդիսությունների փակումը: Մոտ երկու ժամ տեւած գեղեցիկ, ճաշակով ու հետաքրքրական միջոցառման ընթացքում Ձմեռ պապն ու Ձյունանուշը հայորդաց տան սաների հետ «շրջեցին» աշխարհի տարբեր մասերով, փնտրեցին լույսի գաղտնիքը, որը չկարողացան գտնել անգամ Փոքրիկ Իշխանի հեքիաթային ու գաղտնիքներով լի մոլորակում: Բայց ի վերջո, բարությունն ու ազնիվ մարդիկ օգնեցին: Եվ հենց այդ գաղտնիքով էլ վառվեցին տոնածառի լույսերը` սեր ու ջերմություն, հավատ ու նվիրում պարգեւելով մանուկներին:

Միջոցառման մասնակիցներին Վեհափառ հայրապետի` վեհափառ պապիկի օրհնանքի, բարեմաղթանքների խոսքերը, քաղցրավենիքներով ու խաղալիքներով լի տոպրակներ փոխանցեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ հայորդաց տների հոգեւոր տեսուչ-տնօրեն տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը: Համերգից հետո «Ազգը» զրուցեց հայր սուրբի հետ, տեղեկանալու, թե ինչպես են անցել ԱՄՆ-ում մեկամսյա հյուրախաղերը: «Այսօր գործող յոթ հայորդաց տներից 3-ը գործում են Երեւանում, մեկական` Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում եւ մեկը` «Մանրանկարչության կենտրոնը» Քանաքեռ համայնքում: Յոթ հայորդաց տներ են հաճախում շուրջ 4000 աշակերտ ու ստանում գեղագիտական, հոգեւոր ու մշակութային դաստիարակություն»: Տեր Գրիգոր աբեղան հույս հայտնեց, որ «հայորդաց տների թիվը կավելանա հատկապես մարզերում, որպեսզի մարզերի երեխաներն էլ մոտիկից շփվեն մեր հարուստ ժառանգությանը»:

Ճիշտ 15 տարի առաջ նախկին պիոներ պալատների հիմքի վրա, ներկայիս Վեհափառ հայրապետի, այն ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանի կողմից ստեղծվեցին 3 հայորդաց տներըՙ ՀԲԸՄ եւ Լուիզ Սիմոն-Մանուկյանի հովանավորությամբ: «Նորքի հայորդաց տան 53 սաների եւ 8 մանկավարժների հետ մեկ ամիս մենք հյուրընկալվեցինք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի ու Տեխաս նահանգներում, Լոս Անջելեսում, Դալլասում, Սան Ֆրանցիսկոյում: Պետք է ասեմ, որ խանդավառությունը շատ մեծ էր ու ամենուր հայորդաց տան ազգագրական, պարի ու կրկեսային խմբերի սաների ելույթները ընթանում էին երկարատեւ ծափերով: Համերգներին զուգահեռ մեր ծրագրերում ընդգրկել էինք նաեւ հայկական դպրոցներ հաճախելը եւ նրանց համար, ովքեր հնարավորություն չունեին գալու մեր համերգներին փոքր համերգային ծրագիր ներկայացնելը, որոնք ամենուր ընդունվում էին ջերմությամբ ու հետաքրքրասիրությամբ: Շատերին հուզում էր, թե ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանը եւ ինչպե՞ս է կերտվում մեր ապագան հայորդաց տների մանուկների ձեռքերով»:

«Ի՞նչ տպավորություններով վերադարձաք եւ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում» «Ազգի» հարցին եղավ պատասխան. «Վերադարձանք, իհարկե, ավելի հարստացած, որովհետեւ տեսանք, թե ինչպես էին մեզ սպասում Միացյալ Նահանգներում եւ ինչպիսի ակնկալիքներ ու հույսեր ունեին: Հույս ունենք, որ առաջիկայում կայցելենք Ռուսաստան, Ֆրանսիա եւ այլ երկրներ, որոնց հետ համագործակցությունը իր արդյունքը կտա: Ասեմ, որ նոր հայորդաց տներ կբացվեն Գյումրիում, Ապարանում, Գավառում, Սեւանում, Արտաշատում, իսկ սփյուռքում նման կառույցներ ստեղծելը մի փոքր այլ է»: «Հյուրախաղերի հետ կապված դժվարություններ եք ունեցել, ինչպե՞ս դրանք հաղթահարեցիք» հարցին հայր սուրբը պատասխանեց. «Հենց առաջին օրվանից սկսվեցին դժվարությունները: Դալլասում առաջին համերգը մեր երեխաները պարեցին առանց համազգեստի, քանի որ ԱՄՆ մեր չվերթը իրականացնող ավիաընկերությունը մեր ճամպրուկները տեղ չէր հասցրել ու խոստացել էր երկու օրից բերել: Սակայն այդպես էլ մինչեւ համերգի վերջին օրը մենք բեմական զգեստներով չկարողացանք հանդես գալ: Իհարկե դա շատ էր ընկճել երեխաներին առաջին օրը, բայց նրանք շատ արագ կարողացան դուրս գալ այդ իրավիճակից... Համերգի վերջին օրը միայն մեր սաները հանդես եկան զգեստներով ու ապացուցեցին, որ կարեւորը սերն է ու նվիրումը ընտրած գործին, այլ ոչ թե հագուստը: Հայորդաց տան ամեն մի սան քաջ գիտակցում է պատկանելությունը Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու ՀԲԸՄ, ու ամեն ինչ անում են պատվով կրելու այդ հաստատության սան լինելու կոչումը, հոգեւոր ու մշակութային դաստիարակություն ստանալով»: Այսօր արդեն մի մեծ կուռ ընտանիք դարձած հայորդաց տները մեծ դեր ու նշանակություն ունեն մեր երկրի մատաղ սերնդի դաստիարակության գործում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4