Երիտասարդների եւ սիրո բարեխոս Ս. Սարգսի` հունվարի 21-ին կայանալիք տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմը հայտարարել է սիրո իրական պատմությունների եւ պատմվածքների մրցույթ երեք թեմաներով` «Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» եւ «Ս. Սարգիս` ամուր ընտանիք, ամուր հայրենիք»: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, արդեն ստացվել են 100-ից ավելի պատմվածքների ու սիրո պատմությունների հայտեր: Դրանք մանրակրկիտ կընթերցեն կազմակերպիչները եւ յուրաքանչյուր թեմայի համար կընտրվի լավագույն աշխատանքը: Հիշյալ 3 թեմաների համար սահմանվել են դրամական պարգեւներ, համապատասխանաբար, 150, 100 եւ 50 հազար դրամի չափով: Իսկ լավագույն աշխատանքները կտպագրվեն «Շողակն Արարատյան» Արարատյան հայրապետական թեմի պաշտոնաթերթում:
Բացի իրական սիրո պատմություններից եւ պատմվածքներից, Արարատյան հայրապետական թեմը հայտարարել է նաեւ նույն թեմաներով նկարչական եւ ֆոտոռեպորտաժների մրցույթներ, որոնց համար եւս սահմանված են դրամական պարգեւներ: Հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 17-ն է:
Ս. Սարգիս տոնին նվիրված տոնակատարությունները հունվարի 21-ին կեզրափակվեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք տոնական մեծ համերգով: Իսկ համերգից երկու ժամ առաջ թատրոնի նախասրահում կկազմակերպվի ֆոտոռեպորտաժների եւ նկարչության մրցույթների քսան լավագույն աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ավելի ուշ` համերգի ավարտին, կհայտարարվեն մրցույթների հաղթողների անունները, նրանց կհանձնվեն դրամական պարգեւներն ու տոնը խորհրդանշող մրցանակները: