Արլինգտոնի (Մասաչուսեթս) Հայ մշակույթի հաստատության (ՀՄՀ) հավաքավայրում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հուշ երեկո նվիրված շվեյցարացի միսիոներ Ջեկոբ Կունցլերին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Երեկոյի ընթացքում ընթերցողներին է ներկայացվել նրա «Արյան եւ արցունքի երկրում: Փորձառություններս Միջագետքում համաշխարհային պատերազմի օրերին (1914-1918 թթ.)» գրքի անգլերեն թարգմանությունը, խմբագրությամբ ՀՄՀ-ի գործադիր տնօրեն դոկտ. Արա Ղազարյանցի եւ պրոֆ. Վահագն Տատրյանի առաջաբանով:
Պրոֆ. Տատրյանը նաեւ օրվա գլխավոր բանախոսն է եղել: Նա խոսել է հայերիս քիչ ծանոթ միսիոների, բժշկի եւ մարդասեր-բարեգործի մասին, նշելով, որ նա Եղեռնից մազապուրծ հազարավոր հայերի կյանքն է փրկել, եւ նրա հուշերի գիրքը եզակի նշանակություն ունի, քանի որ այնտեղ ամփոփված են ականատեսի վկայություններ:
Կունցլերը Ուրֆա է ժամանել 1899-ինՙ աշխատելու Լեփսիուսի հանձնարարությամբ տեղի շվեյցարական հիվանդանոցում: Տիրապետելով թուրքերենին, քրդերենին, արաբերենին եւ հայերենին, նա շուտով սերտ հարաբերություններ է հաստատում ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի հետ, որոնցից իմանալով որոշակի գաղտնիքներ, կարողացել է ժամանակին փրկել շատ հայերի, իսկ Եղեռնից հետո օգնել մոտ 8000 տեղահանված հայերի հաստատվելու Միջին Արեւելքում:
Կունցլերը ամուսնացել է շվեյցարացի բուժքույր Էլիզաբեթ Բենդերի հետ եւ Թուրքիայից հետո հետագայում ապրել Հալեպում եւ Բեյրութում իրենց «որդեգրած» հայերի հետ, որոնք էլ նրան անվանել են «պապա Կունցլեր»: Լիբանանում նրանք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել «Նիըր իսթ ֆաունդեշն» հաստատությունում, որն օգնել է ավելի քան 1.400 որբերի, հիմնականում աղջիկների, որոնց տեղավորել է Կունցլերի հիմնած գորգագործական ֆաբրիկայում:
Կունցլերը մահացել է 1949-ին Ղազիրում (Լիբանան), իսկ կինը շարունակել է նրա գործը մինչեւ իր մահը` 1968 թվականը:
Երեկոյի մեծագույն անակնկալը եղել է Կունցլերի ամենափոքր դստեր` իննսունամյա Էլիբեթ Կունցլեր-Մարշալի ներկայությունը, որը հատուկ այդ առիթով ժամանել էր Կալիֆոռնիայից: Նա հուզախառն զգացմունքներով պատմել է, թե հոր նման վերաբերմունքը պետք է վերագրել նրա դառը կենսագրությանը: «Նա որբացել էր 7 տարեկանում, իսկ կինը` 4 տարեկանում: Նրանք միշտ երազել են ընտանիք կազմելու մասին, փայփայել այդ ցանկությունը», ասել է նա իր ելույթի ընթացքում, ավելացնելով, որ հայրը եղել է «չափազանց կրոնասեր եւ ձեւապաշտ» անձնավորություն, մինչ մայրը` «հարմարվող եւ գործնական»:
Հուշ երեկոյին ներկա են եղել նաեւ Կունցլերի ընտանիքի այլ անդամներ` Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից, Ռոբերտ Միրաքը` ՀՄՀ-ի գլխավոր հովանավորը, գրքի հովանավոր Մեսրոպ Բչաքչյանը, դոկտ. Քրիստոֆ ֆոն Արբը` Նյու Ինգլենդում Շվեյցարիայի հյուպատոսը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ