Այս օրերին Անթիլիասում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Երեւանի Մատենադարանի նախաձեռնությամբ Կիլիկիո հայկական թագավորության
810-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում է նաեւ դոկտ. Վերժինե Սվազլյանը, որ Բեյրութ մեկնելուց առաջ մեզ տրամադրեց սույն հոդվածը:
Բյուզանդական կայսրությունը, հայերին վերաբնակեցնելով իր տերության փոքրասիական սահմանային նահանգներում, փորձում էր ոչ միայն քրիստոնյա հուսալի պատվար ստեղծել մահմեդական Արեւելքի դեմ, այլեւ վարում էր Հայաստանը ջլատելու, նրան ինքնուրույն պետական կյանքից զրկելու եւ հայերին քաղկեդոնականություն պարտադրելու քաղաքականություն:
Հայերն այդ շրջաններում ստանալով ընդարձակ տարածքներ` ստեղծել են զարգացած տնտեսություն, իսկ կայսերական բանակին մատակարարել մարտունակ ու փառաբանված ռազմիկներ:
Հայերի վերաբնակեցման քաղաքականությունը զանգվածային բնույթ է կրել հատկապես 11-րդ դարում, երբ Բյուզանդիայի միջամտությամբ Անիի Բագրատունիների եւ մյուս տեղական իշխանությունների կործանումից հետո, սելջուկյան հրոսակների կոտորածներից ու բռնություններից խուսափող մի շարք իշխանական տներ` Վասպուրականից, Արցախից, Սասունից, Շիրակից եւ Հայաստանի այլ վայրերից իրենց զինուժի, վասալների եւ հարկատու շինականների հետ տեղափոխվել են Կիլիկիա եւ բնակություն հաստատել Սիս, Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքներում եւ շրջակայքում: Տիրելով ընդարձակ կալվածքների, քաղաքների ու բերդերի` հայերն աստիճանաբար իրենց ձեռքն են կենտրոնացրել նաեւ ռազմական, քաղաքական ու տնտեսական կյանքը:
11-րդ դարում Կիլիկիայում գոյություն ունեին հայկական մի շարք իշխանություններ, որոնցից ամենակենսունակն ու նշանավորը Բագրատունի վերջին թագավոր Գագիկ Բ-ի մերձավորներից Ռուբեն իշխանի հիմնած իշխանությունն էր Լեռնային Կիլիկիայում: Նա, 1080-ին դուրս մղելով բյուզանդացիներին, Կիլիկիայում հաստատել է հայկական ինքնուրույն իշխանություն` Հաճընից դեպի Սիս գտնվող Վահկա բերդը դարձնելով Ռուբինյան իշխանության կենտրոն:
Կիլիկիայի հայկական իշխանությունը մշտապես պայքարի մեջ է եղել իր հարեւան Բյուզանդական կայսրության, Սելջուկյան սուլթանության եւ Անտիոքի լատինական իշխանությունների հետ: Այդ ահեղ մարտերի ընթացքում երկրի շատ շրջաններ բազմիցս ձեռքից ձեռք են անցել, սակայն Ռուբինյան իշխաններն իրենց վարած ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացել են օգտագործել հակառակորդների միջեւ եղած հակասությունները եւ աստիճանաբար ընդարձակել իրենց իշխանության սահմանները: Նրանք 12-րդ դարի վերջերին իշխել են գրեթե ամբողջ երկրին: Կիլիկիայի հայկական իշխանությունն այնքան է հզորացել ու ընդարձակվել, որ Բյուզանդիայի եւ խաչակիրների համաձայնությամբ, 1198-ի հունվարի 6-ին, Ս. Ծննդյան օրը Տարսոն քաղաքի Ս. Սոփիա մայր տաճարում Կիլիկիան հանդիսավորությամբ հայտարարվել է անկախ թագավորություն, եւ Լեւոն Բ-ն թագադրվել է հայկական այդ պետության թագավոր (1198-1219 թթ.):
Ժամանակակիցները պատմական այդ խոշոր իրադարձությունը գնահատել են իբրեւ Բագրատունյաց թագավորության վերականգնում նոր հողի վրա` նոր երկրում, որտեղ կենտրոնացել էր բազմահազար հայ բնակչություն` ազնվականներ, հոգեւորականներ, զինվորականներ, շինականներ, արհեստավորներ եւ առեւտրականներ: Հետագայում Մեծ Հայքից եւ հայաբնակ այլ վայրերից հոսքը դեպի Կիլիկիա ավելի է մեծացել:
Հայկական Կիլիկիան իր 300-ամյա փառահեղ պետականության շրջանում (11-14 դդ.) հայտնի է եղել իր զարգացած քաղաքական, տնտեսական համակարգով, ծաղկյալ առեւտրով, գիտության եւ մշակույթի լուսավորյալ կենտրոններով: Հիմնականում շարունակելով Արշակունյաց եւ Բագրատունյաց ժամանակների Հայաստանի ֆեոդալական ավանդներն ու սովորույթները` Հայկական Կիլիկիայի հասարակարգը որոշ չափով կրել է նաեւ բյուզանդական եւ արեւմտաեվրոպական քաղաքակրթության ազդեցությունը:
Երկրի բարենպաստ կլիման, բերրի գետահովիտներն ու արգավանդ դաշտավայրերը նպաստել են երկրագործության, իսկ լեռնային մշտադալար արոտավայրերը` անասնապահության զարգացմանը:
Լեւոն Բ Մեծագործ թագավորի օրոք Կիլիկիան ունեցել է շուրջ չորս հարյուր քաղաքներ ու բերդեր, որոնցից ամենից հռչակավորներն են եղել քաղաքամայր Սիսի բերդը, ապա` Անարզաբան, Վահկան, Կապանը, Լամբրոնը, Լեւոնկլան, Բազեն, Բարձր բերդը, Անամուռը, Առյուծը, Արեգնին, Բերդուսը, Ընկուզուտը եւ այլն:
Երկրի ավելի քան մեկ միլիոն բնակչության գրեթե կեսն ապրել է քաղաքներում: Քաղաքային բնակչության ամենաստվար խավը կազմել են արհեստավորներն ու առեւտրականները: Արհեստներից առանձնապես զարգացած են եղել արծաթագործությունը, ոսկերչությունը, մանրանկարչությունը, զինագործությունը, մանածագործությունը, գորգագործությունը, կարպետագործությունը, ապակեգործությունը, դերձակությունը, որմնադրությունը, դարբնությունը, նավաշինությունը, փայտի, կաշվի, սեւ եւ գունավոր մետաղների մշակումը եւ այլն:
Քաղաքներն ու նավահանգստային կենտրոնները (Ադանա, Ալայա, Անարզաբա, Կոռիկոս, Մամեստիա, Սիս, Սելեւկիա, Տարսոն եւ այլն), գերազանցապես լինելով արքունի տիրույթներ, զարգացել են պետության հովանավորությամբ: Ռուբինյան իշխանության օրոք Այասը եւ Աղեքսանդրյակը կատարել են առաջնակարգ նավահանգիստների դեր` արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Կիլիկիայի քաղաքներում եւ նավահանգիստներում հայերի կողքին ապրել ու արտոնյալ պայմաններով առեւտուր են արել ասորիները, արաբները, հրեաները, հույները, պարսիկները, իտալացիները, ֆրանսիացիները: Հայկական Կիլիկիան առեւտրական սերտ կապեր է ունեցել Իտալիայի, Ղրիմի, Հայաստանի, Ասորիքի, Եգիպտոսի, Իկոնիայի սուլթանության եւ այլ երկրների հետ: Կիլիկիայի թագավորները բազմաթիվ միջազգային առեւտրական պայմանագրեր են կնքել Ջենովայի, Պիզայի, Ֆլորենցիայի, Սիցիլիայի, Մարսելի եւ այլ քաղաքների առեւտրական ընկերությունների հետ: Առաջին անգամ հայերեն տառերով դրամներ հրապարակ են հանվել Կիլիկիայում:
Պետության կենտրոնական եւ տեղական կառավարման կարեւոր օղակներն են եղել դատարանները` Վերին եւ Մեծ Դարպասը, թագավորի նախագահությամբ: Արտաքին թշնամիներից երկիրը պաշտպանելու եւ ներսում իր տիրապետությունն ամրապնդելու համար արքունիքը ստեղծել էր մշտական կանոնավոր եւ մարտունակ բանակ:
Հայկական մշակույթի ծաղկումը պայմանավորված է եղել Հայկական Կիլիկիայի քաղաքական ու տնտեսական աննախադեպ վերելքով: Այն զարգացել է հայ բազմադարյան մշակույթի ավանդների հիման վրա: Պետական արքունիքը հովանավորել ու խրախուսել է հայ մտավորականների մշակութային նախաձեռնությունները: Օրինակ` Կոստանդին Ա-ն հիմնադրել է Կաստամոնին, Թորոս Ա-ն` Դրազարկի ու Մաշկեվորի, Մլոհը` Մեծ քարի, Լեւոն Բ-նՙ Ակների եւ Գայլու վարդապետարանները: Թորոս Բ-ն եղել է հմուտ բանասեր, Լեւոն Գ-ն, որն ստացել է «Գրասեր» պատվանունը, մշակել է Ակների հռչակավոր վարդապետարանի ծրագիրն ու կանոնադրությունը, կազմակերպել ընտիր եւ հազվագյուտ ձեռագրերի հավաքման եւ ընդօրինակման գործը: Լեւոն Գ-ին աջակցել է իր կինը` Կեռան թագուհին: Հայ մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել են Զաբել թագուհին, Կոստանդին թագավորահայրը, Հեթում Բ եւ Օշին թագավորները:
Հայկական Կիլիկիայի մշակութային կենտրոններում գործող հայ մտավորականները խնամքով հավաքել, ուսումնասիրել եւ բազմացրել են նախորդ դարերում ստեղծված հազարավոր ձեռագրեր, թարգմանել ասորերեն, արաբերեն, լատիներեն, հունարեն բազմաթիվ գիտական ու գրական արժեքավոր գրքեր: Գրչության արվեստի հիմնական սկզբունքները տեսականորեն մշակվել եւ ընդհանրացվել են Կիլիկիայում: Գիտական, գրական, ինչպես նաեւ գեղարվեստի բազմաթիվ ստեղծագործություններ ունեն Վերածնության դարաշրջանի հատուկ տարրեր:
Այդ ժամանակի պետական առաջավոր գործիչներն ու մտավորականները` Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Սմբատ սպարապետը, Հովհաննես Պլուզ Երզնկացին, Մովսես Երզնկացին եւ ուրիշներ առաջադրել են դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման եւ դաստիարակման գաղափարը: Այդ նպատակով երկրի բազմաթիվ բնակավայրերում եւ վանքերում բացվել են դպրոցներ, որտեղ միաժամանակ սովորել են հարյուրավոր երկսեռ աշակերտներ: Կրթությունը եղել է ձրի եւ մատչելի: Առավել ընդունակներն ուսումը շարունակել են բարձրագույն մասնագիտացված դպրոցներում կամ վարդապետարան-համալսարաններում, որտեղ դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն, տարրաբանություն, օտար լեզուներ, ինչպես նաեւ քերթողական, գեղանկարչական ու երաժշտական արվեստներ: Այդ առարկաները դասավանդել են արքունիքի նշանակած հայտնի ուսուցչապետներ` գիտնականներ, ռաբբունապետներ, վարդապետներ, որոնք պատրաստել են անվանի գիտնականներ, պետական ու հոգեւորական բարձրաստիճան անհատներ: Ուսուցումը կատարվել է ժողովրդի խոսակցական լեզվով` կիլիկյան միջին հայերենով:
Կիլիկիայում հայկական ուսումնագիտական խոշոր կենտրոններ են եղել Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Հեսվանցը, Մաշկեւորը, Մեծ քարը, Մլիճը, Ջերմաղբյուրը, Սկեւռան, Տարսոնը եւ այլ քաղաքների վարդապետարաններ: Սեւ լեռան վարդապետարաններից հռչակված են եղել Արեգին, Շափիրին, Շուղրը, Պաղակ Ծիակը, Պառլահոնը (Դրախտ Աստուծո), Վարդկան, Քարաշիթը: Սիս մայրաքաղաքի բազմաթիվ կրթարաններից հայտնի է եղել Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը, որտեղ կրթվել են պետական խոշոր գործիչներ եւ գիտնականներ: Այնտեղ դասավանդող ականավոր գիտնականները թարգմանել եւ ուսումնասիրել են Հոմերոսի, Պլատոնի, Սոկրատեսի, Արիստոտելի, Էվկլիդեսի, Թեոփանոսի, Պյութագորասի եւ այլոց երկերը: Դրազարկի վարդապետարանը հռչակվել է լեզուների ուսուցմամբ, գրչության, գեղանկարչության, երաժշտության բարձր արվեստով: Այնտեղ է սովորել մանրանկարչության անկրկնելի ծաղկող Սարգիս Պիծակը: Այնտեղ դասավանդել են Հովսեփ երաժշտապետը, առակագիր Վարդան Այգեկցին եւ շատ ուրիշներ: Սեւ լեռան վարդապետանոցներից մեկում ուսումը կատարելագործել է Մխիթար Գոշը, Շուղրում` Ներսես Շնորհալին եւ Գրիգորիսը: Պառլահոնում դասավանդել են Գեւորգ Մեղրիկը, Գրիգոր Լոռեցին եւ ուրիշներ: Գիտության, արվեստի եւ գրչության խոշորագույն կենտրոն Մեծ քարում դասավանդել են Հակոբ վարժապետն ու Հովհաննես Պլուզ Երզնկացին: Սկեւռայի վարդապետարանում են կրթվել Գրիգոր Սկեւռացին եւ Ներսես Լամբրոնացին: Կիլիկիայում մեծ հռչակ են վայելել նաեւ Մխիթար Հերացին, Աբուսայիդը, Գրիգորիսը, Սիմեոնը, Ճոսլինը, շատ ուրիշ բժիշկներ եւ նշանավոր դեմքեր: Հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում հանդես եկած այս կարկառուն ներկայացուցիչների շարքը նկատի ունենալով` Հովհաննես Հիշատակակիրը Կիլիկիան անվանել է «Երկիր իմաստասիրաց ու ուսումնասիրաց»: Իսկ հետագայում անվանել են «Հայ մշակույթի արծաթե դար»:
Այդ ասպարեզներից բացի ժամանակագրությամբ եւ պատմագրությամբ են զբաղվել նաեւ աշխարհիկ ու հոգեւոր մի շարք պետական գործիչներ: Հիշատակության են արժանի Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) «Տարեգիրքը» եւ նրա գլուխգործոց «Դատաստանագիրքը» (1265 թ.), ապա` Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունին, Սամվել Անեցին, Վարդան Ակներցին, Մաղաքիա Աբեղան, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին եւ շատ այլ պայծառ դեմքեր, որոնք ոչ միայն ստույգ ու ճշմարտացի նկարագրել են Հայկական Կիլիկիայի 300-ամյա հերոսական ու սխրալի պատմական իրադարձությունները, այլեւ անհուն կսկիծով ողբացել օտարերկրյա նվաճողների դեմ մեր իրարահաջորդ հայ թագավորների ապարդյուն ջանքերը` պահպանելու համար Լեւոն Բ Մեծագործ թագավորի հիմնադրած երբեմնի փառահեղ Հայկական Կիլիկիայի պետականությունը:
1375-ին մամլուկների արշավանքների հետեւանքով Հայկական Կիլիկիայի թագավորությունն անկում է ապրում: Սակայն վեց դար շարունակ պետականությունից զրկված հայ ժողովրդի համար Կիլիկիան մնացել է որպես մշտարթուն երազանք...
Պատահական չէ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականությունն իր մեջ ամփոփում է ընդհանրապես հայկական պատմական անցյալի եւ հատկապես կիլիկյան 300-ամյա պետականության երբեմնի փառքը, որի հարատեւության համար հայ ժողովուրդը աղոթքախառն տողեր է հղում առ Աստված.
«Տե՜ր, դուն պահե միշտ անսասան
Դյուցազնական Մայր-Հայաստան.
Տուր հարատեւ ազատություն,
Կյանք ու արեւ, խաղաղություն,
Հայ դրոշով մեր պետական,
Թող միշտ ապրի ազգն հայկական.
Ամեն»:
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր