«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ՆՈՐ ԵՌԱԼԵԶՈՒ ԲԱՌԱՐԱՆ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերջին տարիներին քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների եւ իրավագիտության հանդեպ հետաքրքրությունը հանգեցրել է նոր հասկացությունների, տերմինների եւ կազմակերպությունների անվանումների հապավումների ներմուծմանը լեզվի մեջ: Ընթերցողի դատին է հանձնվել անգլերեն-հայերեն-ռուսերեն հապավումների համառոտ բառարան, որի շնորհանդեսը կայացավ երեկ ԵՊՀ գրադարանի դահլիճում: Բառարանը հնարավորություն է տալիս քաղաքագետին, միջազգայնագետին, իրավագետին, լրագրողին եւ այլ ոլորտի անգլերեն ուսումնասիրողին օգտվելու մեկ աղբյուրից` չանդրադառնալով այլ մասնագիտական աղբյուրների: Բառարանը քննարկվել եւ երաշխավորվել է տպագրության ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

Իրինա Բուռնազյանը, որը ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության թիվ երկու ամբիոնի դասախոսներից է, ինչպես նաեւ բառարանի հեղինակներից մեկը, ասաց. «Բառարանի վրա աշխատանք է տարվել շուրջ երեք տարի. հեղինակները հինգն են: Կարեւոր, կիրառելի բառարան է դասավանդման եւ ուսանողների համար: Հատկապես թարգմանիչների համար պրակտիկ բառարան է. պարունակում է 1400 հապավում, մոտ 250 միջազգային կազմակերպությունների անուններ, 230 աշխարհագրական անվանում: Բառարանի կարիքը զգացվել է դասավանդման, տեքստեր ու թերթեր կարդալու ընթացքում, երբ պետք էր միջազգային տերմիններին վերաբերող անգլերեն բառերի հայերեն թարգմանությունը: Տպագրվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, լույս է տեսել 500 օրինակով: Մասնագիտական բառարանը առաջին անգամ է հրատարակվում Հայաստանում եւ պարունակում է տվյալ մասնագիտական շրջանակներում ամենագործածական հապավումները»:

Շնորհանդեսին ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արթուր Պողոսյանն իր հերթին հավելեց. «Բառարանը գտնելու է իր ուրույն տեղը ուսանողների, դասախոսների, լրագրողների շրջանակում: Նմանատիպ միջոցառումների ֆինանսավորումը մեր նախարարության կողմից է եւ համարվում է առաջնահերթ, քանի որ մենք ունենք ուսանողների գիտական աշխատությունների, հայրենասիրական դաստիարակչություն ապահովող ձեռնարկներ եւ սա մեր աշխատանքներից մեկն է, որ ներկայացնում ենք ձեր դատին: Հույս եմ հայտնում, որ քննարկելով այս ամենը` կվերահրատարակենք բառարանը եւ կներկայացնենք լայն հասարակությանը»:

«Այս աշխատության մասին իմ ասելիքները քիչ են. որպես մշակութային երեւույթ, ուզում եմ կարեւորել: Մխիթարյանների եւ Հայկազյանների բառարանների ստեղծման օրվանից մինչ այսօր, աշխարհում բառարանաստեղծ ժողովուրդ դժվար թե լինի: Բնականորեն յուրացնելով համաշխարհային արժեքները` տեղայնացվում է հիմնականում բառարաններով, թարգմանություններով: Ոչ միայն եվրոպական, արեւմտյան տարածված հապավումները, այլ նաեւ հայերեն հապավումների բառարաններն էլ են անհրաժեշտ, որովհետեւ դրանք յուրատեսակ ծածկագրեր ու հապավումներ են: Սա ազգային արժեք է եւ նման աշխատությունները պետք է խրախուսվեն: Սա բոլորիս համար սեղանի գիրք է, քանի որ պրոֆեսիոնալ քաղաքագետները կարող են շատ տերմինների, հապավումների թարգմանություններ չիմանալով` օգտվել այս բառարանից», ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հենզել Մանուչարյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4