«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-01-11 | #5, 2008-01-12 | #6, 2008-01-15


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում մեկնարկել է ընթացիկ մրցաշրջանի առաջին խոշոր մրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգի է: Մրցաշարում գերազանց է մեկնարկել նախորդ տարվա հաղթողներից մեկը` Լեւոն Արոնյանը` տոնելով երկու անընդմեջ հաղթանակ: Վիճակահանությամբ Արոնյանին բաժին է ընկել 6-րդ համարը: Առաջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովն էր: 16-րդ քայլին սպիտակներով խաղացող Արոնյանը շահեց մրցակցի զինվորը եւ հայտնվեց դժվարին կացության մեջ, երբ Թոփալովի ձին շախ հայտարարեց: Թվում էր, թե Արոնյանին հարկ կլինի ծանր պայքար մղել դիրքը հավասարեցնելու եւ ոչ-ոքի արդյունքի հասնելու համար: Սակայն Թոփալովը գտնվելով ցայտնոտում, սկսեց սխալներ թույլ տալ եւ արդյունքում պարտվեց:

Պարտիայից հետո Լեւոն Արոնյանը «Սպորտ-Էքսպրեսի» թղթակցին հետեւյալն է ասել. «Հաշվի չէի առել, որ մրցակցի ձին սպառնում է շախով, իսկ երբ նավակս կորցրի, վիճակս վատթարացավ: Ինձ օգնեց մրցակցի ցայտնոտը: Թոփալովը սկսեց սխալվել ու վատթարացրեց դիրքը, իսկ իմ դիրքը լավացավ: Վերջնախաղում էլ ոչ-ոքի դիրքում Թոփալովը ճիշտ չխաղաց, ինչը նրա պարտության պատճառ դարձավ: Ինչ վերաբերում է ինձ, ապա այսօր շատ անտաղանդ խաղացի, պարզապես բախտս բերեց: Կաշխատեմ հետագայում հույսս չդնել բախտի վրա»:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր: Այս անգամ Լեւոնը հստակ խաղաց ողջ պարտիայի ընթացքում եւ հասավ ցանկալի արդյունքի` տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը: Երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցում էր Պետեր Լեկոյի հետ: 28-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Հետաքրքրական է, որ երրորդ տուրի բոլոր վեց պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Ռաջաբովն ու վան Վելին, Մամեդյարովն ու Կրամնիկը, Էլյանովն ու Անանդը, Ադամսն ու Կառլսենը, Իվանչուկն ու Գելֆանդը, Պոլգարն ու Թոփալովը:

Որոշ չափով անսպասելի էր աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի անհաջող մեկնարկը: Առաջին տուրում նա պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, երկրորդում ոչ-ոքի խաղաց նախորդ մրցակցի հայրենակցի` Շահրիյար Մամեդյարովի հետ: Դասակարգման ցուցակը գլխավորող Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի ավարտեց հանդիպումները Լյուկ վան Վելիի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիաներում:

Հաջող է մեկնարկել նորվեգացի 16-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը եւս մեկնարկում երկու հաղթանակ է տոնել` առավելության հասնելով Մամեդյարովի ու Պավել Էլյանովի նկատմամբ: Հենց Կառլսենն էլ Արոնյանի հետ 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ոչ-ոքի ավարտ ունեցան Էլյանով-Լեկո, Ադամս-Գելֆանդ, Իվանչուկ-Պոլգար, վան Վելի-Պոլգար, Թոփալով-Իվանչուկ, Լեկո-Ադամս պարտիաները: Առաջատարներից կես միավորով հետ է մնում Ռաջաբովը: 1,5-ական միավոր ունեն Կրամնիկը, Ադամսը, Իվանչուկը, Պոլգարը, Լեկոն եւ վան Վելին:

«B» խմբի մրցաշարում հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Վիճակահանության քմահաճույքով նրանք հանդիպեցին առաջին տուրում: Գրանցվեց ոչ-ոքի: Երկրորդ տուրում էլ հայ շախմատիստները հաշտություն կնքեցին. Սարգսյանը` Սմիթսի, Մովսիսյանը` Չեպարինովի հետ: Երրորդ տուրում Մովսիսյանը մրցաշարում առաջին հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Միխալ Կրասենկովի նկատմամբ: Իսկ ահա Սարգսյանը պարտություն կրեց Նեպոմնյաշչուց: Երեք տուրից հետո Մովսիսյանը վաստակել է 2 միավոր, Սարգսյանն ունի 1 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4