Հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանի փայլուն հաղթանակով ավարտվեց Սեւիլիայում ընթացած շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 232 շախմատիստներ: Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Մովսիսյանը շատ կարեւոր հաղթանակ էր տոնել իր հետ աղյուսակը գլխավորող իսպանացի Մանուել Լոպեսի նկատմամբ եւ դարձել էր միանձնյա առաջատարՙ վաստակելով 6,5 միավոր:
Ավարտական 2 տուրերում հայ գրոսմայստերը պահպանեց առաջատարի իր դիրքն ու արժանի հաղթանակ տոնեց: 8-րդ տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան վրացի գրոսմայստեր Լեւան Արոշիձեի հետ, իսկ վերջին տուրում հաշտություն կնքեց Իբրահիմ Խամրակուլովի հետ: Արդյունքում Մովսիսյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ արժանացավ գլխավոր մրցանակին: 8 շախմատիստ վաստակեց հավասարՙ 7-ական միավոր: 2-րդ եւ 3-րդ մրցանակակրին որոշելու համար հարկ եղավ դիմել լրացուցիչ գործակիցներին: 2-րդ տեղը բաժին հասավ Իսպանիան ներկայացնող ուզբեկ գրոսմայստեր Իբրահիմ Խամրակուլովին, 3-րդը ճանաչվեց կանադացի Քեւին Սպրագետը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ