Երեւանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաղթարշավը շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում: Վերջին երեք տուրերի հաջող մրցելույթների շնորհիվ Տիգրանը զգալիորեն առաջ անցավ մրցակիցներից եւ մրցաշարի ավարտից 5 տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: 5-րդ տուրում Պետրոսյանը հաղթեց Տիգրան Նալբանդյանին, ապա հաջորդ մրցախաղը Լպուտյանի հետ ավարտեց ոչ-ոքի: 7-րդ տուրը կրկին հաջող էր առաջատարի համար, որը նոր հաղթանակ տոնեց Քոթանջյանի նկատմամբ:
7 տուրից հետո Պետրոսյանը 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 1,5 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող Սմբատ Լպուտյանից: Վերջինս չորս անընդմեջ ոչ-ոքիներից հետո մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: 7-րդ տուրում էլ փորձառու Սմբատը հաղթեց Անաստասյանին:
4-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Արտաշես Մինասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Մինասյանը խաղաղ դաշն կնքեց Անդրեասյանի եւ ազգանվակցիՙ Արայի հետ: Տեր-Սահակյանը պարտվեց նաեւ Քոթանջյանին, բայց 7-րդ տուրում հաջողության հասավ Կարեն Ասրյանի նկատմամբ: Վերջինս անդրանիկ պարտությունը կրեց: Մինչ այդ Ասրյանը ոչ-ոքի էր խաղացել Անդրեասյանի հետ:
3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Արա Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը: 3-ական միավոր ունեն Քոթանջյանը, Փաշիկյանը եւ Անաստասյանը: 2,5-ական միավոր է վաստակել Ասրյանը, 2ՙ Բաբուջյանը, մեկականՙ Նալբանդյանն ու Եղիազարյանը:
Այսօր թեեւ մրցաշարում հանգստյան օր է, սակայն տեղի կունենա մեկ պարտիա: Կարեն Ասրյանն ու Արա Մինասյանը կանցկացնեն 6-րդ տուրում չկայացած մրցախաղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ