Այս օրերին, երբ ողջ Հայաստանը ընկղմված է նախընտրական թոհուբոհի մեջ, քչերն են հիշում մի իրադարձության մասին, որ տեղի ունեցավ Բաքվում 1990-ի հունվարին: Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների մասին, կարծում եմ, այս օրերին գրելը հատկապես կարեւոր է, քանի որ հային հատուկ կարճ հիշողությամբ մենք նորից սկսում ենք խոսել մեր իբր թե բարի դրացու մասին, որի հետ կարելի է խաղաղ գոյատեւել: Այս թեման հատկապես հրատապ է, քանի որ նախագահական ընտրությունների մեջ ընկղմված մեր թեկնածուները պարբերաբար հնչեցնում են թուրքերի հետ խաղաղ գոյատեւելու հնարավորությունն ու նույնիսկ համոզում են, որ դրա համար հարկավոր է ընդամենը տարածքների հարցում զիջումների գնալ: Մեր հիշողության կարճությունը եւ սեփական պատմությունից դասեր չքաղելու հատկությունը մի ամբողջ ժողովրդի մի քանի անգամ կանգնեցրել են զանգվածային կոտորածների փաստի առաջ: Հենց նույն Բաքվում միայն 20-րդ դարի ընթացքում 3 անգամ տեղի են ունեցել հայկական բնակչության զանգվածային ջարդեր, սակայն շատ հայ «վայ գործիչներ» իրենց երջանիկ են զգում Բաքու այցելելիս կամ Հայաստանում, այսպես կոչված, «Ադրբեջանի օրեր» անցկացնելիս:
Ինչեւէ, հիշեցնենք, որ առաջին անգամ հայկական կոտորածներ Բաքվում տեղի են ունեցել 1905-ի փետրվարին: Այն ժամանակ ցարական գաղտնի ոստիկանությունը զինելով թաթարական հրոսակախմբերին (մինչեւ 1918-ը այսպես էին անվանում ադրբեջանցիներին), կազմակերպեց հարձակումներ հայկական թաղամասերի վրա: Բախումների ժամանակ, ըստ որոշ տվյալների, զոհվեց 300 մարդ` 200 հայ եւ 100 թաթար: Ավելի արյունալի կոտորածներ տեղի ունեցան 1918-ին, երբ Բաքուն փաստորեն գտնվում էր թուրքական զորքերի հսկողության տակ: Ադրբեջանցի-թաթարներին այդ ժամանակ արդեն զինում էին` սկզբում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշայի, ավելի ուշ` բրիտանացիների հրամանով: Չնայած Բաքու քաղաքի այս արյունալի պատմությանը, արդեն խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում հետագայում նույնպես շարունակում էին ապրել մեծ թվով հայեր: Պարզ էր, որ հայ-ադրբեջւանական առաջին իսկ բախման դեպքում Բաքվի հայերը թիրախ կդառնան ադրբեջանացած կովկասյան թաթարների ժառանգների համար: Եվ ցավոք սրտի, նույնիսկ Սումգայիթում եւ Կիրովաբադում տեղի ունեցած դեպքերը շատերին ոչինչ չէին սովորեցրել, հայերը շարունակում էին ապրել այդ քաղաքում այն հույսով, որ ինտերնացիոնալ կոչված Բաքվում իրենց ոչինչ չի սպառնում: Սակայն ինչպես սումգայիթյան կոտորածների դեպքում, Բաքվում նույնպես ամեն ինչ կազմակերպված էր միայն թուրք մարդասպանին հատուկ ճշգրտությամբ ու դաժանությամբ: 1990-ի հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված զանգվածային ցույցի ժամանակ Ժողճակատի առաջնորդները հերթական անգամ հնչեցրին հակահայ կարգախոսներ, եւ «Կեցցե Բաքուն առանց հայերի» հայտարարությունից հետո էլ փաստորեն սկսվեցին զանգվածային հարձակումները հայերի բնակարանների վրա: Մինչ այդ մի քանի օր շարունակ Ժողճակատի գրասենյակի պատերին փակցված էին ցուցակներ, որտեղ նշված էին հայերի բնակարանների հասցեները: Այսինքն` հարձակումները պատահական չէին, ադրբեջանցի հրոսակները լավ գիտեին, թե ուր են գնում եւ ում են սպանում: Բաքվի շատ հայ ընտանիքներ իրենց փրկությունը գտնում են «Շաֆագ» կինոթատրոնում, որը գտնվում էր զինվորականների հսկողության տակ: Սակայն խորհրդային զինվորականներին ուղղված օգնության խնդրանքներն անպատասխան էին մնում: Հրամանատարությունը հայտարարում էր, որ հրաման չունեն: Երեք օր շարունակվող ջարդերին զոհ գնաց մոտ 150 հայ (սակայն զոհերի իրական թիվը հայտնի չէ մինչ օրս): Խորհրդային զորքերը մուտք գործեցին քաղաք միայն այն բանից հետո, երբ գազազած ամբոխը սկսեց գրավել պետական հիմնարկները եւ փաստորեն փորձում էր տապալել խորհրդային կարգերը Բաքվում: Ավելի ուշ հենց այս ձեւակերպմամբ էլ հանդես եկավ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, նշելով, որ իրենք զորքեր մտցրեցին, որպեսզի փրկեն խորհրդային կարգերը Ադրբեջանում: Փաստորեն հայ բնակչության զանգվածային կոտորածները Մոսկվայի այն ժամանակվա իշխանությունների համար կարեւոր պայման չէին զորք մտցնելու եւ բնակչությանը փրկելու համար:
Բաքվում հայկական ջարդերի օրերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունում է որոշում «ԼՂԻՄ-ում եւ մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Արտակարգ դրություն է մտցվում Լեռնային Ղարաբաղում, նրան սահմանակից Աղդամի, Լաչինի, Միրբաշիրի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի եւ Ղուբաթլուի, հետագայումՙ Շահումյանի շրջաններում: Մինչդեռ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվում է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին եւ մայրաքաղաքում հայեր չէին մնացել: Բաքվի հայ բնակչությունը նավերով տեղափոխվել էր Թուրքմենստան` Կրասնովոդսկ (այժմՙ Թուրքմենբաշի), որտեղից ինքնաթիռներով հասնում են Հայաստան: Հետագայում, երբ Հեյդար Ալիեւը դառնում է Նախիջեւանի ղեկավար, ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին տված իր հարցազրույցում նշում է, թե ովքեր էին «սեւ հունվարի» մեղավորները: Ըստ նրաՙ «Մոսկվայի ՊԱԿ-ն էր եւ Ադրբեջանի ՊԱԿ-ը, նաեւՙ Ադրբեջանի ողջ ղեկավարությունը: Նրանք բոլորը ներգրավված էին հունվարի 12-ին, 13-ին եւ 14-ին Բաքվի հայերի վրա հարձակումներում... Այդ ամենը Մոսկվայի ծրագիրն էր, որին մասնակից էր ադրբեջանական ղեկավարությունըՙ Աբդուռահման Վեզիրովն ու Այազ Մութալիբովը»:
Ինչեւէ, անդրադառնալով 1990-ին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին, նշենք, որ այստեղ ոչ միայն թուրքերի, այլեւ մեր` հայերիս մեղքի բաժինը կա: Մեր թշնամիների մեջ բարեկամ տեսնելու մեր իսկ հիվանդագին ձգտումը շատ դեպքերում հանգեցնում է այն վտանգավոր հանգստությանը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս կազմակերպելու հայերի նկատմամբ զանգվածային կոտորածներ եւ անպատիժ մնալ: Իսկ 1990-ի դեպքերի մեղավորները մինչեւ օրս էլ անպատիժ են: Մնում է այստեղից քաղել տարրական այն ճշմարտությունը, որ մեր երկու թուրք հարեւանների հետ հնարավոր է «բարիդրացիական» հարաբերություններ ունենալ միայն մարտունակ հայկական բանակի առկայության եւ ազատագրված տարածքների պահպանման պայմաններում:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ