«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


2006-Ի «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ» ՄՆԱՑԵԼ Է ԲԱ՞Ց

Ըստ Մեթյու Բրայզայի, մինչեւ ընտրություններ բանավոր համաձայնության հույս կա, բայց կանխատեսում չի արվում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից յուրաքանչյուրն ունի իր կոշտ դիրքորոշումը, բայց, միաժամանակ, նրանք, կարծես պատրաստ են ընդհանուր լեզու գտնել: Լրագրողներին նման հայտարարություն է արել երեկ Երեւանում ավարտված «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային երկօրյա գիտաժողովի մասնակից, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ըստ ամերիկացի համանախագահի, համանախագահներն աշխատում են նպաստել երկու նախագահների միջեւ կարծիքների փոխանակմանը, բայց կանխատեսումներ անել չեն կարող: Մինչեւ հայաստանյան նախագահական ընտրություններ, անցյալ տարեվերջին Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնված թարմացված փաստաթղթի որեւէ գնահատական եւս Բրայզան չտվեց: Ամեն դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այս այցելության նպատակը հենց մադրիդյան փաստաթղթում ներկայացված բովանդակության բարելավումն է եւ այդ առնչությամբ կողմերի մոտեցումների ճշգրտումը:

Բրայզան հույս հայտնեց, որ 2008-ը վճռորոշ տարի կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար: Ըստ ամերիկացի համանախագահի, Քոչարյան-Ալիեւ հանդիպումները դրական առաջընթաց են ցույց տալիս, բայց թե դա կբերի՞ մինչեւ Բաքվում Բրայզայի իսկ հայտարարած բանավոր համաձայնությանը երկու նախագահների միջեւ` ամերիկացի դիվանագետը կանխատեսումներ չի անում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում: Թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, ըստ Մեթյու Բրայզայի, կախված է երկու երկրների ընտրությունների արդյունքներից: Միեւնույն ժամանակ, այդ ընտրություններն, ամերիկացի համանախագահի խոսքերով, չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

«Ես երբեք համակարծիք չեմ եղել, թե «հնարավորությունների պատուհանը» փակվում է: Եթե հասարակությունը կամք դրսեւորի, այդ պատուհանը միշտ բաց կլինի»: Բրայզայի փոխանցմամբ, տպավորություն կա, որ Հայաստանում նախագահի բոլոր թեկնածուները կողմնակից են, որ ղարաբաղյան գործընթացն առաջ շարժվի, թեկնածուները կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ու թեեւ թեկնածուները տեղյակ չեն բանակցային գործընթացի մանրամասներին, Բրայզայի կարծիքով, «...նախագահի բոլոր թեկնածուներն էլ հասկանում են, որ սեղանի վրա դրված առաջարկն արդարացի է եւ հավասարակշռված»:

Հունվարի 13-14-ին Բաքվում նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը ժամանեցին Երեւան: Եվ չնայած նախատեսված էր, որ համանախագահները Երեւանում կլինեն մինչեւ հունվարի 16-ն ու այնուհետեւ կմեկնեն Ստեփանակերտ, նրանք արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում են: Ստեփանակերտ այցելությունից հետո Մինսկի խումբը կրկին կլինի Երեւանում` տարածաշրջանային այցելությունները ավարտելով նորից Բաքվում:

Ստեփանակերտ այցելության առնչությամբ Բրայզան հայտարարեց, թե կարիք կա տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը: «Մենք պետք է բոլոր անձանց այնտեղ ավելի լավ ճանաչենք, պետք է հասկանանք նաեւ, թե ինչպես է վերաբերվում փաստաթղթին Ղարաբաղի ժողովուրդը: Պետք է ավելի լավ տեղեկատվություն ունենանք»:

Թե արդյոք համանախագահները պատրաստվո՞ւմ են կարգավորման փաստաթուղթը ներկայացնել Ստեփանակերտի իշխանություններին եւ արդյոք ղարաբաղյան կողմը ծանո՞թ է այդ առաջարկություններին` Բրայզան պատասխանեց, որ չգիտի եւ տեղյակ չէ: «Փաստաթուղթը մենք ներկայացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Դա նրանց տրամադրության տակ է: Մենքՙ համանախագահներս, Լեռնային Ղարաբաղ ենք մեկնում ավելի լավ ընկալելու Ղարաբաղի ժողովրդի ցանկությունները եւ գաղափարները»:

Երեկ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել են արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Նրանց ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ առաջիկա հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ եվրասիական հակամարտությունների գծով խորհրդատու Մայքլ Կարփենթերին ընդունել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում երկուստեք գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Քննարկում է ծավալվել հակամարտող կողմերի միջեւ դեռեւս առկա տարակարծությունների շուրջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4