«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Քրիստոնյաները փախչում են Իրաքից: Քրիստոնեության ապագան վտանգված է ոչ միայն այդ երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում, որտեղ Քրիստոսը ծնվել, ապրել ու գործել է», ասել է Եկեղեցիների ղեկավարների համաշխարհային խորհրդի անդամ, Հայ եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը «Էկյումենիկըլ նյուս ինտերնեշնըլ» թերթի թղթակցին տված հարցազրույցում: «Հավատը չի պակասել, բայց պատերազմի հետեւանքով առաջացած մահվան եւ ավերածությունների դեպքերը ստիպում են մարդկանց հեռանալ երկրից: Իմ 28-ամյա ծառայության ժամանակահատվածում Մ. Նահանգների ներխուժման այս տարիներն ամենադժվարն են եղել: Մարդիկ ամեն օր սպանվելու, առեւանգվելու կամ հարազատներ կորցնելու վտանգի տակ են ապրում», ավելացրել է նա պատմելով, թե ինչպես Մոսուլում Ասորական ուղղափառ եկեղեցու հովիվն ու Քաղդեական եկեղեցու 4 կրոնականներ սպանվել են հավատափոխ չլինելու համար:

Հարցազրույցը կայացել է Ժնեւում, որտեղ դեկտեմբերին արքեպիսկոպոսը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նիստերին, որոնցում քննարկվել է հակամարտությունների տարածքներում քրիստոնեական եկեղեցիների վիճակը: «Արմինյն միրոր սփեքթեյթրից» քաղված այս լրատվությունը նշում է նաեւ, որ քրիստոնյաներն այժմ Իրաքի 27,5 մլն բնակչության հազիվ 3 տոկոսն են կազմում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4