«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՌԻՎ Է

Նախագահական ընտրությունները խառնեցին ՍԻՄ-ի «անդորրը»

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության գրասենյակում երեկ ժամը 11-ից արտակարգ իրավիճակ էր, ինչին մի տեսակ արդեն սովոր էինք: Նախորդ տարվա սեպտեմբերին` ՍԻՄ կուսակցության 17-րդ համագումարից հետո սկսված բաբուխանյանական եւ խաչատրյանական վեճը, որը հասել էր դատական ատյաններ եւ մի տեսակ ժամանակավոր անդորրի բերել, երեկ կրկին պոռթկաց: Երեւանի Կենտրոն ոստիկանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի ղեկավարությամբ երեկ ոստիկանական խումբը Հայկ Բաբուխանյանի հետ եկել էր կուսակցության գրասենյակ` օգնելու Հայկ Բաբուխանյանին գոնե որպես կուսակցության փոխնախագահի (ինչի որոշումը դատարանն էր կայացրել) սեփական կուսակցության տարածք մուտք գործելու իրավունքն իրագործելու: Ներսում փակված Հրանտ Խաչատրյանը չհամաձայնեց դուռը բացել, ինչից հետո ոստիկանները հրավիրեցին Հայաստանի փրկարարական ծառայության աշխատակիցներին, որոնք էլ մի ժամվա ընթացքում կոտրեցին դռան փականն ու դուռը բացեցին:

11 ամիս առաջ 2007-ի փետրվարի 19-ին, նույն այս գործողություններն էին կատարվում կուսակցության գրասենյակի դռան առջեւ, սակայն տարբեր էին գործող անձինք: Դատարանի վճիռը ձեռքին` անցած տարի ԴԱՀԿ աշխատակիցների միջոցով կուսակցություն էր եկել Հրանտ Խաչատրյանը` փորձելով տեր կանգնել իր իրավունքին, այսինքնՙ վերադառնալ կուսակցություն որպես նախագահ: Դռան փականը կոտրելուց, կուսակցության գրասենյակ մտնելուց եւ Հայկ Բաբուխանյանին «հայրական» կամ «եղբայրական» ապտակ հասցնելուց հետո Հրանտ Խաչատրյանը բազմեց ՍԻՄ-ի նախագահի աթոռին: Ներկուսակցական վեճը հասավ դատարան, որի որոշմամբ Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ի նախագահ համարվեց, Հայկ Բաբուխանյանը` փոխնախագահ: Անցած տարի այս գործողություններին կրկին ներկա էր Երեւանի Կենտրոն ոստիկանության խումբը` գնդապետ Տարոն Բարսեղյանի գլխավորությամբ: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, ինչպե՞ս եւ ամենակարեւորըՙ ինչո՞ւ դեմքերն այսպես արագ փոխվեցին տեղերով:

Մինչ կուսակցության գրասենյակի դռան փականի կոտրումն ու բացումը Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ Հրանտ Խաչատրյանն ու «նրա մի քանի սպասավորները» ապօրինաբար բռնագրավել են իրենց ընդհանուր կուսակցության գրասենյակը, մինչդեռ կուսակցականները եւ ինքը` որպես փոխնախագահ, եկել են աշխատելու եւ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց անելիքները որոշելու: Շաբաթ օրը գրասենյակ այցելած Հայկ Բաբուխանյանն այդպես էլ չէր կարողացել ներս մտնել ու երեկ արդեն ոստիկանների ուղեկցությամբ էր եկել: «Կուսակցականները եկել են մասնակցելու կուսակցության միջոցառումներին, կուսակցությունը որոշելու է, թե առաջիկա ընտրություններին ում է պաշտպանելու: Մենք օրինական 17-րդ համաժողով ենք անցկացրել, բայց Խաչատրյանը փախավ կուսակցության համագումարից, փախչող նախագահը, հրաժարական տված նախագահը 6 ամիս հետո մի դատական վճիռ է կարողացել բերել, որով ինքը նախագահն է, ես էլ փոխնախագահը, եւ ես հիմա էդ վճիռն եմ ուզում իրականացնել», ասաց Բաբուխանյանը` միաժամանակ վրդովված նշելով, թե կուսակցությունը միահամուռ պիտի որոշիՙ ում թեկնածությունը պաշտպանել առաջիկա ընտրություններին, եւ պետք չէ միանձնյա հայտարարություններ անել: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Հրանտ Խաչատրյանը հայտարարել էր, թե ՍԻՄ-ը պաշտպանելու է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Հրանտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում որեւէ մեկնաբանություն չհասցրեց տալ, միայն հայտնեց, որ առավոտյան ինքը դատախազությանը իր գործունեության հիմքերն ամրագրող մի դիմում է տվել: «Պիտի փաստաբան հրավիրեմ. մտադրությունը հետեւյալն է, վերաքննիչի վճռով, որով վերադարձանք այստեղ, Հայկ Բաբուխանյանն ու Գեղամ Գրիգորյանը պետք է զբաղեցնեն 2007-ի սեպտեմբերի 17-ի դրությամբ ունեցած աշխատասենյակները», ասաց Հրանտ Խաչատրյանը:

Շատ դժվարությամբ մտնելով գրասենյակ, երբ ոստիկանությունը դեռ գույքագրում էր կատարում, հարեւան սենյակից, որտեղ լրագրողներիս չթողեցին մտնել, աղմուկ բարձրացավ: Պարզվեցՙ Հրանտ Խաչատրյանն այս անգամ արդեն բռունցքով հարվածել է Հայկ Բաբուխանյանին: Դրանից հետո Հրանտ Խաչատրյանը ոստիկանության ուղեկցությամբ տարվեց ոստիկանություն եւ չի բացառվում, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի: Նրանից հետո ոստիկանություն գնաց նաեւ Հայկ Բաբուխանյանը` որպես տուժող ցուցմունք տալու:

Երեկոյան արդեն Հայկ Բաբուխանյանն «Ազգին» հայտնեց, որ իրենք խորհրդի նիստ են արել եւ պատրաստվում են համագումարի, որի ժամանակ կորոշեն նախագահի որ թեկնածուին պաշտպանել: Խորհրդի նիստը որոշել է կասեցնել Հրանտ Խաչատրյանի անդամությունը կուսակցությանը:

Կպահպանվեն նաեւ թերթերը` «Իրավունքը» եւ ՍԻՄ վեճից հետո ստեղծված «Իսկական իրավունքը»:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ, Հովհաննես Գալաջյանը վերականգնվել էր «Իրավունքի» գլխավոր խմբագրի պաշտոնում, իսկ կուսակցության նախագահության անդամ Գեղամ Գրիգորյանը` գործադիր տնօրենի պաշտոնում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4