«Հայ կամավորականների համախմբման» համակարգող խորհուրդը, գիտակցելով հանդերձ, որ ապագա Հայաստանի կերտման իրենց պատկերացումները որոշակիորեն տարբերվում են Տեր-Պետրոսյանի մոտեցումներից ու ծրագրերից, զորակցելու է նրան` համոզված լինելով, որ ներկա վարչախմբի ճիրաններից ազատվելուց հետո միայն կարող են իրականացնել իրենց գաղափարական նպատակները: Այսպիսի կոչով հանդես եկան հայ կամավորականները «Արմենիա-Մարիոթում» հրավիրված երեկվա ասուլիսի ժամանակ:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանիՙ ղարաբաղյան հարցում փոխզիջման տարբերակին, որին դեմ էր Ժիրայր Սեֆիլյանը, «Ազգի» հետ զրույցում «Հայ կամավորականների համախմբման» խորհրդի անդամ Սամվել Հարությունյանը տվեց իր պարզաբանումը. «Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը գալիս է մաքրելու «ավգյան» ախոռները, վերելքի ճամփան ընտրելու եւ այլն... փոխզիջումների վերաբերյալ չի ասել կարծիք: Ինչ ասել է փոխզիջում եւ որն է փոխզիջումների այն սահմանը, որին կարող է մեր ժողովուրդը գնալ: Կարեւորագույն բանը, որ հայ ժողովուրդը մեր հայրենիքում դառնա վճռորոշ գործոն, երբ որ գործոն լինենք, ժողովուրդը ինքը կորոշի` ինչպես վարի բանակցությունները, ինչ փոխզիջումների կարելի է գնալ: Թե՛ Սեֆիլյանի, թե՛ իր գաղափարական մարտական ընկերների տեսակետները միանշանակ հայտնի են, որ չի փոխվել, վստահ եմ, չեն էլ փոխվելու: Գտնում ենք, որ ընդհանրապես թուրքերին, կոնկրետ դեպքումՙ Ադրբեջանին զիջելու բան չունենք: Մենք պահանջատեր եղել ենք, կանք ու պետք է մնանք: Աստված տա այնքան ուժեղանա մեր երկիրը, որ կարողանանք մեր արդար դատը իրականացնել հնարավորություններ ձեռք բերելու, ինչո՞ւ չէ, ընդարձակել հայրենիքի այսօրվա սահմանները: Մենք վստահ ենք, որ գալու է պահը եւ աշխարհը նույնպես ստիպված հաշվի է նստելու մեր ժողովրդի արդար պահանջի հետ: Այն է` պատմական հայրենիքում ապրելու, հարատեւելու եւ այդ հայրենիքը կերտելու հնարավորություն ունենալը: Այսօրվա հավաք-ասուլիսի նպատակը հայ կամավորականների պաշտոնական տեսակետը ներկայացնելն է նախագահական ընտրությունների վերաբերյալ` զորակցելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վստահաբար գտնում ենք, որ այդ համաժողովրդական շարժումը օրեցօր ավելի է ուժգնանալու, եւ մեր ժողովրդի հավաքական կամքի արդյունքում վերջապես երկիրը ունենալու է ազգային իշխանություն»:
Իր տեսակետը ներկայացրեց նաեւ «Հայ կամավորականների համախմբման» խորհրդի անդամ Արմեն Եղյանը. «Ինչքան գաղափարական տարաձայնություններ ունենք Տեր-Պետրոսյանի հետ ազգային հարցերում, Ղարաբաղի խնդրի լուծման հարցում, պետականաշինության հարցում, այնուամենայնիվ լրջությունը, որ այսօր առաջնային է` պետք է պետության կայացման խնդիրը լուծել, պետականաշինությամբ առաջին հերթին զբաղվել: Մենք գտնում ենք, որ Արցախի խնդրի լուծումը ոչ այսօր, ընդհանրապես ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ակտուալ չէ եւ ոչ էլ իրատեսական: Խնդիրը դեռ ընթացք ունի առաջ գնալու: Տեր-Պետրոսյանը 2008-12-ին իր ծրագրերում պարտավորվել է համախառն ներքին արտադրանքը ավելացնել մեկ անգամ, բյուջենՙ երեք անգամ, կենսաթոշակներըՙ չորս անգամ, եւ այս համատեքստում չի նշում Արցախի խնդրի լուծումը` շրջափակման պայմաններում, շրջափակման խնդիրը չլուծելու պայմաններում: Ինքը նման պարտավորություններ իր վրա վերցնում է եւ գտնում է, որ առկա ռեսուրսներ երկրում կան. այսինքնՙ Արցախի հարցը ակտուալ լուծման մեջ չի տեսնում: Դա մոտակա տարիներին լուծվող խնդիր չէ: Այսօր հարկավոր է իշխանությունը վերադարձնել ժողովրդին, մենք կողմ ենք նրան եւ նրա մեջ վճռականություն տեսնում ենք, որ ունակ է այդ խնդիրը լուծելու, ինքն ունի ամենամեծ գործիքը, զենքը, որի անունը ժողովուրդն է»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ