Արցախում տարեսկզբին սկսված եւ այս օրերին դեռեւս շարունակվող սառնամանիքներն աննախադեպ են ամենից առաջ իրենց տեւականությամբ: Առայժմ դժվար է անգամ մոտավոր ասել, թե ինչքան են կազմում սառնամանիքի պատճառած վնասները: Ամենաշատ տուժածը, թերեւս, գյուղատնտեսությունն է լինելու: Ղարաբաղում խաղողի վազերը հողածածկելու սովորություն չունեն, որովհետեւ այստեղ կլիման համեմատաբար մեղմ է: Մրգատու ծառերը եւս, հատկապես ջերմասեր տեսակները, ցրտահարվելու վտանգի տակ են, եթե արդեն չեն հասցրել ցրտահարվել: Դեռեւս ցուրտ հոսանքների տարածաշրջան ներթափանցելու առաջին օրերին ԼՂՀ գյուղնախարարի տեղակալ Վլադիմիր Զաքիյանը հանդես գալով Արցախի հանրային հեռուստատեսությամբ, այգեգործությամբ զբաղվողներին համապատասխան խորհուրդներ էր տվել, մասնագիտորեն բացատրելով, թե ինչ պետք է անել ծառերի ցրտահարումը կանխելու համար:
Եթե շրջաններում սառնամանիքի վնասները դրսեւորվել են հիմնականում գյուղատնտեսական ոլորտում, ապա մայրաքաղաք Ստեփանակերտում ցուրտը դժվար կացություն է ստեղծել առանձնապես ջրամատակարարման եւ էներգամատակարարման համակարգերում: Անցանկալի հետեւանքների կանխարգելման ու դրանց վերացման նպատակով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեռեւս հունվարի սկզբին իր մոտ հրավիրել էր ընդարձակ խորհրդակցություն` շահագրգիռ բոլոր կառույցների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Խնդրո առարկայի կապակցությամբ հրատապ խորհրդակցություններ են հրավիրվել նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ: Այդուհանդերձ, Ստեփանակերտում վերջին օրերին, մասնավորապես, ջրամատակարարման ոլորտում աննախանձելի կացություն է ստեղծվել: Խորհրդային ժամանակներից, նաեւ նախորդ կառավարությունից ժառանգություն մնացած հին եւ անորակ ջրատարների մի մասը պայթել է, մեծ մասը` պարզապես սառչել: Ստեփանակերտում առաջացել է ջրի ճգնաժամ: Նորոգումներին զուգահեռ, բնակչության ջրի պրոբլեմը մեղմելու նպատակով տեղական իշխանությունները սկսել են թաղամասերին ջուր մատակարարել հրշեջ մեքենաներով: Իրավիճակի վրա բացասաբար է ազդել նաեւ քաղաքացիների անփութությունը: Թեպետ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրենությունը ժամանակին զգուշացրել էր տանիքների տակ եւ առանձնատների բակերում տեղադրված անհատական ջրատարողությունները դատարկելու անհրաժեշտության մասին, շատերը դրան արձագանքել են միայն ջրատարողությունները սառչելուց, իսկ ոչ հազվադեպ էլ` դրանց պայթելուց հետո:
Այն բնակարաններում, որտեղ անհատական ջրատարողություններ չկան կամ դրանք ժամանակին դատարկվել են, դարձյալ ջրի ճգնաժամն առկա է, որովհետեւ ջուրը մատակարարվում է լավագույն դեպքում օրումեջ, շուրջ մեկ ժամ տեւողությամբ: Բաղնիքներում, առանձնապես էլեկտրականությամբ ջեռուցվող կաթսաները հնարավոր չէ տաքացնել այդքան կարճ ժամանակահատվածով ջուր մատակարարելու դեպքում, եւ պարզապես անհասկանալի է, թե ինչու «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը չի փորձում գոնե այս օրերին երկարաձգել ջրամատակարարման ժամանակացույցը, մանավանդ թվում է` ջրի պաշարի խնդիր ներկա դրությամբ չկա:
Մայրաքաղաքում հաճախակի են դարձել նաեւ էլեկտրաէներգիայի խափանումները: Ստեփանակերտում բնակարանները տաքացվում են մեծ մասամբ էլեկտրաջեռուցիչներով, ենթակայանները չեն դիմանում բարձր ծանրաբեռնվածությանը: Էլցանցի աշխատողները, վարչապետի անմիջական հանձնարարությամբ, աշխատում են գերլարված ռեժիմով:
Վիճակը մխիթարական չէ նաեւ երթեւեկության ոլորտում: Քաղաքի փողոցներն ու մայթերը, ժամանակին ձյունը չմաքրելու պատճառով, շատ տեղերում սառցակալել են, Ստեփանակերտի ռելիեֆի առանձնահատկության պայմաններում դրանք հաճախ դժվար անցանելի են դառնում թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ հետիոտների համար:
Այս ամենի մեջ միակ մխիթարականն այն է, որ օդերեւութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին եղանակը կմեղմանա: Բոլոր դեպքերում, սակայն, չպետք է մոռանալ սառնամանիքի դժվար դասերը, որպեսզի հետագայում կարողանանք առավելագույնս կազմակերպված դիմակայել եղանակի քմահաճույքներին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ